...

Նիկոլ Փաշինյանը գլուխ գովելո՞ւ էր եկել

Նիկոլ Փաշինյանը գլուխ գովելո՞ւ էր եկել

Ինչպես և սպասվում էր, Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության դարաշրջանը» թևակոխեց լայնամասշտաբ պատերազմի փուլ։ Եթե Հայաստանը նորմալ ղեկավար և նորմալ իշխանություններ ունենար, բոլորիս դիրքորոշումը կլիներ նույնը՝ անմիջապես մի կողմ դնել ցանկացած տարաձայնություն, համախմբվել պետության ղեկավարի շուրջ և միասնաբար հաղթահարել այս փորձությունը։ Բայց ահա Նիկոլ Փաշինյանը եկավ ԱԺ, երկարաշունչ ելույթ ունեցավ, և միանգամից հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ Հայաստանը, ցավոք, ոչ նորմալ ղեկավար ունի, ոչ նորմալ իշխանություններ։ 

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ուղիղ կեսը նվիրեց ԱԺ ամբիոնից Ադրբեջանի դիրքորոշումները ներկայացնելուն, մյուս կեսն էլ հատկացրեց իր անձնական գովազդին՝ հարցը ներկայացնելով այնպես, որ Ադրբեջանի ագրեսիայի պատճառներն իր իշխանության ակնհայտ հաջողություններն են։ 

Որո՞նք են այս ագրեսիայի պատճառներն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի։

1․ 2020 թ նոյեմբերի 9-ի փաստաթղթում, ի հեճուկս Ադրբեջանի, արձանագրված է, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք, իսկ Ադրբեջանը ցանկանում է այդ փաստաթուղթն «ուղարկել արխիվ» (հիմա տեսա՞ք, թե ինքը ինչ փայլուն փաստաթուղթ է ստորագրել, իսկ դուք ասում էիք կապիտուլյացիա)։

2․ Ադրբեջանը ՀՀ տարածքով միջանցքներ է ուզում, իսկ ինքը կտրականապես մերժում է (հիմա հասկացա՞ք, թե ինչ պետականամետ ու հայրենասեր է ինքը)։

3․ Ադրբեջանը տեսնում է, որ հայկական բանակը շտկում է ողնաշարը, և ցանկանում է կանխել դա (էն ո՞վ էր ասում, թե իբր ինքը քանդում է բանակը, տեսա՞ք, որ նույնիսկ Ադրբեջանն է զգուշանում բանակը հզորացնելուն ուղղված իր քայլերից)։

4․ Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանը տնտեսական փայլուն հաջողություններ է արձանագրում, տնտեսական ազատությունների առումով էլ աշխարհում առաջատար դիրքերում է (հիմա տեսա՞ք, թե տնտեսական ինչ հանճարեղ քաղաքականություն է իրականացնում ինքը, որ անգամ Ադրբեջանն է զգուշանում)։ 

Մի խոսքով՝ «խաղաղության դարաշրջանի» արդյունքում Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, հաշված ժամերի ընթացքում տասնյակ զոհեր ունենք, իսկ այդ ամենի պատասխանատուն եկել ու տեսախցիկների առջև կմկմալով ինքն իր փիառն է անում։ Ընդ որում՝ հայտարարելով, թե արդեն դիմել է Ռուսաստանին, ու բառացիորեն երկու րոպե հետո համարյա բաց տեքստով այդ նույն Ռուսաստանին մեղադրելով, թե բա գիտե՞ք, փող է՛լ ունենք, Հայաստանին զենք վաճառելու ցանկություն ունեցողներ է՛լ կան, բայց «որոշ երկրներ պատրաստ չեն դրան», ու եթե ուրիշ տեղից սպառազինություն առնենք՝ անվտանգային առումով նոր խնդիրներ կունենանք։

Ինչևէ։ Ո՞րն է ելքը, և ի՞նչ պիտի անի Նիկոլ Փաշինյանը, որ չի անում։ Պիտի հասկանա, որ այս իրավիճակի հիմնական պատճառն իր ապաշնորհ կառավարումն է, պիտի անմիջապես երկրում արտակարգ դրություն հայտարարի, ձևավորի փորձառու պետական և ռազմական գործիչներից կազմված ռազմաքաղաքական խորհուրդ, այդ կառույցը ժամանակավորապես օժտի շատ մեծ լիազորություններով, իսկ ինքը գնա տուն։ Սա է, այս պահին նա ավելի արդյունավետ քայլ անել չի կարող։ Ուրիշ ինչ էլ անի՝ միայն վնասելու է։ 

Թեև, իհարկե, դա հազիվ թե նրան հետաքրքրի։ Նրա համար կարևորն այն է, որ կարողանա մեղքն ուրիշների վրա բարդել։

Մարկ Նշանյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   771 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ