...

Նիկոլ Փաշինյան․ Լենինյան ուղիով

Նիկոլ Փաշինյան․ Լենինյան ուղիով

Արագածոտնի մարզում առաջին հայացքից ոչ այնքան կարևոր մի իրադարձություն է տեղի ունեցել, որը, սակայն, վկայում է Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական «նոր մարտավարության» մասին և դրանով իսկ չափազանց կարևոր է։ 

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Թալին խոշորացված համայնքի՝ տեղական մասշտաբով բավականին բարձրաստիճան ՔՊ-ական պաշտոնյան այնպես է ծեծել մի հիվանդ անչափահասի, որ նրան վիրահատել են, բնակիչները ճանապարհ են փակել, շրջապատել այդ պաշտոնյայի տունը ու պահանջել պատասխանատվության ենթարկել նրան, մի քանի տասնյակ ոստիկաններ էլ օգնության են հասել ՔՊ-ական պաշտոնյային․․․ Մի խոսքով՝ սովորական պատմություն։ Բայց իշխանական լրատվամիջոցներից մեկն անմիջապես «մանրամասներ» է ներկայացրել, ըստ որոնց՝ համայնքի ՔՊ-ական իշխանությունները հրաժարվել են կաշառք վերցնել, տեղի «ունևորներն» էլ (բնականաբար՝ հիմնականում նախկինները) դրանից կատաղել են, որոշել վրեժ լուծել, հիվանդ անչափահասին ուղարկել են, որ հարձակվի ՔՊ-ական պաշտոնյայի վրա, բայց այդ սաստիկ սկզբունքային պաշտոնյան «դիմել է ինքնապաշտպանության» և «կանխել սադրանքը», դրա համար էլ տեղի «փողի աղանդը» անցել է ցույցերի։

Իսկ ինչո՞ւ է այս միջադեպն այսքան կարևոր։ Բանն այն է, որ իշխանությունների և հատկապես ուժայինների՝ վերջին շրջանում ավելի ու ավելի ակնհայտ դարձած «բեսպրեդելը» կարող է երկրով մեկ բողոքի մեծ ալիք կամ սոցիալական բունտ բարձրացնել, և իշխանություններին անհրաժեշտ է ցանկացած այդպիսի միջադեպ ներկայացնել որպես «ունևորների» և «աղքատների» դասակարգային պայքար։ Որևէ «հեղափոխական իշխանություն», որը գիտակցաբար պարտության և նվաստացման է ենթարկում սեփական երկիրը, դավաճանի պիտակից խուսափելու այլ տարբերակ, քան երկրի ներսում «դասակարգային պայքար» հրահրելը, պարզապես չունի։ Սրա լավագույն օրինակը Լենինի «բոլշևիկյան հեղափոխությունն» էր, երբ նա, սեփական երկրի բանակը քայքայելով ու արտաքին թշնամու փոխարեն զենքը «ներքին թշնամու» դեմ ուղղելու կոչերով զավթեց իշխանությունը, ապա այդ իշխանությունը պահպանելու համար սկսեց ոչնչացնել «ունևորներին» ու «կուլակներին»՝ որպես սեփական հենարան ընտրելով չքավոր գյուղացիությանն ու «պրոլետարիատին», որը «ոչինչ չուներ կորցնելու՝ շղթաներից բացի» (պետություն, հայրենիք-բան՝ դրանք հեչ)։ 

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հիմա նույն ճանապարհով է գնում։ Քանի որ ինչպես ցանկացած այլ հասարակության մեջ, այնպես էլ մեզանում սեփական բարեկեցությունն ու «խախանդ կյանքը» ամեն ինչից վեր դասողները մեծամասնություն են՝ որոշ ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարող էր հենվել այդ մեծամասնության վրա ու պահպանել իշխանությունը՝ խաբելով, թե «ոչինչ, դժգույն-դժբախտ սարերը կտանք, լավ կապրենք»։ Բայց այդ ռեսուրսը սպառվում է, որովհետև այդ մեծամասնությունը տեսնում է, որ Նիկոլը «դժգույն-դժբախտ սարերը» (և ոչ միայն) տալիս է, բայց օրեցօր ավելի ու ավելի լավ են ապրում միայն ՔՊ-ականները, իսկ իրենց վիճակը գնալով վատանում է։ Պարզ ասած՝ դա արդեն չի աշխատում, և անհրաժեշտ է գտնել նոր մեծամասնություն։ Ու այդպիսի մեծամասնություն կա․ աղքատ մարդիկ միշտ ավելի շատ են, քան ունևորներն ու «կուլակները», և նրանց նկատմամբ աղքատ մեծամասնության ատելությունն էլ երբեմն ավելի մեծ է, քան արտաքին թշնամու նկատմամբ։ Այստեղից էլ՝ բողոքի ցանկացած ալիք որպես «հասարակ ժողովրդի» դեմ «ունևորների» կազմակերպած դավադրություն ներկայացնելու հրահանգը, որովհետև այդ դեպքում նույնպես «չքավոր մեծամասնության» համակրանքը Նիկոլի կողմը կլինի։

Կհասկանա՞ արդյոք հասարակությունն այս պարզունակ մանիպուլյացիան ու դրա աղետալի հետևանքները։ Հազիվ թե, որովհետև ցավոք՝ ինչպես ցանկացած այլ հասարակության մեջ, այնպես էլ մեզանում չհասկացողներն ավելի շատ են, քան հասկացողները, և դա, ի դեպ, նույնպես կայուն մեծամասնություն է։

Մարկ Նշանյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   825 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ