...

Նիկոլի «խաղաղության գառաշրջանի» այլընտրանքը

Նիկոլի «խաղաղության գառաշրջանի» այլընտրանքը

Ըստ երևույթին հայկական քաղաքական դաշտին ոգեշնչել է ոմն Վիկտոր Լյուստիգի օրինակը, որին անցյալ դարում հաջողվել է երկու անգամ վաճառել Էյֆելյան աշտարակը։ Մեր դեպքում դերակատարներն, իհարկե, ուրիշ են, բայց փաստն այն է, որ այս օրերին ընդդիմությունը փորձում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել ճիշտ այն մեթոդներով, որոնցով նա 4 տարի առաջ հեռացրեց Սերժ Սարգսյանին։

Պահը ճիշտ է ընտրված․ իշխանափոխության պահանջն իսկապես թևածում է օդում, և ընդդիմությունն ամենայն հավանականությամբ կկարողանա փողոցային լուրջ պայքար սկսել։ Ավելին՝ կարող է անգամ հաղթել այդ պայքարում, նույնիսկ եթե չհստակեցնի, թե ինչ կոնկրետ քայլեր է իրականացնելու հաղթանակից հետո։ Բայց մենք արդեն տեսել ենք, չէ՞, թե ինչ արդյունքներ է ունենում դա։ Նիկոլ Փաշինյանը 4 տարի առաջ օգտվեց այն բանից, որ ժողովուրդը զզվել էր Սերժ Սարգսյանի իշխանությունից, և առանց որևէ ծրագրի, ընդամենը դատարկ ու անորոշ խոստումներով վերցրեց «փողոցում գցած» իշխանությունը։ 4 տարի անց ժողովրդի մի ահռելի հատված ճիշտ նույն կերպ զզվում է Նիկոլի իշխանությունից, ակնհայտորեն՝ հիմա էլ նրան մերժելու ժամանակն է, իշխանությունը դարձյալ «փողոցում գցած» է, բայց նույն սխալը թույլ տալ չի կարելի։ Նախ պետք է հստակեցնել, թե ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը Նիկոլին մերժելուց հետո։ Որպեսզի հետո էլ նորերը չսկսեն իրենց հաղթանակը մուրճի պես օդում ճոճել, աջուձախ խփել սրա-նրա գլխին ու հայտարարել, թե «լավ ենք անում, ինչ ուզում՝ բանակցում ենք»։

Իրականում սա բավականին բարդ խնդիր է, և ահա թե ինչու։ Մի կողմից՝ ընդդիմությունից ապագայի կոնկրետ ծրագրեր պահանջելն ընկալվում է որպես քննադատություն ու դրանով իսկ՝ անուղղակի աջակցություն Նիկոլի իշխանությանը, և դրանում ճշմարտության հատիկ կա։ Մյուս կողմից՝ եթե Նիկոլի «խաղաղության դարաշրջանի» ծրագրին (վերջին ելույթից հետո այն հանգիստ կարելի է վերանվանել «խաղաղության գառաշրջան») հստակ այլընտրանք չի ներկայացվում, արդյունքում ունենում ենք ոչ թե քաղաքական ուժերի, այլ շոումենների պայքար։ Ժողովրդին, այո, դա ավելի է դուր գալիս, բայց պետությունը, որպես կանոն, դրանից չի շահում։

Սա, ի դեպ, շատ խորքային խնդիր է։ Բանն այն է, որ լավ պետական գործիչ և լավ շոումեն լինելու համար մարդկային տարբեր որակներ են անհրաժեշտ։ Պետական գործիչը պիտի լինի խելացի, պրագմատիկ, վճռական և այլն, իսկ հարսանիքի թամադային, օրինակ, այդ որակները պետք չեն, նա պիտի լինի ուրախ-զվարթ, ճարտար լեզվով, հումորով, ժպտերես, չափի մեջ կեղծավոր և այլն։ Հասկանալի է, չէ՞, որ պետական գործիչն իր պրագմատիզմով ու անկեղծ խոսքով շատ վատ թամադա կլինի՝ լավագույն դեպքում ծեծելով դուրս կվռնդեն։ Բայց մեր հասարակության զգալի մասը քաղաքական կյանքում նույնպես նախապատվությունը տալիս է թամադայի որակներով գործիչներին։ Ինչո՞ւ՝ որովհետև քաղաքականությունն ընկալում է որպես շոու։ Իսկ հետո զարմանում է՝ լավ էլ շոու էր, բա ինչի՞ happy end չունեցավ։ Շատ պարզ պատճառով՝ որովհետև պետություն ղեկավարելու համար ոչ թե շոումենի, այլ պետական գործչի որակներ են պետք։

Կարող է հարց առաջանալ՝ իսկ հնարավոր չէ՞ համատեղել այդ որակները։ Իհարկե հնարավոր է։ Դրա համար էլ ասում ենք, որ միայն «կրիտիկական զանգված» հավաքելը քիչ է, ընդդիմությունը պիտի նաև ապագայի կոնկրետ ծրագրեր ներկայացնի։ Հասարակությունը պիտի իմանա ոչ միայն այն, թե ինչի դեմ է պայքարում ու հանուն ինչի, այլև՝ թե ինչպես է իրականացնելու այդ «հանունը»։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2867 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ