...

Նոր հնարավորություն՝ խոպանչիների համար

Նոր հնարավորություն՝ խոպանչիների համար

Քանի՞ խոպանչի է դիմել մարզպետարան

Նոր հնարավորություններ՝ արտագնա աշխատանքի փոխարեն։ Խոպանչիները, որոնք ստեղծված իրավիճակում մնացել են հայրենիքում, այսուհետ աշխատանքի հնարավորություն կստանան։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու մարզպետարանները հանրապետությունում իրականացվող շինարարական աշխատանքներում արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման և տվյալների բազա կազմելու ուղղությամբ գործընթաց են սկսել:

Մարզպետարանները հայտեր են ընդունում և ցուցակագրում բոլոր այն շինարարներին, որոնք աշխատանք են փնտրում։

Հավաքագրված տվյալները փոխանցում են մրցույթում շահած և կառուցապատում իրականացնող շինարարական ընկերություններին:

Ըստ վիճակագրության՝ ամենաշատն արտագնա աշխատանքի են մեկնում Շիրակի և Գեղարքունիքի մարզերից:

Միայն Գեղարքունիքի մարզում այս պահին ավելի քան 3570 հայտ են ստացել:

Մարզպետ Գնել Սանոսյանի օգնական Լիանա Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ դեռ չեն հաշվարկել, թե նրանցից քանիսն են այս պահին արդեն ներգրավված շինարարական աշխատանքներում: Բայց նշում է՝ այն համայնքներում, որտեղ սուբվենցիոն ծրագրերը մեկնարկել են, աշխատանքի համար դիմած շինարարների տվյալները փոխանցել են:

«Ունենք համայնքներ, որտեղ տեղի բնակիչը, որն աշխատելու ցանկություն է հայտնել, ընդգրկված է շինաշխատանքներում: Շատ չեն, բայց այդպիսիք կան: Դեռ շատ ծրագրեր ունենք, որոնց աշխատանքները չեն սկսվել: Երբ արդեն տվյալ համայնքում ծրագիրն իրականացնող կազմակերպությունը հայտնի դառնա, կփոխանցենք այդ համայնքի հայտ ներկայացրած բնակիչների տվյալները: Մեզ մոտ գործընթացը շարունակական բնույթ է կրում»,- ընդգծեց նա:

Գեղարքունիքի մարզում սպասում էին, որ դիմողները շատ կլինեն: Հատկապես Գավառի, Մարտունու տարածաշրջաններից, Վարդենիսի մի քանի համայնքների աշխատունակ տղամարդկանց մոտ 80 տոկոսը արտագնա աշխատանքի է մեկնում:

«Համայնք ունենք, որտեղ միայն նշված թվին համապատասխան տղամարդիկ են մեկնում արտագնա աշխատանքի: Այդ կտրվածքով դեռ քիչ է, բայց մարզի կտրվածքով տեղում աշխատանք փնտրողների թիվը շատ մեծ է: Ինչն է հետաքրքիր, որ բացի անհատական դիմողներից, կան շինարարներ, որոնք խմբերով են դիմել՝ բրիգադներով: Ովքեր բրիգադով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն կամ այլ երկիր աշխատելու, այդպես մեզ են դիմել»,- մանրամասնեց մարզպետի օգնականը:

Իսկ Գեղարքունիքի մարզպետն աշխատանք փնտրող շինարարական խմբերին հորդորել է սեփական ընկերությունները ստեղծել: Արդեն գրանցված շինարարական կազմակերպություն էլ կա:

«Որպեսզի ուրիշի մոտ աշխատող չլինեն, այլ իրենք ծրագիր իրականացնող լինեն: Օրենքն այս տարի փոխվել է ՝ պարզեցվել: Մարդը, որը կարող է համապատասխանել ներկայացված պահանջներին, հանգիստ կարող է կազմակերպություն գրանցել»,- նշեց նա:

Մնացել են գյուղում

Շիրակի մարզում դեռ ստացած դիմումները չեն ամփոփել: Փանիկ համայնքի տղամարդկանց 90 տոկոսը Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի է մեկնում: Դեռ խորհրդային ժամանակներից են այստեղ ապրուստը գյուղի սահմաններից դուրս վաստակել: Այս տարի պատկերն այլ է: Կորոնավիրուսը փակեց տղամարդկանց ճանապարհը: Գրեթե ոչ ոք գյուղից դուրս չի եկել, բայց ոմանք արդեն գործ ունեն:

«Ամեն տարի 400-500 տղամարդ է խոպան գնում, այս տարի 500-ը դեռ գյուղում են: Ոմանք շինարարության ոլորտում են սկսել աշխատել»,- հայտնեց համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը:

Իսկ Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հերմինե Վարդանյանի տեղեկացմամբ՝ շինարարների հավաքագրման աշխատանքներն ընթացքի մեջ են: Առայժմ չեն կարող ասել, թե քանի հայտ են ստացել:

Միգրացիոն հարցերով փորձագետ, ժողովրդագետ Ռուբեն Եգանյանի կարծիքով՝ ընտրված տարբերակը կարող է իրավիճակը որոշակի մեղմել:

Որոշ հաշվարկներով՝ տարեկան մոտ 80 000-100 000 մարդ է Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնում:

«Եկեք հասկանանք մի բան, որ դրսում էլ այս տարի աշխատանքներ չեն մեկնարկել: Գնացողներն ավելի ծանր իրավիճակում են հայտնվել, քան չգնացածները: Գնացածների մի մասին մենք կարողացանք ինչ-որ ձևով հետ բերել, մնացածները հայտնի չեն, թե ինչ վիճակում են այնտեղ, որքանով են կարողանում իրենց ապրուստն ապահովել, որովհետև աշխատանք չկա, ամեն ինչ փակ է եղել»,- նկատեց փորձագետը:

Տվյալներն ամփոփելուց հետո պարզ կդառնա, թե արտագնա աշխատանքի չմեկնած քանի խոպանչի է տեղում աշխատանք գտել:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1563 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ