...

Նշաձողի ազատ անկումը շարունակվում է

Նշաձողի ազատ անկումը շարունակվում է

Ռուսաստանի ԱԳՆ-ն հստակեցրել է, թե հատկապես ինչ հարցեր են «մանրամասն քննարկելու» Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում։ Դրանք երեքն են․ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան և խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Նախքան այս երեք կետերին հանգամանորեն անդրադառնալը նկատենք, որ նույնքան կարևոր է, թե հատկապես ո՛ր հարցի մասին ընդհանրապես հիշատակում չկա։ Այո, Արցախի, արցախահայության անվտանգության և ինքնորոշման իրավունքի մասին ընդհանրապես խոսք չկա, և սա ենթադրել է տալիս, որ մոսկովյան բանակցությունների օրակարգն այնուամենայնիվ նախապես հարմարեցվել է ադրբեջանական պահանջներին։ 

Ինչևէ։ Հիմա՝ քննարկվելիք երեք հարցերի մասին։

Սկսենք տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումից ու այդ հարցում հայկական կողմի «նշաձողի» ազատ անկումից։ Ընդամենը մեկ տարի առաջ Ալիևը պնդում էր, որ Լաչինի միջանցքը պիտի ունենա գործունեության նույն ռեժիմը, ինչ «Զանգեզուրի միջանցքը», Նիկոլ Փաշինյանն էլ առարկում էր, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթում միայն մեկ միջանցք է հիշատակվում, «Զանգեզուրի միջանցքի» մասին ընդհանրապես խոսք չկա, այնտեղ միայն ճանապարհի մասին է խոսվում, հետևաբար՝ դրանք չեն կարող նույն կարգավիճակն ունենալ։ Հետո Ադրբեջանը պարզապես փակեց միջանցքն ու Հակարիի կամրջի վրա անցակետ տեղադրեց, որն ամբողջովին հենց իրենց՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ է։ Թվում է՝ դրանից հետո «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսակցություններն ընդհանրապես պիտի դադարեին։ Բայց հանկարծ ՀՀ էկոնոմիկայի նախարարը «բերանից թռցնում է», թե բա չեք ասի՝ մենք ուզում ենք Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթուղու՝ ՀՀ մտնող և ՀՀ-ից դուրս եկող հատվածներում մաքսակետերի փոխարեն միջազգային ինչ-որ կազմակերպությունների ստուգման կետեր տեղադրել։ Այդ դեպքում կստացվի, որ Լաչինի միջանցքն Ադրբեջանը վերահսկում է, իսկ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանը չի վերահսկում, այլ կերպ ասած՝ դրանք անգամ նույն կարգավիճակը չունեն, և Ադրբեջանը ստանում է ավելին, քան պահանջում էր մեկ տարի առաջ, Նիկոլ Փաշինյանն էլ իբր «հերոսաբար դիմադրում էր»։ 

Անցնենք սահմանի դելիմիտացիային։ Այս հարցում նույնպես Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հայտնի է։ Նա ամեն առիթով «շարունակում է ընդգծել», որ իր առաջարկը «սահմանագծից զորքերի հայելային հետքաշումն» է։ Բայց՝ չի ասում, թե կոնկրետ որ գիծը նկատի ունի․ այն, որը ֆիքսված է իր ասած «1975 թվականի քարտեզո՞վ», թե՞ այն, որտեղ այսօր փաստացի կանգնած են ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիները։ Երկրորդ տարբերակի դեպքում, բնականաբար, ադրբեջանական զորքը նախ պիտի դուրս բերվի ՀՀ ինքնիշխան տարածքից, բայց նրանք կտրականապես հրաժարվում են անել դա։ Իսկ առաջին տարբերակի դեպքում՝ ստացվում է, որ մեր բանակը մե՛ր տարածքում պիտի հետ քաշվի, իսկ ադրբեջանական բանակը լավագույն դեպքում պիտի հետ քաշվի (եթե ընդհանրապես հետ քաշվի) մինչև ՀՀ պետական սահմանը։ Մինչդեռ ընդամենը մեկ տարի առաջ որպես դելիմիտացիայի մեկնարկի պարտադիր նախապայման ներկայացվում էր ադրբեջանական զորքերի հետքաշումը։ Ահա այսպիսի «նշաձողի ազատ անկում»։

Խաղաղության համաձայնագրի նախապատրաստման մասին։ Ընդամենը երեք հարց։ Այդ համաձայնագրում ներառվելո՞ւ է փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձը, ներառվելո՞ւ է կողմերի՝ հակամարտության ընթացքում միմյանց հասցված նյութական վնասների փոխհատուցման հարցը, և ի՞նչ մեխանիզմներով է ապահովվելու համաձայնագրի իրականացումը։ Այս երեք հարցերի պատասխաններից է կախված՝ համաձայնագիր ընդհանրապես լինելո՞ւ է, թե՞ ոչ, և եթե անգամ լինելու է՝ դրա ստորագրումից քանի՞ ամիս անց է սկսվելու հաջորդ պատերազմը։

Այնպես որ՝ «խաղաղության օրակարգ» մի սպասեք։ Մինչև հիմա դեռ որևէ մեկին չի հաջողվել նվաստացման ու «նշաձող իջեցնելու» շնորհիվ խաղաղություն ստանալ։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   566 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ