...

Նիկոլ Փաշինյանի մտասևեռումը՝ կապիտուլյացիա հանուն փրկության

Նիկոլ Փաշինյանի մտասևեռումը՝ կապիտուլյացիա հանուն փրկության

Սեփական ապիկարությունը քաղաքական հաղթաթուղթ դարձնելու համար առանձնահատուկ ցինիզմ է պետք, և Հայաստանի այսօրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, լիուլի օգտվում են իրենց այդ անսահմանափակ ռեսուրսից։ Նրանք հիմնահատակ փլուզել են պետության անվտանգության բոլոր համակարգերը, երկիրը վերածել փալասի, որի վրա ով ասես կարող է մաքրել ոտքերը, ու հարկ եղած դեպքում հոխորտում են իրենց քաղաքական ընդդիմախոսների վրա՝ հաղթականորեն «շրխկացնելով» իրենց կարծիքով ընդդիմությանը փակուղի մտցնող հարցը․ «իսկ դուք այս իրավիճակում ի՞նչ կանեիք իշխանությունների փոխարեն»։ Ենթատեքստը հասկանալի է․ իբր՝ երկիրն այնպիսի խղճուկ վիճակում է, որ Նիկոլի փոխարեն ով էլ լինի՝ ստիպված է լինելու ծեծ կերածի և նոր ծեծից վախեցողի նույն փսլնքոտ քաղաքականությունն իրականացնել, հետևաբար՝ իշխանափոխությունը ոչինչ չի տա և անիմաստ է։ 

Հարցի բարոյական կողմը դեռ հանգիստ թողնենք, թեև հասկանալի է, որ եթե ինչ-որ մեկը երկիրն անդունդի եզրին է հասցրել ու ասում է, որ իր փոխարեն ով էլ գա՝ հետագա ընթացքը նույնն է լինելու, ուրեմն պիտի անմիջապես փասա-փուսան հավաքի, չքվի իշխանությունից ու թույլ տա, որ ուրիշները երկիրը տանեն «հետագա նույն ընթացքով»։ Որովհետև եթե մեկը հարբած նստել է ղեկին, մեքենան ջարդուփշուր արել ու հաղթականորեն հայտարարում է, թե «վերջ, էս ավտոն էլ բանի պետք չի, մնում է որպես «զապչաստ» մաս-մաս ծախենք», եթե անգամ դա ճիշտ է՝ միևնույն է, «որպես «զապչաստ» մաս-մաս ծախելու» գործընթացն ում ասես կարելի է վստահել՝ բացի հարբած վարորդից։ 

Բայց Հայաստանի Հանրապետություն կոչվող մեքենան, բարեբախտաբար, դեռ հնարավոր է փրկել։ Դրա առաջին և կարևորագույն նախապայմանը հետևյալն է՝ «քանդելն ու մաս-մաս վաճառելը» չդիտարկել որպես միակ հնարավոր լուծում։ Բայց Նիկոլ Փաշինյանը, ցավոք, հենց դա է ընկալում որպես միակ լուծում ու այդ տրամաբանությամբ էլ գործում է։ Ընդ որում՝ այդ տրամաբանությունն ակնհայտորեն չի աշխատում, «Արցախը տանք, որ Հայաստանը փրկենք» տխմարության վրա Ադրբեջանը հռհռում է՝ բանակցային օրակարգ խցկելով «1919-20 թվականների պատմական քարտեզներն» ու «Արևմտյան Ադրբեջանի» հարցը, իսկ Նիկոլ Փաշինյանը ձևացնում է, թե ճիշտ է, ինչ պահանջում են՝ զիջում է, բայց «կարմիր գիծ» այնուամենայնիվ ունի, և դա Հայաստանի 29,8 հազար քառակուսի կմ տարածքն է։ Իյա, իրո՞ք։ Բա եթե դա «կարմիր գիծ» էր, ինչո՞ւ էիք հայտարարում, թե «բա հո Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չե՞նք սկսելու», ինչո՞ւ Ջերմուկի ուղղությամբ ագրեսիայից ու 150 քառակուսի կմ կորցնելուց հետո չդադարեցրեցիք բանակցային գործընթացը, ինչո՞ւ եք անընդհատ խոսում ամայի սարերի մասին, այն մասին, որ մեր բանակը ոչ թե տարածք պաշտպանելու համար է, այլ բնակչությանը․․․ «Կարմիր գիծը» հենց այն է, որ երբ հատում են՝ պայքարում ես բոլոր միջոցներով, և ոչ թե ասում ես «դե լավ, սիրուն բան չարեցիր, բայց ոչինչ, աշխատի մյուս անգամ չանես»։ 

Հիմա՝ այն մասին թե ինչ է պետք անել։ Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակից միակ ելքը համարում է մինչև վերջ պարտվելը, այսինքն՝ լիակատար և վերջնական պարտությունը համարում է իր հիմնական նպատակը։ Ու բնականաբար՝ մերժում է վերջնականապես չպարտվելու և ինչ-որ բան փրկելու ցանկացած հնարավորություն, որովհետև դա կխանգարի իր նպատակին։ Նրա «սև ու սպիտակ մտածողության» համար միջանկյալ տարբերակներ չկան, եթե մտասևեռվել է, որ «միայն կապիտուլյացիայով կա հային փրկություն»՝ ամեն ինչ անելու է և անում է, որպեսզի կապիտուլյացիան լինի վերջնական և անդառնալի։ Ընդ որում՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե «ազգովի դառնանք ֆիդայի»-ն սրա հակադիր մտասևեռումն է, թեև երկու դեպքում էլ վերջնարդյունքը մոտավորապես նույնն է լինելու։

Իսկ միջանկյալ տարբերակը՝ գնալ հնարավորինս պակաս ցավոտ լուծումների ճանապարհով և փորձել փրկել այն, ինչը գուցե դեռ հնարավոր է փրկել, մեզանում հարգի չէ։ Որովհետև քարոզչական տեսանկյունից «սիրուն չի նայվում»։ Այ հենց որ հասարակության մեծամասնությունը գիտակցի պետական շահի և «սիրուն նայվող քարոզչության» տարբերությունը, հնարավոր կլինի այս վիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով։ Հետևաբար՝ ցանկացած քաղաքական առողջ ուժի թիվ մեկ խնդիրը պիտի լինի այդ գիտակցության արմատավորումը։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   741 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ