...

Ոչինչ չանելու ռազմավարությունը

Ոչինչ չանելու ռազմավարությունը

Արդեն 23 օր է, ինչ Արցախը լիակատար շրջափակման մեջ է, ու այդ ընթացքում Հայաստանի իշխանություններին հաջողվեց իրենց համար «ամենակարևորը»՝ խնդիրը սեփական պատասխանատվության դաշտից դուրս բերելն ու իրենցից բացի բոլորին մեղադրելը։ Մեծ հաշվով՝ արդեն 23 օր է, ինչ իշխանությունների «պասով» հասարակությունն առավելապես մի հարց է քննարկում․ ովքե՞ր են ավելի շատ մեղավոր Արցախի շրջափակման համար, ռուս խաղաղապահնե՞րը, թե՞ ադրբեջանական գազից կուրացած անտարբեր Արևմուտքը։ Իսկ այս «դիսկուրսը» միանգամայն ձեռնտու է իշխանություններին, որովհետև այդպիսով իրենք ապաշնորհ կառավարիչներից վերածվում են միջազգային կեղտոտ խաղի զոհերի։ Ընդ որում՝ ամեն ինչ շատ բնական է ստացվում, որովհետև իսկապես էլ և՛ Արևմուտքն է «ադրբեջանական գազից կուրացած», և՛ Ռուսաստանի բացասական դերակատարումն է խիստ թափանցիկ։ 

Բայց արդյո՞ք դա Հայաստանի իշխանություններին իրավունք է տալիս մի կողմ քաշվել ու համարել, որ իրենք Արցախի շրջափակման հետ գործ չունեն, ով պատասխանատու է՝ թող նա էլ զբաղվի այդ հարցով։ 

Սկսենք Ռուսաստանից։ Այդ երկրի դերակատարումը հասկանալու համար բավական է ընդամենը ֆիքսել հետևյալը․ ղարաբաղյան հակամարտության առաջին փուլում՝ քանի դեռ ԽՍՀՄ ներքին զորքերն այնտեղ էին, Արցախը շրջափակման մեջ էր, ռուսները հեռացան՝ ճանապարհը բացվեց, ռուսները վերադարձան՝ ճանապարհը նորից փակ է։ Վերջ, սրանք են չոր փաստերը։ Բայց սա չի նշանակում, թե ռուսներն ադրբեջանցիների եղբայրներն են ու հայերի թշնամիները, սա ընդամենը նշանակում է, որ այդ հարցում Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը համընկնում են, իսկ Ռուսաստանի և Հայաստանի շահերը՝ հակադրվում։ Ինչի՞ մասին է խոսքը։ 

Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց և՛ Ռուսաստանին, և՛ Ադրբեջանին ձեռնտու է, որ Արցախում առնվազն դեռ մի որոշ ժամանակ հայկական բնակչություն մնա։ Ճիշտ է՝ «Ադրբեջանի քաղաքացի», սննդամթերքն ու էներգակիրներն Ադրբեջանից ստացող, ադրբեջանական մանաթով առևտուր անող, բայց՝ այնուամենայնիվ հայկական բնակչություն։ Ռուսաստանին դա պետք է սեփական ռազմական ներկայությունը երկարաձգելու համար, Ադրբեջանին՝ այդ բնակչությանը պատանդի վիճակում պահելու, Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու և այդ եղանակով «Զանգեզուրի միջանցք» ստանալու համար։ Չէ՞ որ եթե Արցախը հայաթափվում է, ոչ ռուսներն են կարողանում երկարաձգել իրենց ռազմական ներկայությունը, ոչ էլ Ադրբեջանն է շանս ունենում բանակցությունների միջոցով «միջանցք» ստանալ։ Բայց Լաչինի միջանցքի անխափան գործունեությունն այդ ծրագիրը ձախողում է, որովհետև Արցախի ժողովուրդը ոչ մի կերպ «Ադրբեջանի քաղաքացի» չի դառնում։ Հենց սա է պատճառը, որ ռուս խաղաղապահները «չեն կարողանում» բացել Հայաստանն Արցախին կապող ճանապարհը։

Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների սխալն այն է, որ նրանց թվում է, թե Արցախից ձեռքերը լվանալով՝ կարողանալու են «29,8 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը» (որն, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի օրոք արդեն դարձել է 29,6 հազարանոց) զերծ պահել նոր ցնցումներից կամ գոնե այդ ցնցումների մեղքը նույնպես բարդել «միջազգային կեղտոտ խաղացողների» վրա։ Մինչդեռ դրա փոխարեն պետք է ընդամենը հասկանալ, թե ինչ գին է պահանջվում այդ ցնցումներից խուսափելու համար, և՝ կամ վճարել այդ գինը, կամ՝ եթե դա անհնար է, իսկ այլընտրանքը պատերազմն է, հնարավոր բոլոր միջոցներով պատրաստվել պատերազմի։

Որի «անոնսն», ի դեպ, միջազգային հեղինակային կազմակերպություններն արդեն ներկայացրել են։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   552 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ