...

Նիկոլ Փաշինյանի ամանորյա «մտածումը»

Նիկոլ Փաշինյանի ամանորյա «մտածումը»

Շատերը Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը չեն լսել, ու վստահաբար՝ ճիշտ են արել։ Չարժեր փչացնել ամանորյա տրամադրությունը, որովհետև այդ ուղերձը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ մեղմ ասած՝ պարզունակ պատկերացումներ ունի երկրի ղեկավարը ստեղծված վիճակի և դրանից դուրս գալու ուղիների մասին։

Ուղերձի «հուզական մասը» մի կողմ թողնենք։ Նախկինում եղել են, չէ՞, դեպքեր, որ, ասենք, որևէ խմբագրի մեքենան այրել են, հետո փողը տվել են, ու թեման փակվել է։ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մի հատվածը հենց այդ տրամաբանության մեջ էր՝ դե հիմա ոչինչ, որ հազարավոր երիտասարդներ են զոհվել, ֆինանսապես կաջակցենք, որ նոր զավակներ ծնվեն, Արցախին անցած տարի 267 միլիոն դոլար ենք տվել՝ այս տարի 300 միլիոն ենք տալու, և այլն, այնպես որ՝ եկեք անունը դնենք «Վերածնունդ» ու թեման փակենք։

Շատ ավելի կարևոր էին Նիկոլ Փաշինյանի պատկերացումները անվտանգային խնդիրների վերաբերյալ։ Բանից պարզվում է՝ նա ինքը գերադասում է Հայաստանի գլխին իր բերած աղետն անվանել «մեր հայրենիքի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականություն»։ Իսկ ինչպե՞ս է պատկերացնում անվտանգության ապահովումը։ Շատ պարզ․ «անվտանգության ապահովման ամենահուսալի միջոցը խաղաղությունն է»։ Հասկացա՞ք։ Այսինքն՝ եթե խաղաղություն լինի, մեր անվտանգությանը ոչինչ չի սպառնա։ Ո՞ւմ մտքով կանցներ։ Նույն հաջողությամբ նա կարող էր հայտարարել, օրինակ, որ առողջության ապահովման ամենահուսալի միջոցը չհիվանդանալն է, սովի դեմ պայքարի ամենահուսալի միջոցը հաց ուտելն է, և այլն։ 

Բայց չկարծեք, թե Նիկոլ Փաշինյանը բավարարվում է միայն խորախորհուրդ հայտնագործություններով ու ոչ մի գործնական քայլ չի առաջարկում։ Առաջարկում է, ընդ որում՝ միանգամից երկուսը։ Առաջինը բանակի «բարեփոխումն» է (հիմա դրան այդպես են ասում)։ Ժամկետային ծառայությունը կամաց-կամաց պիտի վերանա՝ «վերակերպվելով մարտական պատրաստականության պարտադիր հավաք-վարժանքների»։ Երկրորդը՝ «մեր խնդիրն է ժողովրդավարությունը, ժողովրդավարական համարումը դարձնել իրական գործոն մեր երկրի անվտանգության համար»։ Մի խոսքով՝ մենք պիտի ժամկետային զինծառայությունը վերացնենք, ունենանք փոքրաթիվ բանակ «կանանց ավելի ու ավելի շատ ներգրավմամբ», համարվենք ժողովրդավարական երկիր, և վերջ, մեր անվտանգությունն ապահովված է։ Ո՞ր մի ավտորիտար երկիրը կհամարձակվի պատերազմ սկսել ժողովրդավարական համարում ունեցող երկրի դեմ։ Քաղաքակիրթ աշխարհը միանգամից այնպիսի աղմուկ կբարձրացնի, որ ագրեսորը ներողություն կխնդրի ու ետ կքաշվի։ Իսկ 44-օրյա պատերազմը «հաշիվ չի»։ Այն ժամանակ աշխարհը դեռ մինչև վերջ տեղը չէր բերել, թե ինչ ավտորիտար ռեժիմ էր Ադրբեջանում և ինչ ահավոր ժողովրդավարական երկիր էր Հայաստանը, մեր բանակը հիմնված էր «հին» ժամկետային զինծառայության վրա, կանայք էլ բանակում լուրջ դերակատարում չունեին («բունկերից» բացի)։ Իսկ հիմա իրավիճակը փոխվել է, որովհետև «ժողովրդավարական արժեքներին Հայաստանն իր նվիրվածությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց 2021 թ հոկտեմբեր-դեկտեմբերին՝ ՏԻՄ ընտրություններում»։ Պատկերացրեցի՞ք Նիկոլ Փաշինյանի մտավոր ունակությունների մակարդակը։ Մարդը համարում է, որ ժողովրդավարությունը մեր արտաքին անվտանգության կարևորագույն բաղադրիչն է, ու միաժամանակ ՏԻՄ ընտրություններում հաղթած ընդդիմադիրներին նույն օրը ձեռնաշղթաներով քարշ է տալիս ոստիկանություն։

Որովհետև, իր պատկերացմամբ, բոլոր մարտահրավերներին մեր արձագանքը պիտի լինի «մտածումը, աշխատանքը, ջանքը»։ Ինքն ի՞նչ մեղավոր է, որ իր «մտածումը» նման արդյունքներ է տալիս։ Ընտրել եք՝ համակերպվեք։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3804 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ