...

Ոչ թե պետության, այլ իշխանությունների ականջները

Ոչ թե պետության, այլ իշխանությունների ականջները

Ազատ գյուղի ողբերգությունից հետո հասարակության առաջին ռեակցիան, բնականաբար, ցասումն էր։ Եվ ցանկությունը՝ կառավարությունն ամբողջ կազմով լցնել որևէ «ժամանակավոր կացարան», դուռը դրսից փակել և հետևել «5 լիտրանոց պլաստմասսայե տարայով ավտոբենզինի կիրառման հետևանքներին»։ Երկրորդ ռեակցիան նույնպես ցանկությունների ոլորտից էր, բայց արդեն ավելի մեղմ՝ իշխանությունների անհապաղ հրաժարականի պահանջով։

Հրաժարական, բնականաբար, չի լինելու։ Որովհետև նման դեպքերում հրաժարական տալիս են նորմալ իշխանությունները, իսկ այն, ինչ ունենք Հայաստանում, մեծ հաշվով՝ ոչ նորմալ է, ոչ իշխանություն։ Եղածը լափամանի մոտ հայտնված պատահական մարդկանց խումբ է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և այդ խմբին բացառապես երկու հարց է հետաքրքրում։ Առաջին՝ հնարավորինս երկար լափամանից օգտվելը, և երկրորդ՝ անխուսափելի հատուցումից առաջ փախչելը։ Հրաժարականի դեպքում և՛ լափամանից կզրկվեն, և՛ ժամանակին ծլկելու հնարավորությունից, հետևաբար՝ այդ հարցը նրանց «օրակարգում» չկա և չի կարող լինել։

Հիմա այս հարցին նայենք հանրության տեսանկյունից։ Ցավալիորեն՝ իշխանությունների անհապաղ հրաժարականի պահանջին զուգահեռ կայծակնային արագությամբ տարածվեց մեկ այլ «խոսույթ», որի իմաստը, մեկ նախադասությամբ, մոտավորապես սա է՝ «մենք էս բանակին զինվոր չունենք տալու»։ Ընդ որում՝ զուտ մարդկայնորեն այս մոտեցումը միանգամայն հասկանալի է, և, ի դեպ, միայն բանակին չի վերաբերում։ Օրինակ՝ մարդիկ տեսնում են, թե ինչ լկտիությամբ է անհայրենիք երիտուսապարկերի այս ոհմակը լափում բյուջեն, և արձագանքը լինում է նույն տրամաբանության մեջ՝ «մենք էս երկրին հարկ չունենք վճարելու»։ Կամ՝ մարդիկ տեսնում են տարբեր ոլորտներում տիրող համատարած բարդակն ու «բեսպրեդելը» և եզրակացնում՝ «էս ապրելու տեղ չի, պիտի թողնենք-գնանք»։ Այսինքն՝ թափթփուկների իշխանության նկատմամբ հանրության միանգամայն արդարացված ատելությունը տրանսֆորմացվում է և վերածվում պետության հանդեպ ատելության։ Իսկ Նիկոլենց (և լափամանը կուռք դարձրած ցանկացած այլ աղետաբեր իշխանության) դա լավ էլ ձեռնտու է։ Չէ՞ որ իշխանությունների փոխարեն պետությանն ատելն անուղղակիորեն նշանակում է, որ «իշխանությունները կապ չունեն, ով էլ գա՝ նույնն է լինելու»։ 

Մինչդեռ որևէ այլ հասարակություն ուրիշ մոտեցում կցուցաբերեր։ Եթե կա պետություն, բայց այդ պետությունն իր զինվորներին «բոմժերի» պես է նայում, որովհետև պաշտպանության նախարարը հոգով-սրտով «բոմժ» պատահական մեկն է, ուրեմն պետք է հասնել նրա հրաժարականին և ականջներից բռնած դուրս շպրտել կաբինետից, եթե նույն բարդակն է, ասենք, ԱԺ-ում կամ Երևանի քաղաքապետարանում՝ ուրեմն պետք է ականջներից բռնած դուրս շպրտել ա՛յդ կառույցների ղեկավարներին, իսկ եթե բարդակը ոչ թե մեկ-երկու կառույցներում է, այլ համատարած, նշանակում է՝ ամեն ինչ լավ էլ համակարգված է, հետևաբար՝ պետք է «ֆիզիկական ներգործության ենթարկել» թիվ մեկ պատասխանատուի և համակարգողի ականջները։ Ընդ որում՝ տարբեր հասարակություններում «ականջներից քաշելով դուրս շպրտելը» կարող է տարբեր դրսևորումներ ունենալ։ Մի դեպքում դա կարող է արվել բառիս բուն իմաստով, մեկ այլ դեպքում՝ «Քադդաֆիի ընթացակարգով» կամ «գնդակահարության պատի տակ կանգնեցնելով», երրորդ դեպքում՝ քաղաքակիրթ պայքարի արդյունքում հրաժարական պարտադրելով և հետագայում նույնքան քաղաքակիրթ դատական պրոցեսներով, և այլն, բայց սրանք ընդամենը ձևերն են, իսկ բովանդակությունը նույնն է․ պատուհաս իշխանությանը պետք է հեռացնել, և վերջ։ Այո, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «նա կարող է գոռալ, ճչալ, քացի տալ․․․ դա հինավուրց, գեղեցիկ ավանդույթ է»։ 

Բայց այլընտրանք չկա։ Եթե չստացվի՝ իշխանությունների հանդեպ ատելությունը շարունակելու է վերածվել պետության նկատմամբ թշնամանքի, և արդյունքում կորցնելու ենք պետությունը։ Ու ստիպված ենք լինելու ամաչել ոչ թե սեփական զինվորների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի համար, այլ նրա համար, որ հանդուրժել ենք այդպիսի իշխանություններին։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2491 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ