...

Նիկոլիզմ․ պոպուլիզմի ամենավտանգավոր շտամը

Նիկոլիզմ․ պոպուլիզմի ամենավտանգավոր շտամը

Ձախողված հասարակություններում, որպես կանոն, երկու հիմնական հարց է շրջանառվում՝ «ի՞նչ անել» և «ո՞վ է մեղավոր»։ Մեզանում այդ երկու հարցերը միախառնված են, որովհետև «ի՞նչ անել» հարցին բոլորը միաբերան պատասխանում են «պատժել մեղավորներին», ու դրանից հետո ակտուալ է մնում միայն մի հարց՝ «ո՞վ է մեղավոր»։ Նիկոլն իր ուսապարկերի հետ ամեն ինչում մեղադրում է նախկիններին, նախկիններն իրենց վճարովի ու «գաղափարական» խոսափողներով ամեն ինչում մեղադրում են Նիկոլին, պարտության շոկը դեռ չհաղթահարած ու շվարած հասարակությունն էլ անելանելի վիճակում է՝ եթե Նիկոլին հայհոյի, կստացվի, որ ակամայից նախկիններին է պաշտպանում, եթե նախկիններին հայհոյի՝ կստացվի, որ ակամայից Նիկոլի դիրքերն է ամրապնդում․․․ Հենց սա է պատճառը, որ այս հարցում հստակություն մտցնելը չափազանց կարևոր է։

Ի՞նչ է, ի վերջո, իրենից ներկայացնում Նիկոլ Փաշինյանն իր՝ հիմնականում անուղեղ երիտկարիերիստների թիմով, կամ, քաղաքական լեզվով ասած, ի՞նչ է «նիկոլիզմը»։ Մեծ հաշվով՝ դա վիրուս է, ընդ որում՝ սովորական պայմաններում ոչ այնքան վտանգավոր, որովհետև առողջ, կենսունակ պետություններն ու հասարակությունները հեշտությամբ են հաղթահարում դա, երբեմն՝ նույնիսկ առանց որևէ սիմպտոմի։ Իսկ ահա թույլ, հյուծված, դիմադրողականությունը կորցրած օրգանիզմների համար այդ նույն վիրուսը կարող է մահացու լինել։ Մերը հենց այդ դեպքն է, հետևաբար՝ կարևոր է հասկանալ, թե ովքեր և ինչու հյուծեցին մեր օրգանիզմն ու թուլացրեցին մեր դիմադրողականությունը։ Իսկ ահա վիրուսին հայհոյելը բացարձակապես անիմաստ զբաղմունք է․ հենց դրա համար էլ վիրուս է, որ պիտի ախտահարի թուլացած օրգանիզմը, քայքայի բոլոր օրգաններն ու ներսից խժռի ամեն ինչ, այնպես որ՝ վիրուսից նեղանում ենք, որ ի՞նչ անենք, նրա էությո՛ւնն է այդպիսին։

Իսկ ահա պետության և հասարակության օրգանիզմը թուլացել ու հյուծվել է առավելապես «նիկոլիզմին» նախորդած երկու տասնամյակներում՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք։ Ընդ որում՝ ամենայն հավանականությամբ նրանք անկեղծ են, երբ ասում են, որ նման հետևանքներ չէին սպասում, որովհետև իրենք ոչ թե վիրուսի սկզբունքով էին գործում, այլ օրգանիզմին կպած տզրուկի կամ այլ մակաբույծի։ Նրանք, այո, տզրուկի նման կպել էին Հայաստանին ու քսան տարի շարունակ քամում էին օրգանիզմի կենսական հյութերը՝ թուլացնելով ու գրեթե զրոյացնելով մեր դիմադրողականությունը, բայց այդ օրգանիզմի (Հայաստանի) մահը չէին ուզում, որովհետև օրգանիզմի մահը, որպես կանոն, նաև պարազիտների մահն է։ Նրանք, այո, թուլացնում էին մեր դիմադրողականությունը, բայց միայն մի նպատակով՝ որպեսզի խանգարող չլինի, ու անարգել օգտվեն կերակրատաշտից։ Եթե ընդդիմությունն էր խանգարում՝ գնդակահարում էին կամ դարձնում հաճախորդ, եթե մեկը «փողի վրա նստած փող էր ուզում»՝ աշխատանքից ազատում էին, եթե լրատվամիջոցներն էին խանգարում՝ փակում էին, եթե բառիս բուն իմաստով էին հարամում լափը՝ թիկնապահներին հրամայում էին «զուգարանում անզգույշ քաշքշել», ռազմավարական ենթակառուցվածքները նվիրում էին սրան-նրան, որ դրսից լափը չհարամեն, մթնոլորտը դարձնում էին գաղջ, որ հուսահատված ժողովուրդն արտագաղթի (բա մնան երկրում, որ հեղափոխություն անե՞ն), գիրք կարդալը հրապարակավ համարում էին «զապադլո», գույնզգույն բազեներ ու սաքուլիկներ էին բուծում և ստեղծում մի վիճակ, որում «քաղաքականությամբ զբաղվելու համար առանձնապես խելք պետք չի»․․․ 

Արդյունքում՝ «նիկոլիզմ» կոչվող վիրուսը մահամերձ վիճակի հասցրեց մեր հանրային քայքայված օրգանիզմը։ Ընդ որում, մեր անմիջական հարևանները՝ Վրաստանն ու Ադրբեջանը, նույնպես շատ ծանր տարան այդ վիրուսի տարբեր «շտամները» (Գամսախուրդիային ու Էլչիբեյին), բայց ի վերջո հաղթահարեցին հիվանդությունը։ Մեր դեպքում ամեն ինչ կախված է նրանից՝ հասցրե՞լ է վիրուսը ախտահարել նաև մեր ուղեղը, թե՞ առայժմ միայն մկանային համակարգն է կաթվածահար արել։ 

Չնայած՝ դատելով հիվանդության ծանրագույն ընթացքից, մեր դեպքում ախտահարումը հենց ուղեղից է սկսվել։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2087 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ