...

Ոչ մեկիդ ոչ մի տեղը չցավե՞ց

Ոչ մեկիդ ոչ մի տեղը չցավե՞ց

44-օրյա պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ արցախյան առաջին պատերազմից հետո ժամանակն ամենևին էլ մեր օգտին չէր աշխատում, հետևաբար՝ ճիշտ էին այն պնդումները, որ պետք է օր առաջ փոխզիջումային լուծում գտնել, որովհետև կարգավորման ցանկացած նոր տարբերակ նախորդից ավելի վատն է լինելու։ Պարզ ասած՝ 1997-ին Լևոն Տեր-Պետրոսյանն իրավացի էր, նրա ընդդիմախոսները՝ սխալ։ Եվ այս իրողությունը շատերին ստիպեց խոսել «Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենի» մասին։

Իրականում այդպիսի ֆենոմեն չկա։ Սթափ մտածողությամբ, իրատես պետական գործիչը գուցե կարող է ֆենոմեն համարվել, պայմանականորեն ասած, պապուասների հասարակությունում, բայց քաղաքակիրթ երկրներում նման գործչի առկայությունը ոչ թե ֆենոմեն է, այլ ինքնին ենթադրելի երևույթ։ Հետևաբար՝ մեր դեպքում տեղին է խոսել ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, այլ նրա նկատմամբ հասարակության վերաբերմունքի ֆենոմենի մասին։ Այ դա իսկապես արտառոց և ուսումնասիրման արժանի երևույթ է։ Ի՞նչն է պատճառը, որ առանձին-առանձին գրեթե բոլորն ընդունում են նրա քաղաքականության իրավացիությունը, բայց ցանկացած ընտրության ժամանակ «հավաքականորեն» ընտրում են այլ ուժի։ Ի դեպ՝ այս իմաստով բացառություն չէր անգամ 2008-ը, երբ նա ահռելի քանակությամբ ձայներ ստացավ, որովհետև այդ ձայները նա ստացավ ոչ թե այն պատճառով, որ հասարակությունն ընդունեց նրա իրավացիությունը 1997-ին, այլ որովհետև նրան ընկալեց որպես քոչարյանական ատելի ռեժիմը տապալելու ունակ միակ ուժ։ 

Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, բայց ամենայն հավանականությամբ՝ հիմնական պատճառը հոգեբանական է։ Մարդկանց մեծամասնության համար «քարը փեշից թափելն» ու Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա ղեկավարած ուժին ընտրելը կնշանակեր ընդունել սեփական սխալը, ընդունել, որ նաև իրենք են մեղավոր ստեղծված իրավիճակի համար (որովհետև ցանկացած ընտրության ժամանակ ձայն են տվել ում ասես՝ նրանից բացի), իսկ մարդ արարածը, որպես կանոն, չի ցանկանում ընդունել սեփական սխալը և ցանկացած իրավիճակում փորձում է այլ մեղավորներ գտնել։ Ինչպե՞ս է վարվում մարդը, որ, ասենք, քայլում է սառած մայթով, կողքից մեկը հորդորում է զգույշ լինել, որովհետև կարող է թրմփալ գետնին ու ջարդել ոտքը, և ի վերջո հենց դա էլ տեղի է ունենում։ Ճիշտ է, 90-95 տոկոսի դեպքում նա թարս-թարս նայում կամ նույնիսկ մտքում հայհոյում է իրեն նախազգուշացնողին և ոտքով խփում սառույցին (իբր՝ սառույցն էր մեղավոր), բայց ոչ մի դեպքում չի ընդունում, որ մեղավորն ինքն է՝ պետք էր լսել խորհուրդը։

Ցավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես վարվում է ճիշտ այդպես՝ «միջին վիճակագրական քաղաքացու» նման։ Ժամանակին ասում էր, թե կողքից խորհուրդների կարիք չունի, ինքը ամեն ինչ գիտի (հիշո՞ւմ եք՝ «Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ այնպիսի բան չասաց, որը ես չգիտեի»), իսկ արդեն գետնին թրմփալուց հետո՝ իբր լավ էլ գիտեր, որ կարող է նաև ոտքը ջարդել, բայց գիտակցաբար ցուցաբերում էր «սխալվելու վճռականություն», իսկ ավելի ուշ՝ խորհուրդ տվողին թարս-թարս նայելուց (ֆեյքերի ֆաբրիկան Տեր-Պետրոսյանի վրա «քսի տալուց») հետո, մեղքը սառույցի վրա բարդելու փորձեր։ Իբր՝ «ես գնում եմ տևական խաղաղության դարաշրջանի բացման ճանապարհով, բայց դա միայն ինձանից չի կախված, ես ի՞նչ մեղավոր եմ, որ Ադրբեջանը չի համաձայնվում»։ Բա ջարդված ոտքով սառույցի վրա փռված՝ անօգնական գալարվում ես, ինչո՞ւ պիտի համաձայնվի ու դեռ մի բան էլ՝ ձեռքիցդ բռնի ու ոտքի կանգնեցնի։ 

Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ, նրանց երեքին միասին համարյա 90 տոկոս ձայն տվածներն էլ հոգեբանական նույն թակարդում են ու առանց խոսքի հասկանում են իրար։ Այ սա է ամենացավալի ֆենոմենը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2337 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ