...

Նիկոլը ծանրացուցիչ հանգամանքներում է «սխալվել»

Նիկոլը ծանրացուցիչ հանգամանքներում է «սխալվել»

Նախօրեին Էդուարդ Շարմազանովը սենսացիոն հայտարարություն է արել, որը, սակայն, պատշաճ ուշադրության չի արժանացել։ Նա հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի օրերին, իսկ ավելի կոնկրետ՝ հոկտեմբերի 12-ին, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում իր ներկայությամբ նրան ուղիղ հարցրել են՝ «սա պարտությո՞ւն է», նա էլ ընդունել է, որ այո, սա պարտություն է, և իրավիճակը փոխելու ոչ մի հնարավորություն չկա։

Սա հանցագործության մասին հաղորդում չէ։ Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն ինքն էր ինքնախոստովանական ցուցմունքի տեսքով հանցագործության մասին հաղորդում տվել՝ հայտարարելով, թե այո, կարող էր կանգնեցնել պատերազմը, ու արդյունքում կունենայինք նույն վիճակը, բայց՝ առանց զոհերի։ Շարմազանովի հայտարարությունը հաղորդում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն այդ հանցագործությունը կատարել է կանխամտածված և ծանրացուցիչ հանգամանքներում։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, եթե հիշում եք, իր ինքնախոստովանական ելույթում նաև այսպիսի միտք է հնչեցրել՝ «դա ավելին էր, քան հանցագործությունը, դա սխալ էր»։ Ուզում էր ասել՝ ինքը հույս է ունեցել, որ իրավիճակը դեռ կարելի է շտկել, դրա համար էլ չի կանգնեցրել պատերազմը, բայց հետո պարզվել է, որ դա սխալ որոշում էր, և արդյունքը եղել են հազարավոր զոհերը։ Եվ ահա Շարմազանովը հայտարարում է, թե սուտ է, նա այդպիսի հույս չէր կարող ունենալ, որովհետև դեռ հոկտեմբերի 12-ի փակ հանդիպման ժամանակ է ասել, որ իրավիճակը փոխելու հնարավորություն չկա։ Հասկացա՞ք տարբերությունը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, վստահ լինելով, որ միևնույն է՝ հնարավոր չի լինելու իրավիճակը փոխել, այնուամենայնիվ հասարակությանը խաբել է «հաղթելու ենք» դատարկ քարոզչությամբ, կամավորներին կոչ է արել տանը ինչ ունեն-չունեն՝ հավաքել ու լցվել առաջնագիծ (լավ իմանալով, որ այդ մարդկանց մսաղաց է ուղարկում), և այլն։ Իսկ թե ինչու է այդպես վարվել՝ խոստովանել է մեկ այլ ելույթում․ որպեսզի իրեն «դավաճան» չասեն։

Մի խոսքով՝ Էդուարդ Շարմազանովը հերքում է Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե «դա հանցագործություն չէր, սխալ էր»։ Ասում է՝ ոչ, դա սխալ չէր, հանցագործություն էր, ընդ որում՝ կանխամտածված։ 

Հասկանալի է, որ եթե Հայաստանը նորմալ իրավական պետություն լիներ՝ իրավապահներն անմիջապես հարցաքննության կհրավիրեին Շարմազանովին, և եթե նա կարողանար ապացուցել, որ նման բան իսկապես եղել է, ժամեր անց քրեական գործ կհարուցվեր, ու Նիկոլ Փաշինյանը կհայտնվեր կասկածյալի կարգավիճակում։ Իսկ եթե Հայաստանը դասական բռնապետություն լիներ, իրավապահներն անմիջապես կձերբակալեին Շարմազանովին՝ զրպարտության, պետական գաղտնիքի հրապարակման կամ որևէ այլ անկապ հոդվածով։ Բայց Հայաստանը ոչ նորմալ իրավական պետություն է, ոչ էլ «նորմալ» բռնապետություն։ Ավելի շուտ փնթիապետություն է՝ տարածք, որի բնակչության մեծամասնությանն առանձնապես չի էլ հետաքրքրում, թե ովքեր են մեղավոր պարտության համար, կպատժվե՞ն, թե՞ ոչ, դեռ մինչև ո՞ւր կհասնի պարտությունը, էլի ի՞նչ տարածքներ կհռչակվեն «դժբախտ-դժգույն», ուրիշ ի՞նչ լեզուներով դպրոցներ կբացվեն, և այլն։ Դրա համար էլ անգամ ամենազարհուրելի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները մարդկանց ուշադրությունը գրավում են առավելագույնը 4-5 րոպեով՝ լսեցին, մտքում հայհոյեցին (ինչպես կհայհոյեին մրցավարին, եթե, օրինակ, «Հենոն նիզաշտո ժոլտի ստանար»), անցան առաջ։ 

Եվ սա «իզմեր չունեցող» իշխանությունների ամենամեծ նվաճումն է ու պետությանը հասցված ամենամեծ վնասը։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3688 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ