...

Նիկոլի վախն ու պետականության վախճանը

Նիկոլի վախն ու պետականության վախճանը

Հայտնի ճշմարտություն է՝ որքան ավելի կայացած է պետությունը, այնքան պետության ղեկավարի անձնական որակներն ավելի քիչ են ազդում պետության զարգացման ընթացքի վրա։ Հայաստանում պետականության կայացման մակարդակը, ցավոք, շատ ցածր է, հետևաբար՝ «առաջնորդների» անձնական որակները (իշխանատենչություն, ագահություն, վախկոտություն, գոռոզություն, ինտելեկտի բացակայություն և այլն) աղետալի հետևանքներ են ունենում։

Նիկոլ Փաշինյանի ամենաբնորոշ «որակները» թերևս երկուսն են՝ ագահությունն ու վախկոտությունը։ Ընդ որում՝ եթե ագահությունն առավելապես «ներքաղաքական» մանր ու մեծ դրսևորումներ է ունենում (այստեղ-այնտեղ ագահաբար ձրի հաց ուտելուց սկսած՝ մինչև սեփականության վերաբաշխում և ազգուտակի միջոցով օլիգարխների ունեցվածքի վրա վերահսկողություն սահմանելու փորձեր), ապա վախկոտությունն աղետալի հետևանքներ է ունենում արդեն պետական մասշտաբով։ 

Երևի շատերն են նկատել, որ Հայաստանն ու Արցախը կործանման եզրին հասցնելու հիմնական շարժիչ ուժը հենց Նիկոլի վախկոտությունն է։ Ոչ թե զգուշավորությունը, ինչը հասկանալի և տրամաբանական կլիներ, որովհետև պետության ղեկավարն իրավունք չունի ռիսկի դիմել և վտանգել պետության ապագան, այլ անձնական իշխանությունը կորցնելու անասնական վախը։ Իշխանության գալուց հետո նա չհամարձակվեց ընդունել ղարաբաղյան կարգավորման «լավրովյան պլանը», որովհետև վախեցավ, որ իրեն կմեղադրեն «քիրվայության մեջ» ու կհեռացնեն իշխանությունից, և այդ վախն ի վերջո հանգեցրեց կործանարար պատերազմի։ Պատերազմի ընթացքում նա չդադարեցրեց «մսաղացը», որովհետև վախեցավ, որ իրեն դավաճան կանվանեն, և այդ վախի արդյունքում մեր զոհերի թիվն ավելացավ առնվազն 2,5 հազարով, ու կորցրեցինք Շուշին։ Արդեն նոյեմբերի 10-ի փաստաթղթի ստորագրումից հետո նա վախեցավ Հայաստանի ու Արցախի ժողովրդին ասել ողջ ճշմարտությունը (ու դրա փոխարեն հիստերիկ ծղրտոցով վրեժի կոչեր արեց՝ թե ինչ է մտել էին իր առանձնատուն ու «զարյադըշնիկ» գողացել), և այդ վախի արդյունքում տասնյակ նոր գերիներ ունեցանք, զրկվեցինք Գորիս-Կապան ճանապարհից, ՀՀ տարածքի մի քանի գյուղեր թողեցինք շրջափակման մեջ, կորցրեցինք մի քանի «դժգույն-դժբախտ սարեր», և այլն։ Հետո վախեցավ պարզ-հստակ խոստովանել, որ Լաչինի միջանցքի հայկական բնակավայրերը խոստացել է դատարկել հաշված շաբաթների ընթացքում, և արդյունքում՝ հարյուրավոր մարդիկ, որոնք հավատում էին, թե դեռ ժամանակ կա, ու հնարավոր է ինչ-որ բան անել, հիմա խենթանալու շեմին են։ 

Իսկ Նիկոլը դեռ շարունակում է խաբել, ու բնականաբար՝ վախից։ Նա ըստ էության վերջնականապես հրաժարվել է Արցախից, ավելին՝ մեծ հավանականությամբ, Հայաստանն Արցախին կապող նոր միջանցքով ոչ մի կոմունիկացիա էլ չի անցնելու, Արցախը սնուցող բոլոր երակների փականները գտնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, բայց ինքն այդ մասին ոչինչ չի ասում, որ հանկարծ զայրացած ժողովուրդը փողոց դուրս չգա։ Ու այդ վախկոտության արդյունքում վաղը-մյուս օրն էլ արցախահայությունն է կանգնելու փաստի առաջ, իսկ Նիկոլը որևէ Արմեն Գրիգորյանի շուրթերով հերթական անհեթեթ արդարացումն է մրթմրթալու։ 

Փաստորեն մի ամբողջ ժողովուրդ պատանդ է դարձել անձնական իշխանությունից զրկվելու վախից ադեկվատությունը կորցրած մեկի ձեռքին։ Ու ելքը չի երևում, որովհետև վախը Նիկոլին ստիպելու է մինչև վերջ ատամներով կառչել իր աթոռին, եթե անգամ այդ ճանապարհին կործանի պետությունը, ու այդ գործում նա վճռականության պակաս չի ունենալու։ Իսկ թե ինչու՝ հարցրեք նրանց, ովքեր հիշում են «գիտե՞ք, թե որն է ամենասարսափելի կենդանին» հարցի պատասխանը։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1383 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ