1937 թվականին ԽՍՀՄ փոխարտգործնախարար Նիկոլայ Կրեստինսկիին գնդակահարեցին: Գիտե՞ք՝ ինչի համար: Որ 1923-26 թվականներին Լև Տրոցկու հետ է համագործակցել, նրա գաղափարները պաշտպանել: Ու այսպես հազարավոր մարդիկ ստալինյան ռեպրեսիաների ժամանակ կյանքով հատուցեցին միայն նրա համար, որ ժամանակին այս կամ այն կերպ առնչվել են Տրոցկուն:
Իսկ հազարավոր քաղաքացիներ իրենց կյանքը փրկելու համար առավոտից երեկո հայհոյում էին Տրոցկուն, նրան մեղադրում աշխարհի բոլոր մեղքերի մեջ, իրենց կենսագրության էջերից ջնջում այն դրվագները, որոնք կարող էին կասկած հարուցել, թե Տրոցկու հետ կապ են ունեցել:
Այս ամենը ներկայացնում ենք, որովհետև նկատել ենք, որ վերջին օրերին մեզ մոտ շատերը սկսել են արդարանալ, թե ինչու են ժամանակին աջակցել Նիկոլ Փաշինյանին, թավշյա հեղափոխությանը: Մեղմացուցիչ հանգամանքներ են ներկայացնում, թե գիտեք, չեմ իմացել, ճիշտ չեմ գնահատել իրավիճակը ու էլի ինչ-որ նման բաներ: Այնպիսի տոնով են արդարանում, կարծես Նիկոլ Փաշինյանին կամ նրա ՔՊ-ին աջակցելը, «Իմ քայլին» քվե տալը ծանրագույն հանցագործություն է, ու հիմա որ իշխանափոխություն լինի, գալու են, Նիկոլին աջակցածներին գնդակահարեն:
Սա ի՞նչ բան է: Ո՞վ է ասել կամ որտե՞ղ է գրված, որ Նիկոլին կամ հեղափոխությանը աջակցելը վատ բան է, ինչի համար պետք է արդարանալ: Հարյուր հազարավոր մարդիկ են աջակցել, որոնց 99 տոկոսը հաստատ կարիերիստական նպատակներով չի արել դա: Այլ վաղվա լավ Հայաստանի հույսով:
Որ մարդը գնա խանութից կացին առնի, հետո դրանով հարևանին սպանի, խանութպանին դա՞տ է հասնում: Խանութպանն ի՞նչ անի, որ կացին գնողը այն սխալ կերպ է օգտագործել: Հիմա հասարակության մեծ մասն աջակցել է Նիկոլ Փաշինյանին, նրան վստահության քվե է տվել: Բայց տվել է, որ երկիր զարգացներ, ոչ թե՝ երկիր վարի տար: Մարդիկ ակնկալիքներ են ունեցել, հույսեր են ունեցել, որ վերջին 20 տարվա հոռի բարքերը, կոռուպցիան, մենաշնորհները, ընտրակեղծիքները կվերանան: Շատ շատերս ենք այդ հույսով աջակցել հեղափոխությանը: Հիմա որ Նիկոլ Փաշինյանն իրեն տրված վստահության այդ ահռելի քվեն փոզմիշ է արել, բոլորովին այլ ուղղությամբ դա մսխել, փառքից կուրացած, ընկել աղետի հասցնող ճանապարհի վրա, իրեն աջակցած մարդկանց մեղքը ո՞րն է:
Բանը հասել է նրան, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, թե աշխատել է Փաշինյանի մոտ, «ինչի համար հայցում եմ բոլորի ներողամտությունը…իմ մեղքը քավելու եմ մինչև վերջ, անգամ իմ կյանքի գնով»: Լրիվ 37 թվի ոճով զղջում է: Դե որ այդպես է, թող զղջման նման տեքստով Գագիկ Ծառուկյանն էլ հանդես գա. ինքն էլ Սերժ Սարգսյանի հրաժարականից մի քանի վայրկյան առաջ սատարեց հեղափոխությանը: Ցուցարարներին էլ ջուր էր հասցնում: Ու այդպես բոլոր այն ուժերը, որոնք հեղափոխությանը սատարել են: Թեկուզ միայն հայտարարությամբ: Այդպես լա՞վ է:
Բայց Նաիրա Զոհրաբյանը արդարանալու տեղ ունի: Ավելի լավ է, արդարանա, թե ինչու էր խորհրդարանում Նիկոլին կոչ անում մինչև վերջ գնալ, «ոչ մի թիզ հողի» մասին հայտարարում, ասում, որ «զադնի» տալ չկա: Այ, սրա համար պիտի ինքը պատասխան տա: Մնացած պատգամավորներն էլ հետը: Որովհետև իրենք էլ իրենց դիրքորոշումներով ու «ոչ մի թիզ» ասելով նպաստել են պատերազմի աղետալի ավարտին:
Այնպես որ, արդարանալու այդ ոճը պետք է դադարեցնել: Հեղափոխությանը, Նիկոլ Փաշինյանին աջակցելու մեջ ոչ մի դատապարտելի բան չկա: Դատապարտելին այն է, որ Նիկոլը այդ աջակցությունը չօգտագործեց՝ ի շահ Հայաստանի և Արցախի ապագային: Չի արդարացրել մարդկանց հույսերը, հիմա մենք մեր հնարավորությունների սահմաններում ելք գտնենք, մենք մեր հնարավորությունների սահմաններում մեզ դուրս բերենք այն փոսից, որի մեջ գցել է: