...

«Նիսյաները» չեն կարողանում փակել

«Նիսյաները» չեն կարողանում փակել

400-500 խոպանչի մնացել են 

Շիրակի մարզի Փանիկ համայնքում տարվա այս շրջանում տղամարդ գրեթե չէր լինում: Փողոցներում վազվզում էին միայն տղա երեխաները, իսկ տարեցներին կարելի էր հանդիպել գյուղամեջի այգում: Այս տարի, սակայն, պատկերն այլ է: Կորոնավիրուսը փակել է տղամարդկանց ճանապարհը: Փանիկի տղամարդկանց 90 տոկոսը Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի է մեկնում: Այս տարի գրեթե ոչ ոք գյուղից դուրս չի եկել: 

Դեռ խորհրդային ժամանակներից են այստեղ ապրուստի միջոցը գյուղի սահմաններից դուրս գտել: Մշտական աշխատանք չունեցող փանիկցիները հիմա փորձում են հայրենիքում գործ փնտրել:

Արտագնա աշխատանքի մեկնողների աշխատանքը մենք կապահովենք՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այս տարի մեծ ծավալների կապիտալ շինարարական աշխատանքներ են նախատեսել և Ռուսաստան գնալու փոխարեն կարող են այստեղ աշխատել:

Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը «ՉԻ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գյուղի տղամարդկանցից մի քանիսն արդեն շինարարական աշխատանքներում են ներգրավված:

«Ամեն տարի 400-500 տղամարդ է խոպան գնում, այս տարի 500-ը դեռ գյուղում են: Ոմանք շինարարության ոլորտում են սկսել աշխատել: Գնում են Երևան, բայց այստեղ էլ խնդիր կա: Պետք է բնակարան վարձեն: Չեն կարող ամեն օր 100-120 կիլոմետր ճանապարհ գնալ ու գալ: Այդպես էլ աշխատած գումարը վարձին են տալիս»,- նշեց նա:

Իսկ նրանց, ում չի հաջողվում աշխատանքի տեղավորվել շինարարության ոլորտում, Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել: Կառավարությունը արտոնյալ պայմաններ  է ստեղծել՝ տրամադրելով անտոկոս վարկեր:

Բայց փանիկցիները ռիսկ չեն անում վարկ վերցնել: Ասում են՝ ինչպես հող մշակեն, եթե ոռոգման ջուր չունեն:

«Անկախությունից հետո մենք ունենք ոռոգման ջրի պրոբլեմ: Առանց ջրի ինչպե՞ս անասնապահությամբ կամ հողագործությամբ զբաղվենք: Ջրի խնդիրը պետք է լուծվի, դա միայն մեր համայնքի ջրի խնդիրը չէ, այլ՝ Արթիկի տարածաշրջանի 3-4 գյուղերի, որոնք Մանթաշի ջրամբարից են ջուր ստանում: Ծայրամասային համայնքներ են, դրա համար ոռոգման ջուրը չի հասնում: Եթե ջրի հարցը լուծվի, գյուղացին իր հողին տիրություն կանի»,- մանրամասնեց նա:

Վարդան Մակեյանն ասում է՝ եթե չեն կարողանում արտագնա աշխատանքի մեկնել, պետք է անասնապահությամբ զբաղվեն: Արդեն գյուղացիներից մի քանիսը վարկի համար դիմել են, որ անասնագլխաքանակն ավելացնեն:

Վատ վիճակում են

Սոցիալական ծանր վիճակում է հայտնվել Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքը:

Այստեղ էլ մարդիկ Ռուսաստանում են գումար վաստակել և իրենց ընտանիքներին ուղարկել: Համավարակի պատճառով Արծվանիստի խոպանչիներն էլ չեն մեկնել: Տարեկան 500-600 տղամարդ է արտագնա աշխատանքի մեկնում: Մոտ 500-ն էլ տեղում են:

«Որտեղ գնան աշխատեն: Գործարան կա, չե՞ն գնում: Ենթադրենք՝ մի 10 հոգի շինարարություն արեց, բա մնացա՞ծը: Մարզում, որ շինարարություն էլ լինի, իրենց ծանոթներին են այդ գործը տալիս»,- մտահոգություն հայտնեց համայնքի ղեկավար Սամվել Օհանյանը:

Գյուղապետի խոսքով՝ հարկերը ևս չեն վճարում: Նախկինում խոպանից գումարներն ուղարկել են հարկերն ու խանութի «նիսյաները» փակել են: Հիմա աշխատանք չկա՝  հարկերն էլ են մնացել, խանութի գումարներն էլ:
Սևանա լճի ափին գտնվող համայնքում կարտոֆիլ, կաղամբ ու ցորեն են մշակում և անասնապահությամբ զբաղվում: 

Երբեմնի անասնապահությամբ զբաղվող գյուղի 70 տոկոսն արդեն հրաժարվել է այդ գործից: «Մի տոննա կաթ ստանալու համար պետք է 200.000 դրամի խոտ առնես, չհաշված դրա չարչարանքը, հետո անասնապահ վարձես, 1 լիտրը կաթը 120 դրամ ծախես, իսկ սովորական հանքային ջրի մի լիտրը 3 լիտր կաթի գին ունի»,- հաշվարկները ներկայացրին անասնապահությունից հրաժարված արծվանիստցիները:

Կարտոֆիլի մշակությունն էլ է այստեղ տարեց տարի պակասում է: Կարտոֆիլը գին չունի, մշակելն անեկամտաբեր է դարձել:

Ծովինարում էլ են մոտ 400 խոպանչի տեղում մնացել: Երիտասարդները չկարողանալով դուրս գալ՝ ստիպված գյուղում են ապրուստը հոգում: Սկսել են հող մշակել ու եղած անասունների գլխաքանակն ավելացնել:

Ծովինարի համայնքապետարանից փոխանցեցին, որ շատերն են տարբեր վարկերի համար դիմել: Սպասում են, որ բանկը վարկ տրամադրի:

«Մոտ 50 հոգու հայտ արդեն օնլայն ներկայացրել ենք, դրանից առաջ էլ շատերը թղթային տարբերակով են բանկին հանձնել: Ստացողներ էլ արդեն եղել են: Մարդիկ գումար են վերցրել, որ սերմացու, պարարտանյութ գնեն: Լուրջ խնդրի առաջ է կանգնած գյուղը: Սոցիալական ծանր վիճակում ենք»,- ասաց համայնքապետարանի ներկայացուցիչը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1074 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ