...

Նիկոլ Փաշինյանի «պաշտոնեական անփութության» թղթապանակը

Նիկոլ Փաշինյանի «պաշտոնեական անփութության» թղթապանակը

Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ քրեական գործեր հարուցելով և մեղադրանքներն ամենայն մանրամասնությամբ հասարակությանը ներկայացնելով՝ Նիկոլ Փաշինյանը կարողացավ հասնել իր հիմնական նպատակին։ Այն է՝ պարտության մեղավորների փնտրտուքը տեղափոխել կոնկրետ ռազմական գործողությունների ընթացքում կատարված սխալների հարթություն։ 

Հանրային գիտակցության վրա ազդելու տեսանկյունից սա շատ արդյունավետ է։ Նիկոլ Փաշինյանն անձամբ կամ իր խոսնակների միջոցով ասում է «դե պետության ղեկավարը հո մարտ չէ՞ր ղեկավարելու», զուգահեռաբար ներկայացնում են այն սխալները, որ թույլ են տվել գեներալները կոնկրետ ռազմական գործողությունների ժամանակ, մարդիկ էլ մտածում են՝ «հա, դե Նիկոլը ճիշտ ա ասում, էլի, ինքն ի՞նչ մեղավոր ա, գեներալներն էին փնթի, ապաշնորհ, կոռումպացված, դավաճան․․․»։ Ու քարոզչական այս սխեման աշխատում է, առավել ևս՝ որ որոշ գեներալների դեպքում այդ պնդումները հեռու չեն ճշմարտությունից։

Բայց պետության ղեկավարի պարտականությունները շատ ավելի կարևոր են։ Այո, ռազմական գործողություններ ղեկավարելը նրա գործը չէր, նրա գործը պատերազմը կանխելն էր։ Կամ, եթե դա հնարավոր չէ, նա պարտավոր էր պետությունը նախապատրաստել անխուսափելի պատերազմին։ Ուժեղացնել բանակը, ամրապնդել հարաբերությունները դաշնակիցների հետ և փորձել նոր դաշնակիցներ գտնել, համախմբել հասարակությանը և այլն։ Սրանցից ո՞րն է արել Նիկոլ Փաշինյանը։

Սկսենք պատերազմը կանխելուց։ Կարո՞ղ էր արդյոք Նիկոլ Փաշինյանն անել դա։ Այո, կարող էր։ Ի դեպ՝ հենց ինքն էլ խոստովանել է դա։ Բայց, իր իսկ խոսքերով, չի արել, որովհետև դրա համար ստիպված կլիներ վերադարձնել ազատագրված տարածքները, ժողովուրդն ու քաղաքական ուժերը համաձայն չէին լինի, ու հնարավոր է՝ ինքը կորցներ իշխանությունը։ Պարզ ասած՝ չի ցանկացել վտանգել իր աթոռը, թեև վստահ է եղել, որ այդ դեպքում պատերազմն անխուսափելի է լինելու (սա էլ է ինքը խոստովանել՝ ասելով, որ իրենք ամեն ինչ գիտեին՝ բացի հարձակման կոնկրետ ամսաթվից)։

Լավ, ենթադրենք՝ պատերազմը կանխել հնարավոր չէր անգամ «լավրովյան պլանն» ընդունելու պարագայում։ Այդ դեպքում պետք էր ամրապնդել բանակը, և ոչ թե վերածել քարոզչական հարթակի՝ ելակով ու բացառապես սելֆիների համար պիտանի ինքնաթիռներով, գեներալներին աջուձախ նվաստացնելով ու անհեթեթ պատրվակներով պաշտոնանկ անելով, և այլն։ Պետք էր կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ կամ գոնե ավելի չփչացնել՝ հայտարարելով, թե նրանք պարտավոր են հաշվի նստել «հեղափոխական իրողությունների» հետ։ Պետք էր համախմբել հասարակությանը և ոչ թե հրապարակավ ու պաշտոնապես բաժանել «սևերի ու սպիտակների»։ Նիկոլ Փաշինյանն այս ամենը չի արել, ընդ որում՝ գիտակցաբար։ Ու նույնիսկ հրապարակավ դա ներկայացրել է որպես «սխալվելու վճռականություն»։ 

Ուշադրություն դարձրեք՝ նրա բոլոր հայտարարությունների տեսագրությունները կան, փաստաթղթերը կան, հետևանքները հայտնի են, և լավ իրավաբանը մեկ-երկու շաբաթում կարող է ի մի բերել այդ ամենը, ստեղծել պատկառելի թղթապանակ և դիմել իրավապահներին՝ պահանջելով քրեական գործ հարուցել պաշտոնեական անփութության արդյունքում պետությանը և հանրությանը ահռելի վնաս հասցնելու հոդվածով։ Կհրաժարվե՞ն գործ հարուցել։ Իհարկե կհրաժարվեն, բայց «թղթապանակը», կոնկրետ փաստերով և իրավական ձևակերպումներով, կներկայացվի հասարակությանը, պայքարի նպատակն էլ շատ հստակ կձևակերպվի՝ քրեական գործն այնուամենայնիվ հարուցել և հրապարակային դատ կազմակերպել։ 

Թե չէ իմպիչմենտ, բան․․․ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   963 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ