...

«Նիկոլիզմի» հիմնարար սկզբունքները

«Նիկոլիզմի» հիմնարար սկզբունքները

«Իզմեր» չունեցող Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում ձևավորվել է մի համակարգ, որը հանգիստ կարելի է կոչել հենց իր անունով՝ «նիկոլիզմ»։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրա էությունը պետության ղեկին հայտնված պատահական մարդու բացարձակապես ոչ կոմպետենտ, վայրիվերո ու փնթի քայլերի ամբողջությունն է, բայց իրականում «նիկոլիզմը» գործում է որոշակի տրամաբանությամբ։ Հիմնական տրամաբանությունը, իհարկե, պատահաբար ձեռքն ընկած իշխանությունը պահպանելն է, ու հենց այդ գերնպատակին էլ ծառայեցվում է ամեն ինչ՝ առաջին հերթին արտաքին և ներքին քաղաքականությունը։

Արտաքին քաղաքականության դեպքում գործում է հետևյալ սխեման։ Նիկոլ Փաշինյանն ընդունում է Ադրբեջանի ցանկացած պահանջ, որպեսզի հանկարծ նոր պատերազմ չսկսվի։ Ոչ թե որովհետև վախենում է նոր զոհերից ու տարածքային կորուստներից, այլ որովհետև դրա արդյունքում կարող է կորցնել իշխանությունը։ Միաժամանակ կատարում է նաև Թուրքիայի պահանջները, բայց ամեն անգամ վազելով գնում (կամ զանգում) է Մոսկվա՝ մանրամասները զեկուցելու, որպեսզի հանկարծ Կրեմլում չզայրանան ու գլխին մի փորձանք չբերեն։ Բայց քանի որ վտանգ կա նաև, որ դրսի բոլոր պահանջները կատարելու դեպքում Հայաստանի ժողովրդի համբերության բաժակը կլցվի, ու մի օր էլ ինքը կընկնի Արարատ Միրզոյանի օրը՝ ավելի անդառնալի հետևանքներով, զուգահեռաբար պետական ու իշխանամետ ողջ քարոզչամեքենան ծառայեցնում է Հայաստանի թուլության, անզորության ու դատապարտվածության «գաղափարի» արմատավորմանը։ Վերջ, սա է «նիկոլիզմի» ողջ արտաքին քաղաքականությունը։ Այնպես անել, որ հանկարծ ծեծ չուտի։

Ներքին քաղաքականությունը նույնպես պարզունակ է։ Ու հիմքում, որքան էլ տարօրինակ հնչի, կոռուպցիան է։ Իշխանությունը պահպանելու և ամրապնդելու համար Նիկոլ Փաշինյանին ընդամենը երկու բան է պետք։ Առաջին՝ որպես «արմատական ընդդիմություն» ունենալ նախկինում մինչև ականջները կոռուպցիայի մեջ խրված ու դրանով իսկ խոցելի քաղաքական ուժեր, և երկրորդ՝ ունենալ մինչև ականջները կոռուպցիայի մեջ խրված ու դրանով իսկ խոցելի «սեփական թիմ» (պոտենցիալ մրցակիցներ)։ Ինքը, իհարկե, կարող է ձևացնել, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, ավելին՝ զուտ քարոզչական նպատակներով ժամանակ առ ժամանակ կարող է նույնիսկ ինչ-որ երկրորդական դեմքերի պատժել, բայց հավատացեք՝ նա ուրախությունից շփում է ձեռքերը, երբ տեսնում է, թե ինչ անզուսպ ագահությամբ են «թղթերով ամեն ինչ կարգին» գործարքների մեջ խրվում, ասենք, Տիգրան Ավինյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը կամ երկրորդ պլանի, բայց իրականում խոշոր «խաղացողներ» ինչ-որ Ռոմանոս, Սանոսյան կամ կոկորդիլոսագետ։ Չէ՞ որ դա իրեն հնարավորություն է տալիս ցանկացած պահի «արմատախիլ անել կոռուպցիան»՝ ձեռքի հետ էլ կանխելով պալատական հեղաշրջման ցանկացած փորձ ու ծառայեցնելով դա իր փիառին։ Մնում է ընդամենը թույլ չտալ, որ սեփական թիմի այդ կոռուպցիոն խմբակներն իր թիկունքում միավորվեն, իսկ դա այնքան էլ բարդ չէ։ Փող աշխատողները միավորվում են միայն այն դեպքերում, երբ «լափամանը» կորցնելու վտանգ կա, իսկ Նիկոլն առայժմ «լափամաններին» ձեռք չի տալիս։ 

Զուտ իշխանությունը պահպանելու տեսանկյունից սա, իհարկե, բավականին արդյունավետ սխեմա է, բայց պետության համար մահացու է, որովհետև ի սկզբանե բացառում է պետական կառավարման համակարգում չկոռումպացված բարձրաստիճան պաշտոնյաների գոյությունը։ Այդպիսիք կամ բարձրաստիճան չեն դառնում, կամ, եթե պատահաբար դառնում էլ են, անմիջապես թիրախավորվում ու դուրս են շպրտվում համակարգից։ Որովհետև դա է «նիկոլիզմի» տրամաբանությունը։

Այնպես որ՝ իշխանությունների քայլերի ու որոշումների տրամաբանությունը հասկանալու համար պետք է դրանք դիտարկել «նիկոլիզմի հիմնարար սկզբունքների» տեսանկյունից, և ամեն ինչ պարզ կդառնա։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4091 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ