...

Նիկոլ Փաշինյանի «ինստիտուցիոնալ նյու վասյուկին»

Նիկոլ Փաշինյանի «ինստիտուցիոնալ նյու վասյուկին»

Մեծ հաշվով՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ծրագիրն ու պատկերացումները հասկանալի են։ Ինքը հրաժարվում է արցախահայության ճակատագրի համար որևէ պատասխանատվությունից, նրանց կոչ է անում «ինտեգրվել» Ադրբեջանին, համարում է, որ դրանից հետո Հայաստանին հանգիստ կթողնեն, և ինքն այս «29,8 հազար քառակուսի կիլոմետրի վրա ինստիտուցիոնալ բարեփոխումներով նոր որակի պետություն կստեղծի»։ Մի խոսքով՝  «Արցախը տալուց հետո մեզ հանգիստ են թողնում, կառուցում եմ նորմալ երկիր»։ 

Երկու քայլանոց այս «ծրագիրն» ընդամենը երկու թերություն ունի։ Առաջին՝ Արցախը տալուց հետո մեզ հանգիստ չեն թողնելու, երկրորդ՝ ինքը չի կարողանալու նորմալ երկիր կառուցել։ Ընդ որում՝ երկու պնդումներն էլ ակնհայտ են և հեշտությամբ ապացուցվում են։ 

Սկսենք «Արցախը տալուց հետո մեզ հանգիստ են թողնելու» թեզից։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Ադրբեջանն արդեն պետական մակարդակով Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», Ջերմուկն անվանում է «բուն ադրբեջանական Իստիսու քաղաք», որն իրենց ուղիղ նշանառության տակ է, և «հայերը փախչելու տեղ չունեն», Ալիևը բաց տեքստով ասում է, որ ուժով բացելու է «Զանգեզուրի միջանցքը», իրենք «վերադառնալու են Զանգեզուր, Բասարգեչար ու Բոյուք Վեդի», և այլն։ Խնդիրն այն է, որ դա ոչ թե դատարկ հռետորաբանություն է, այլ ծրագիր, որի իրականացման համար Ադրբեջանն ունի և՛ ռեսուրսներ, և՛ դաշնակիցներ, և՛ մշակված ճանապարհային քարտեզ, ու դրա իրականացման ճանապարհին «Արցախը հանձնել-չհանձնելն» էական դերակատարում չի ունենալու։ Առավել ևս՝ որ իրենց կարծիքով, ոչ թե մենք ենք հանձնում, այլ իրենք են վերցնում։

Անցնենք «ինստիտուցիոնալ բարեփոխումներով նոր որակի երկիր կառուցելուն»։ Լո՞ւրջ։ Եվ դա Նիկոլ Փաշինյա՞նը պիտի անի։ Իսկ գուցե նախապես բացատրի՞, թե ինչ կապ ունի «նոր որակի երկրի» հետ, ասենք, թանկարժեք լողափերում «տժժացող» Ալեն Սիմոնյանը՝ իր մի քանի հարյուր հազարանոց ծառայողական մեքենայով, մուլտիմիլիոնատեր «մանկության ընկերներով» ու ասֆալտ փռող եղբորով, ի՞նչ կապ ունեն «նոր որակի երկրի» հետ թիվ մեկ «պլանավորող» Տիգրան Ավինյանը, էկոնոմիկայի գրոտեսկային նախարարը, փեսա Միշիկի՝ արդարադատության նախարար դարձած եղբայրը, ՆԳ նախարար դարձած «զեմլյակը», ԿԸՀ նախագահ դարձած նախկին չհաջողված լրագրողը, ԱՄՆ-ում դեսպան դարձած «անգլերենի դասատուն», ԱԺ դահլիճում սրան-նրան քացի տվող էն կլոր բանը, «բարեխիղճ գործարար» դարձած օլիգարխները․․․ Կամ ենթադրենք՝ ինչ-որ կերպ բացատրեց։ Ասենք՝ «հիմնավորեց», որ «գիտե՞ք ինչ, քանի որ ես ուզում եմ ամեն ինչ քանդել ու նորից սարքել, ինձ պետք են այնպիսի կադրեր, որոնք ոչ անցյալ կունենան, ոչ մարդկային և բարոյական արժեքներ, որոնք թաղված կլինեն մարդկային բոլոր արատների մեջ ու թպրտալու տեղ չեն ունենա, հետևաբար՝ շան նման կծառայեն ինձ ու կկատարեն իմ բոլոր հրամանները, և ես հատուկ հենց մարդկային այդ տեսակին եմ բերել իշխանության՝ լավ իմանալով նրանց էությունը․․․»։ Բայց մարդկային այդ «սորտով» ի՞նչ նորմալ պետություն։ Ինչքան ուզում է՝ լավ գաղափար ու ճարտարապետական նախագիծ լինի, միևնույն է՝ հնարավոր չէ չորացրած աթարի աղյուսներով դղյակ կառուցել։ Առավել ևս, որ նախագիծն էլ ոչ թե դղյակի է, այլ շատ-շատ՝ բանուկ խաչմերուկում լավից-վատից աշխատող «վետերոկի»։ 

Հասկանալի է, որ ժամանակին Գառնու տաճարը «հռոմեական հավաբուն» անվանածը, իշխանության հասնելով, հենց այդպես պիտի պատկերացներ «հայկական խաչմերուկը», բայց պրոբլեմն այն է, որ նա նույնիսկ իր պատկերացրած «վետերոկը» չի կարողանալու ստեղծել։ Որովհետև մեզ հանգիստ չեն թողնելու։ Դա դեռ պետք է վաստակել, իսկ վաստակելու համար առաջին հերթին մտածելու կարողություն է պետք։ Եվ ոչ թե ճարտար լեզու՝ ուղեղի բացակայության հետևանքների պատասխանատվությունն այլոց վրա բարդելու համար։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   807 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ