...

Ո՞վ է սեղմել ներքաղաքական կյանքի «պաուզայի կոճակը»

Ո՞վ է սեղմել ներքաղաքական կյանքի «պաուզայի կոճակը»

Նկատեցի՞ք, թե ինչ սահուն կերպով մոռացության մատնվեց Վեհափառի և Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպումների թեման։ Եվ Նիկոլ Փաշինյանը, և Ռոբերտ Քոչարյանն իրենց հատուկ մեծամտությամբ վիժեցրին այդ հարթակը, Տեր-Պետրոսյանը դա արձանագրեց, Վեհափառը հայտարարեց հանդիպումները շարունակելու պատրաստակամության մասին և թեման փակվեց։ Այնպիսի տպավորություն է, թե ինչ-որ մեկը սեղմել է «պաուզայի կոճակը», և քաղաքական դաշտում ժամանակավոր հրադադար է հայտարարված։

Մինչդեռ Հայաստանի ու Արցախի շուրջ իրավիճակը ոչ միայն չի լիցքաթափվում, այլև իրադարձությունները չափազանց արագ են զարգանում։ Պրահայի հանդիպումները մոտավորապես ցույց տվեցին, թե ինչ բնույթի փաստաթուղթ է պարտադրվելու Հայաստանին, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, իսկ Հայաստանի ընդդիմադիր դաշտում՝ համենայն դեպս «առաջին դեմքերի» մակարդակով, քար լռություն է։

Ըստ երևույթին պատճառն այն է, որ «նախկին նախագահների ֆորմատը» Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ մի՛ բան էր, առանց նրա՝ բոլորովին այլ բան։ Նրա մասնակցությունն ինքնին ենթադրում էր ջանքերի համախմբում հանուն Հայաստանի Հանրապետության, իսկ առանց նրա դա վերածվելու էր ջանքերի համախմբման փորձի՝ հանուն իշխանափոխության։ Իսկ եթե գերխնդիրը ոչ թե Հայաստանն այս ծանրագույն իրավիճակից դուրս բերելն է, այլ իշխանափոխությունը՝ ամենաողջամիտ քայլը «պաուզայի կոճակը սեղմելն» է։ Վերջին հաշվով՝ «խաղաղության համաձայնագրի» առանձին դետալներ են հրապարակվում, անգամ ստորագրման կոնկրետ ամսաթիվ է շրջանառվում, հանրային դժգոհության կաթսան կամաց-կամաց մոտենում է եռման կետին, նախկին նախագահներն էլ երևի գերադասում են այդ ընթացքում գոլորշի բաց չթողնել, ժամանակավորապես պասիվանալ, սպասել իրադարձությունների զարգացմանը, իսկ «խաղաղության համաձայնագիրը» ստորագրելուն պես հասցնել վճռական հարվածը։ Առավել ևս, որ ակնհայտ է՝ այդ «թուղթը» ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մեկին պետք չի լինելու և որևէ տեղից պաշտպանություն չի ստանալու։ Համաձայնագրին էլ որևէ վտանգ չի սպառնալու, որովհետև «նոր իշխանությունները» չեն կարողանալու հրաժարվել դրանից։ 

Այս «մարտավարության» բարոյական կողմը (երբ լուռ սպասում ես, որ պատուհասը անդառնալի վնաս հասցնի երկրին, որպեսզի ավելի հեշտությամբ քշես նրան) դեռ մի կողմ թողնենք։ Դա ակնհայտորեն սխալ «մարտավարություն» է, որովհետև Նիկոլ Փաշինյանն այդ «թուղթը» չի ստորագրելու։ Թե ինչու՝ բացատրելու կարիք չկա․ որպեսզի իրեն «դավաճան» չասեն։ Նա գերադասելու է արյունով հանձնել այն ամենը, ինչն իրենից թղթով են պահանջում, որպեսզի հետո ասի «դե հո ե՞ս չեմ հանձնել, իրենք են գրավել, մեղավորն էլ նախկիններն են, որ 20 տարի շարունակ․․․» և այլն։ Ու հույս է ունենալու անգամ դրանից հետո պահպանել իշխանությունը, որովհետև եթե մի անգամ ստացվել է՝ ինչո՞ւ պիտի երկրորդ անգամ նույնպես չստացվի։

Ահա այս սցենարն է, որ փորձ արվեց կանխել նախկին նախագահների համատեղ ջանքերով, և այդ փորձը (համենայն դեպս՝ առայժմ) ձախողվեց, որովհետև հազարապատիկ լրջանալու պահի գիտակցման հրամայականը վերածվեց մեզ համար սովորական «իշխանությունը տուր»-«չեմ տալիս» լեզվակռվի։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   934 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ