...

Օնլայն պատվիրած սննդամթերքը ժամկետանց է եղել

Օնլայն պատվիրած սննդամթերքը ժամկետանց է եղել

Օնլայն գնումներից արդեն բողոքներ կան: «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց, որ ահազանգեր ունեն: Մի քանի քաղաքացի իրենց դիմում-բողոք են ուղարկել, որ պատվիրած սննդամթերքը ժամկետանց է եղել: «Սպառողների ազգային ասոցիացիան» ուսումնասիրում է իրենց հասցեագրված բողոքները:

«Օնլայն գնումների ժամանակ, որքան գիտեմ, հսկիչ դրամարկղային կտրոն շատ դեպքերում չեն տանում, օնլայն գնումների համար թուղթ են տալիս, որ առևտուրն առցանց է: Հիմնականում ապրանքները ժամկետանց են եղել: Պետք է ուսումնասիրենք, թե որ օնլայն ծառայություններն են, որոնք այդպիսի բան են իրենց թույլ տվել: Դա գեղեցիկ չէ, որ առիթից օգտվեն և ժամկետանց ապրանքներ առաքեն»,- փոխանցեց նա:

Իրացման կետերում կուտակումներից խուսափելու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հորդորեց օգտվել առցանց առևտրի տարբերակից:

Կյանքն օնլայն ռեժիմում 

Վերջին տարիներին Հայաստանում ինտերնետային առևտուրը նոր թափ է առնում։

Սկզբնական շրջանում մեր երկրում թերահավատորեն էին վերաբերվում ապրանքներ գնելու «անսովոր» մեթոդին։ Պետք էր 100 տոկոսով համոզվել, որ, օրինակ, հարևանը կամ գործընկերն առցանց պատվեր են կատարել, ապրանքը հասել է հասցեատիրոջը և ամենագլխավորը` փողերը հօդս չեն ցնդել։

Մելիտա Հակոբյանի խոսքով՝ վերջին տարիներին է միայն մեր երկրում սկսվել առցանց առևտուրը զարգանալ:

Առևտրի այդ տարբերակից հիմնական օգտվողները երիտասարդներն էին: Նրանք տարբեր երկրներից օնլայն հագուստ էին պատվիրում:

«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահն ասում է, որ այդ ժամանակ շատ բողոքներ էին ստանում:
Առցանց առևտուրը դրական կողմեր ունի: Առանց տանից դուրս գալու, համակարգչի միջոցով կարող ես պատվիրել ցանկացած ապրանք: Բայց քիչ չեն դեպքերը, երբ պատվիրողը հիասթափվել է:

«Շատ դեպքեր են եղել, որ վճարել են և ապրանքը ստանալուց հետո պարզվել է, որ տվյալ ապրանքը չի համապատասխանում պատվիրածին: Մենք միջամտել ենք, փոխանակել են, կամ գումարն են հետ ուղարկել: Հատկապես Չինաստանից, ԱՄՆ-ից օնլայն պատվերներ կատարելիս էր նման խնդիր առաջանում»,- ասաց նա:

Մելիտա Հակոբյանն արձանագրում է, որ մեր որոշ սուպերմարկետներ բարձրակարգ առաքման ծառայություններ են մատուցում: Ընդգծում է, որ հատկապես արտակարգ դրության օրերին առաքման ծառայությունները լավ են աշխատել: «Սպառողների ազգային ասոցիացիայի» մասնագետներն այս օրերին շրջում են խանութներով: Մի քանի սուպերմարկետներում նաև Մելիտա Հակոբյանն է եղել: Տեսածն է փաստում՝ աշխատողները կրում են պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ:

«Իսկ այն մարդիկ, ովքեր առաքում են կատարում, նրանք էլ են դիմակ ու ձեռնոց կրում: Հիմա չգիտենք՝ տուն հասնելու ժամանակ են այդ դիմակներ կրում, թե՝ ոչ: Մենք գիտենք, որ շատ դեպքերում դիմակները, որ դնում են, քրտնում են և դժվար են շնչում: Բացի դա, 2 ժամը մեկ պետք է այդ դիմակները փոխել, վստահ չենք, փոխում են, թե՝ ոչ: Արդեն դա մարդու խղճի վրա է: Կան սուպերմարկետներ, որտեղ գանձապահը չէ ապրանքը դասավորում և գնորդին տալիս, կան այլ աշխատողներ: Կան նաև տեղեր, որ գանձապահներն են սնունդը դնում տոպրակի մեջ, պատկերացնում եք՝ ձեռք են տալիս փողին, հետո՝ ապրանքին: Գանձապահների մոտ կա ալկոգել, ամեն քաղաքացուն սպասարկելուց հետո ախտահանում են ձեռքերը»,- փաստեց մասնագետը:

Մելիտա Հակոբյանը նշեց, որ առաքման ծառայությունն անվճար է: Մի քանի տեղերում արդեն դիտարկումներ են կատարել: Առաքման ծառայության գինը բարձր չի եղել՝ 200-300 դրամ է կազմել:

Վստահելի շուկա, քաղաքակիրթ սպառող

«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահի ներկայացմամբ՝ աճել են առցանց առևտրի ծավալները: Պատմում է, որ սուպերմարկետներից մեկում գրեթե հաճախորդ չի եղել, փոխարենը սայլակներն են լցված եղել ապրանքով: Հետո իմացել է, որ այդ ապրանքները պատվիրված են եղել: 

Մելիտա Հակոբյանը կարևորում է, որ շուկան պետք է վստահելի լինի, իսկ սպառողն էլ՝ քաղաքակիրթ:

«Մենք վաճառողից և սպառողից ամեն ինչ պահանջում ենք: Սպառողն ինչ իրավունք ունի, վաճառողն ինչ պարտականություն ունի: Ոչ ոք, սակայն, հարց չի տալիս՝ սպառողական կրթություն տվե՞լ ենք այդ մարդկանց: Մենք սպառողական կրթություն չենք տվել: Շատ կարևոր է դա և անընդհատ այդ մասին ասել ենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Մանյա Պողոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ