...

Նիկոլը սկսեց «մյուս կեսը ևս կործանելու» օպերացիան

Նիկոլը սկսեց «մյուս կեսը ևս կործանելու» օպերացիան

Նիկոլ Փաշինյանի՝ համարյա 4 ժամ տևած մենախոսությունը մինչև վերջ լսելու համբերություն ունեցածների մեծամասնությանը երևի առավելապես մի հարց էր հետաքրքրում՝ տեսնես այս մարդը մարմնի ո՞ր մասով է մտածում (եթե, իհարկե, ընդհանրապես մտածում է)։ Միանգամից ասենք՝ ամենայն հավանականությամբ, գլխով է մտածում։ Պարզապես այդ գլխում լիակատար շիլաշփոթ է։ Ներկայացնենք երեք ամենացայտուն օրինակները։

Առաջին։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրանքներ չունի, իրականում Ադրբեջանը ոչ թե խաղաղության դարաշրջան է ուզում, այլ նոր պատերազմ։ Այլ կերպ ասած՝ ընդունում է, որ խաղաղության դարաշրջան բացելու իր ծրագիրը պատրանք էր։ Անմիջապես հաջորդ նախադասության մեջ ասում է, որ միևնույն է՝ Հայաստանը գնալու է խաղաղության հաստատման ճանապարհով։ Այսինքն՝ ինքը Հայաստանը տանելու է դեպի մի վերջնակետ, որը, իր իսկ խոստովանությամբ, պատրանք է։ Համաձայնվեք՝ պատրանքներով առաջնորդվել կարող են 18-ամյա ռոմանտիկ սիրահարները, գյուղից քաղաք իջած ու վերջին թխսկանի փողով կազինո մտած գեղջուկները և այլն, բայց ո՛չ պետությունների ղեկավարները։

Երկրորդ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Ադրբեջանը, բանակցությունների ձգձգման համար մեղադրելով հայկական կողմին, լեգիտիմացնում է նոր պատերազմը։ Սա ընդհանրապես որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող անհեթեթություն է։ Լավ, ենթադրենք՝ բանակցությունները ձախողվում են։ Ենթադրենք նույնիսկ, թե Ադրբեջանը կարողանում է աշխարհին համոզել, որ դրա մեղավորը Հայաստանն է։ Եվ ի՞նչ, դա Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմ իրավո՞ւնք է տալիս։ Իհարկե ոչ։ Նման բան նույնիսկ Ադրբեջանը չի համարձակվում հայտարարել, նրանք ասում են, որ նոր պատերազմ կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանը ձգտի ռևանշի։ Իսկ ահա Նիկոլն ասում է՝ չէ, նույնիսկ բանակցությունների ձախողման դեպքում Ադրբեջանը նոր պատերազմ սանձազերծելու լեգիտիմ իրավունք կունենա։ 

Երրորդ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չարժե պատրանքներ ունենալ, Ադրբեջանը նոր պատերազմ է սկսելու, նաև հասկանում է, որ գործնականում դա կանխել կամ սահմանափակել կարող է միայն Ռուսաստանը, ու միաժամանակ այդ նույն Ռուսաստանին մեղադրում է ինչի մեջ ասես՝ այդ նրանք են Ադրբեջանին Սյունիքով միջանցք խոստացել, այդ նրանց պատասխանատվության գոտում է գերեվարվել առ այսօր Բաքվի բանտերում գտնվող մեր գերիների 90 տոկոսը, և այլն։ 

Եթե ամփոփելու լինենք այս երեք կետերը, այսպիսի պատկեր է ստացվում․ Նիկոլը գիտի, որ նոր պատերազմ է լինելու, բայց դրան նախապատրաստվելու փոխարեն գնում է «խաղաղության ճանապարհով» (զինված ուժերն առ այսօր նույնիսկ Գլխավոր շտաբի պետ չունեն), զուգահեռաբար վատացնում է հարաբերություններն այն միակ ուժի հետ, որը կարող է կանխել դա, և նախապես լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից սանձազերծվելիք այդ պատերազմը։

Հարց՝ եթե Հայաստանում իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանի փոխարեն հայտնված լիներ ադրբեջանական կամ թուրքական լրտես, ի՞նչ քայլեր կաներ։ Վստահաբար՝ մոտավորապես նույնը, որովհետև ցանկացած երկրի համար դա երազանքների գագաթնակետն է՝ թշնամի երկրում ունենալ ղեկավար, որը գիտի, որ հարձակվելու ես, բայց ձեռքերը ծալած նստած է, փչացնում է հարաբերություններն իր միակ պոտենցիալ դաշնակցի հետ ու դեռ մի բան էլ ինքն է լեգիտիմացնում քո ապագա ագրեսիան։

Այնպես որ, իրականում դեռ հարց է՝ Նիկոլ Փաշինյանի գլխում իսկապե՞ս շիլաշփոթ է, թե՞ լավ ուղղորդվող «կառավարելի քաոս»։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4497 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ