...

Նկարված թիվ և չուշացած աղմուկ. ի՞նչ է կատարվում խաղողի մթերման գործում

Նկարված թիվ և չուշացած աղմուկ. ի՞նչ է կատարվում խաղողի մթերման գործում

Մթերման թիվը կեղծված է

Ըստ նախնական օպերատիվ տեղեկությունների՝ արդեն իսկ մթերվել է 160 հազար տոննա խաղող, որը մոտ 37 տոկոսով ավել է, քան անցյալ տարվա ցուցանիշներն են: 

Խաղողի մթերման վերաբերյալ պաշտոնական տվյալները կասկածի տակ է դնում Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:

«ՉԻ»-ի հետ զրույցում նա հայտարարեց, որ խաղողի մթերման թիվը նկարված է ինչպես անցյալ տարվա ցուցանիշները:

«Անցյալ տարի 135.000 տոննա է եղել, նման բան գոյություն չունի, այս տարի 160.000 տոննա, դեռ 4000–5000 տոննա պետք է մթերվի, այսինքն՝ նկարման միտում կլինի: Խաղողի մթերման թիվը նկարված է, ոնց նկարվել է 30 տարի շարունակ: Հիմա անցյալ տարվա նկարված թվից էլ անգամ ավել է նկարվել: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ 165.000 տոննա շիրայի տարա մենք չունենք»,- նկատեց փորձագետը:
Արտակ Սարգսյանը մթերման սեզոնին ընդառաջ հայտնել էր, որ այս տարի խաղողի բերքը նախորդ տարվանից շուրջ 40 տոկոս պակաս է լինելու:

«Ես հայտարարեցի, որ 2019 թվականի սպասվում է 2018 թվականի իրական մթերման խաղողի քանակից մոտ 40 տոկոսով պակաս բերք: Բերքահավաքը սկսեցինք, խաղողը քիչ էր, լավ խաղողի պահանջարկ կար, բայց այդքան չկարողացան տալ: Կար տարածաշրջան, որտեղ նույնիսկ 50 տոկոսով պակաս է բերք եղել»,- ասաց նա:
Խաղողագործների միության նախագահը շեշտեց, որ քիչ բերք է ստացվել մի քանի պատճառով: Նախ եղանակային պայմաններն էին անբարենպաստ խաղողի բերքատվության համար: Այլ խոչընդոներ էլ կային:

«Անոմալյա էր: Տեղ կար, որ ցրտահարություն և կարկուտ չեղավ, բայց էլի բերքը քիչ էր: Խաղողը նաև հանգստանալու ունակություն ունի: Երաշտային տարի էր, բայց այդ մասին ոչ մի պետական գերատեսչություն չհայտարարեց: Ֆիլոքսերիա հիվանդությունից նաև դեռ չենք ազատվել: Բերքի անկման զգալի չափ հենց այս հիվանդությունից է գրանցվում»,- թվարկեց  Սարգսյանը:

Նրա խոսքով՝ օրենքում հստակ ամրագրված է, որ կոնյակը պետք է արտադրվի միայն հայկական խաղողի տեխնիկական սորտերից, բայց ոչ բոլորն են օրենքի այս պահանջը կատարում: Սարգսյանը նշեց, որ 89 ձեռնարկություն ունենք, որ զբաղվում են խաղողի վերամշակմամբ՝ գինու, կոնյակի, օղու-լիկյորի արտադրությամբ, բայց միայն 7-8 արտադրող է գյուղացուց խաղող մթերում: Ասում է՝ արտադրողները կեղծ սպիրտ են գնում, արտադրություն կազմակերպում, իսկ խաղողի մթերման գործընթացում հավելագրումներ կատարում: 

«Մթերման թիվը կեղծում են, որպեսզի պետության առաջ հարկային պարտավորություններ չունեցող գործարանները նույնականացնեն իրենց անհայտ ծագում ունեցող կեղծ սպիրտով կոնյակ, գինի արտադրեն, և հեռուստացույցով հայտարարում են, որ 165.000 տոննա մթերում ենք անում և ամեն ինչ խախանդ է անցնում»,- նշեց մեր զրուցակիցը:

Գինը չի թանկացել

Խաղողի մթերման միջին գինը եղել է 150-155 դրամ: Էկոնոմիկայի նախարարությունը փաստեց, որ մթերման գինը անցյալ տարվա համեմատ որոշակի աճել է:

Խաղողագործների միության նախագահը հակառակն է պնդում՝ գնային փոփոխություն չի գրանցվել:
«2015 թվականին խաղողի մեկ կիլոգրամը մթերվել է 150 դրամով, հիմա 2019 թվականն է, 4 տարի առաջ, եթե արժեքը եղել է այսօրվա գնին, առաջընթա՞ց, թե՞ հետընթաց է եղել»,- հարցեց Արտակ Սարգսյանը:

Նա նկատեց, որ այսօր պետությունը վերահսկողություն չի իրականացնում գործարաններում, նրանց հայտնած տեղեկությունն էլ ի գիտություն են ընդունում:

Աղմուկ-աղաղակը չուշացավ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին խաղողի մթերման տվյալները հայտնելուց նաև նշեց, որ մթերումներն այս տարի առանց աղմուկ- աղաղակի են անցել:

Շատ չանցած աղմուկ լսվեց Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքից: Խաղողագործները բողոքում են, որ մթերումն իրականացվում է նախորդ տարվա գնից 50-60 տոկոսով պակաս:

«Անցյալ տարի «Ոսկեվազ» ընկերությունը «Խարջի» խաղողի մթերման մեկնարկային գինը դրեց 400 դրամ, գյուղացիները չհամաձայնեցին և ճանապարհը փակեցին, գինը սարքեցին 450 դրամ: Մի ուրիշ ընկերություն 470 դրամով տարավ: Այս տարի մեկնարկային գինը դրեցին 257 դրամ, հետո 200 իջեցրեցին: Ձեռնտու չէ այդ գնով «Խարջի» իրացնել: Այս խաղողատեսակը և ծախսատար է, և մշակումն է դժվար»,- դժգոհեց Տիգրան Խաչատրյանը:

Չնայած վարչապետի հայտարարությանը, թե վերամշակողներին վարկեր կտրամադրեն մթերումներ իրականացնելու և գյուղացուն ճիշտ ժամանակին վճարելու համար, Աղավնաձորում «Պռոշյանի կոնյակի» գործարանը պարտավորվել է խաղողագործին վճարել 3-4 ամիս հետո:

Խնդրի շուրջ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանեց, որ Աղավնաձորում մթերումների հետ կապված խնդիրներ չկան։ Խնդիրը ֆերմերների և վերամշակողների առևտրային հարաբերություններն են խաղողի գնի շուրջ․ ֆերմերներն առաջարկում են վերամշակողների համար ոչ ընդունելի բարձր գին։

Նախարարության պաշտոնյաները բանակցություններ են վարել վերամշակող ընկերությունների և գյուղատնտեսների հետ փոխշահավետ գործարք իրականացնելու վերաբերյալ։

Քննարկումների արդյունքում գործարանները հետևյալ գներն են առաջարկել.«Արմենիա վայն»՝ 255 դրամ, «Երևանի շամպայն-գինիների գործարան»՝ 260 դրամ, «Պռոշյանի կոնյակի գործարան»՝ 257 դրամ, «Վեդի ալկո»՝ 250 դրամ։

Ֆերմեր Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ վաղը էկոնոմիկայի փոխնախարարը աղավնաձորցիներին կընդունի: Կքննարկվի խաղողի մթերման շուրջ ստեղծված իրավիճակը:

«Մենք ակնկալում ենք, որ Փաշինյանը կմիջամտի, որպեսզի վերահսկողություն սահմանվի մթերող ընկերությունների վրա: Նաև ակնկալում ենք, որ վարչապետը միջամտի, որպեսզի գյուղացին հնարավորինս կարճ ժամկետներում ստանա մթերման գումարը, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին վարկերի մարման շրջանն է: Եվ վերջապես ստեղծվի մի մեխանիզմ, որ արտադրողի` գյուղացու և մթերողի միջև տարվա սկզբից կնքվի պայմանագիր և նշվի գումարի չափը, որպեսզի մենք արտադրողներս հասկանանք՝ արժե արտադրել խաղող, թե ավելի ճիշտ է կտրենք այգիները և թութուն արտադրենք»,- մանրամասնեց խաղողագործը:

 Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6344 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ