...

Նիկոլի և պետության «շահերի բախումը»

Նիկոլի և պետության «շահերի բախումը»

Պնդումները, թե իբր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բոլոր ոլորտներում ձախողվել է, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Ձախողվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը՝ իր թիմով, այլ Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ սրանք միանգամայն տարբեր բաներ են։ Նույնը կլինեին, եթե Նիկոլի ու Հայաստանի շահերը գոնե հիմնական հարցերում համընկնեին, բայց դրանք, որպես կանոն, կոշտ հակադրության մեջ են։

Օրինակ՝ Հայաստանի համար բացարձակ առաջնահերթություն է, որ Արցախը մնա հայկական, իսկ անձամբ Նիկոլին հակառակն է ձեռնտու։ Եթե Արցախում ոչ մի հայ չմնա՝ այդ գլխացավանքից էլ կպրծնի, Լաչինի միջանցքի գլխացավանքից էլ, բանակցությունների ժամանակ էլ Սյունիքի միջանցքի հարցով «զահլա չեն տանի»։ Շատ-շատ՝ ուժով գրավեն, բայց այդ հարցում էլ են անձամբ իր և Հայաստանի շահերը հակադրվում։ Հայաստանի համար դա կլինի աղետաբեր, իսկ անձամբ ինքը դրա շնորհիվ հայ-իրանական հարաբերությունների գլխացավանքից էլ կպրծնի, դրանց պատճառով Արևմուտքից ստացվող կշտամբանքներից էլ։ 

Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության պետական շահերը չեն համընկնում նաև կենսական մյուս ոլորտներում։ Օրինակ՝ ամուր պետություն ունենալու համար անհրաժեշտ են պետական կառավարման կայացած ինստիտուտներ, այսինքն՝ համակարգ, որը նորմալ կգործի անկախ նրանից, թե ով է պետության ղեկավարը։ Բայց անձամբ իրեն դա պետք չէ, որովհետև էապես կնվազեցնի իր՝ գործնականում անսահմանափակ իշխանությունը։ Եթե պետական կառավարման համակարգի ինստիտուտները կայացած չեն՝ ինքը կարող է «գյադեք, էս յան, գյադեք, էն յան» սկզբունքով խելքին փչածն անել․ ում ուզի՝ ձերբակալի, ում ինչ պաշտոնի ուզի՝ նշանակի, ումից ինչ ունեցվածք ուզի՝ խլի, բյուջեից երբ ինչքան փող պետք լինի՝ վերցնի, և այլն։ Բա հո հիմար չի՞, որ ինքն իրեն զրկի այդ «կայֆերից» ու ինստիտուտներ կայացնի։ Նույն վիճակն է նաև կադրային քաղաքականության հարցում։ Պետական շահը պահանջում է բոլոր ոլորտներում ունենալ ազնիվ և պրոֆեսիոնալ կադրեր, բայց անձամբ իրեն ձեռնտու են պայմանական «մացոները»։ Որովհետև ազնիվ և պրոֆեսիոնալ կադրերի վրա ոչ կարող է գոռգոռալ, ոչ ախմախ հրահանգներ տալ ու որոշումներ պարտադրել (այդ դեպքում նրանք պարզապես դիմում կգրեն-կհեռանան, ու քանի որ պրոֆեսիոնալներ են՝ փողոցում չեն մնա), ոչ էլ կարող է ստիպել իր ասածներն անել՝ սպառնալով քրեական գործերով։ 

Ճիշտ նույն պատճառով անձամբ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է ունենալ «ալենսիմոնյանակերպ» պատգամավորներ, «ավինյանակերպ» տեղական իշխանություններ, «սուրենպապիկյանակերպ» ուժայիններ, «խզմալյանակերպ» արտախորհրդարանական ուժեր, «ռոբասերժակերպ» ընդդիմություն, «Հ1ակերպ» լրատվամիջոցներ, և այլն։ Մինչդեռ պետական շահը ճիշտ հակառակն է պահանջում՝ ունենալ իսկապես մտածող խորհրդարան, նորմալ ընդդիմություն, օբյեկտիվ լրատվամիջոցներ, և այսպես շարունակ։ Իսկ կոռուպցիայի մասին ընդհանրապես չարժե խոսել։ Ակնհայտ է, որ կոռուպցիան ներսից քայքայում է ցանկացած պետություն, բայց անձամբ Նիկոլ Փաշինյանի համար դա այն հենքն է, որն ապահովում է իր իշխանության ամրությունը։ Վերջին հաշվով՝ եթե ապօրինի հարստանալու կամ հարստությունը վայելելու հնարավորությունը չլինի, հանուն ինչի՞ պիտի զանազան «մացոյակերպերը», «ալենակերպերն» ու «ռոբակերպերը» համաձայնվեն մաս կազմել Նիկոլի իշխանական համակարգին։ Համաձայնվում են, որովհետև ամենօրյա նվաստացումների դիմաց կամ լափամանից օգտվելու հնարավորություն են ստանում, կամ արդեն իսկ լափածը հանգիստ մարսելու թույլտվություն, ընդ որում՝ երկու դեպքում էլ համակարգի կոռումպացվածությունը պարտադիր է։ Կոռուպցիան վերանում է՝ վերանում է նաև Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանության կայունության հենքը։ Նա հո հիմար չի՞, որ ինքն իր ձեռքով անի դա։

Մի խոսքով՝ փոփոխություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե պետության ղեկավարի և երկրի շահերը համընկնեն։ Նիկոլ Փաշինյանի դեպքում դա բացառված է։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1735 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ