...

Որտե՞ղ էին ՀՅԴ-ի ջահելները, երբ մահվան ելքով վրաերթի հեղինակը ոսկե մեդալ էր ստանում

Որտե՞ղ էին ՀՅԴ-ի ջահելները, երբ մահվան ելքով վրաերթի հեղինակը ոսկե մեդալ էր ստանում

ՀՅԴ երիտթևը որոշել է հետ չմնալ քաղաքական աշուն-ձմեռ սեզոնի թրենդից ու պահանջել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Հրաժարականի պատճառների թվում ՀՅԴ-ի ջահելները նշել են մասնավորապես ԿԳՄՍ նախարարության կողմից «ՀՀ-ից արտագաղթած, օտար պետությունում ապաստան հայցած և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը»:

Ուշադրություն դարձրեք, որ այս սեռափոխ եղած անձի անունը ազգայնական, հայդատական ջահելները լայեղ չեն արել նշել, հավանաբար այն պատճառով, որ այդպիսի անձինք նրանց համար այլևս մարդ չեն, երևի թե` նույնիսկ հայ էլ չեն: Խոսքը հանրահայտ ծանրամարտիկ  Մելինե Դալուզյանի մասին է, որն, ի դեպ, ապրելով օտար երկրում` Հոլանդիայում, վերջերս Ամստերդամի հանրախանութներից մեկում զինված կողոպտիչների էր վնասազերծել, ինչի հետևանքով դանակահարվել էր, տեղափոխվել հիվանդանոց: Նման խիզախ արարքի` քաղաքացիների կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար Մելը շնորհակալական խոսքերի էր արժանացել քաղաքային իշխանության կողմից:

Եվ եթե ՀՅԴ-ի ջահելները այդքան ծանր են տանում նրա մասին ֆիլմ նկարահանելու համար գումար հատկացնելը, ապա արժե, որ վերհիշեն, թե 2017-ին ինչպես էր իրենց կուսակից նախարար Լևոն Մկրտչյանը Սերժ Սարգսյանի ձեռամբ ոսկե մեդալի արժանացնում Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանի 16-ամյա որդուն, որը, վարելով Հրազդանի քաղաքապետարանին պատկանող ավտոմեքենան, խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները և վրաերթի ենթարկել քաղաքացիներից մեկին: Վերջինս մահացել էր: Որդի Դանիելյանին մեղադրանք էր ներկայացվել, սակայն նա ստորագրությամբ ազատ էր արձակվել: «Եթե եղել է դժբախտ դեպքը, ի՞նչ հիմքով իր ուսման, գիտելիքի համար նախատեսված պարգևը իրեն պիտի չտրվի: Որևէ պաշտոնյայի երեխա իրավունք չունի՞ մեդալակիր լինելու»,- մեքենայի տակ մարդ գցած երիտասարդին մեդալ տալու իր որոշումն այսպես էր արդարացրել դաշնակցական նախարարը:

Երիտդաշնակցականները եթե այդ ժամանակ իրենց նեղություն տային ու վերհիշեին մասնավորապես «Հանրակրթության պետական չափորոշիչ» փաստաթղթում հանրակրթության բոլոր մակարդակներում սովորողների նկարագրին ներկայացվող պահանջները, ապա կհուշեին իրենց նախարարին, որ ոսկե մեդալի հավակնորդը ոչ միայն գերազանց գնահատականներ պետք է ունենար, այլև համապատասխաներ այդ չափորոշիչով ներկայացվող պահանջներին՝ պատասխանատվություն ցուցաբերել առօրյա կյանքում, իմանալ, ընդունել և հարգել ուրիշների իրավունքները, լինել մարդասեր, հանդուրժողական վերաբերմունք ունենալ շրջապատի մարդկանց նկատմամբ: Երևի նման «հետամնաց» բաների մասին նախարարին հիշեցնելն ու Սերժ Սարգսյանի պարգևած մեդալը հարամելը այդ ժամանակ ՀՅԴ-ի ջահելների պլանների մեջ չէր մտնում: Իրոք որ, հարամեին, որ ի՞նչ անեին: 

Վրաերթի հեղինակին մեդալով պատվելուց հետո մեկ մարդ էր ՀՅԴ-ական նախարարի հրաժարականը պահանջում` Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը` այդ մասին հայտարարություն տարածելով:

Հեղինե Մանուկյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ