...

Ուժի ցուցադրություն՝ Հայաստանի համար վճռական ճակատամարտից առաջ

Ուժի ցուցադրություն՝ Հայաստանի համար վճռական ճակատամարտից առաջ

Ցեղասպանության 107-րդ տարելիցի միջոցառումները նախորդ տարիների համեմատ շատ ավելի տպավորիչ ու քաղաքականացված էին, իսկ ավանդական ջահերով երթին, որը նախկինում Դաշնակցության «մենաշնորհն» էր, այս անգամ մասնակցում էին նաև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ իրենց աջակիցներով։ Ավելին՝ ըստ էության նրանք մասնակցեցին նաև Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման արարողությանը, իսկ երթի մասնակիցների ահռելի թիվը ներքաղաքական «վճռական քայլերի» անոնսի տպավորություն թողեց։ Շատերին դա անկեղծորեն ոգևորել էր, ուրիշները՝ հակառակը, անընդունելի համարեցին Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը քաղաքականացնելն ու անգամ Ծիծեռնակաբերդում քաղաքական ելույթներ ունենալը, «կողմերը» միմյանց մեղադրեցին երեսպաշտության մեջ և այլն, մի խոսքով՝ ինչպես միշտ․ հախուռն, էմոցիոնալ և անբովանդակ։

Իրականում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ակտիվացումը (նախորդ տարիներին նրանք ընդամենը ապրիլի 24-ին այցելում էին Ծիծեռնակաբերդ, իսկ այս անգամ որոշեցին նախօրեին երթ կազմակերպել ու դա վերածել ուժի ցուցադրության) զգացմունքայնության հետ որևէ կապ չուներ ու հստակորեն հաշվարկված էր։ Խնդիրը նույնիսկ Արթուր Վանեցյանի նախաձեռնած գրոտեսկային շարժումը չէ։ Բանն այն է, որ այս տարի ապրիլի 24-ը նշում ենք մի փուլում, երբ կտրուկ սրվել է Ռուսաստանի և Արևմուտքի պայքարը մեր տարածաշրջանի ու մասնավորապես՝ Հայաստանի համար, իսկ այդ համատեքստում հայ-թուրքական հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն։ Այդ հարցում ռուսական «ընկալումները» մոտավորապես այսպիսին են՝ Հայաստանում պիտի մոռանան երբևէ Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալու մասին, Թուրքիան պիտի ընկալվի որպես դարավոր թշնամի ու հավերժական սպառնալիք, Ռուսաստանն էլ, ըստ այդմ, պիտի ապահովի իր մշտական ռազմական ներկայությունը Հայաստանում։ Հասկանալի է, որ այդպիսի ընկալման պայմաններում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բացառող կամ առնվազն բարդացնող ցանկացած քայլ Ռուսաստանում անուղղակիորեն կընկալվի որպես տարածաշրջանում ռուսական ազդեցության ընդլայնմանը նպաստող գործողություն, այսինքն՝ Ռուսաստանի նկատմամբ բարեկամական քայլ։ Եվ հակառակը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու և «խաղաղության դարաշրջան» բացելու ցանկացած ախմախ և ի սկզբանե ձախողման դատապարտված փորձ Արևմուտքը կողջունի, իսկ Ռուսաստանը կընկալի որպես երկարաժամկետ հեռանկարում իրեն տարածաշրջանից դուրս մղելուն և փոխարենը թուրքական ազդեցությունն ընդլայնելուն նպաստող քայլ։ Այնպես որ՝ առնվազն քաղաքական գործիչների մակարդակով ապրիլի 23-24-ին Երևանում տեղի ունեցածը ոչ մի կապ չուներ հիշողության, պահանջատիրության ու պատմական արդարության հետ։ Ընդդիմության լիդերներն ուղղակի ցույց տվեցին, որ ի տարբերություն Թուրքիայի գիրկը նետվելու պատրաստ Փաշինյանի՝ իրենք հավերժ Ռուսաստանի հետ են։

Խնդիրը, բնականաբար, այն չէ, թե «կողմերից» որն է ճիշտ, և որը՝ սխալ։ Հասարակության բացարձակ մեծամասնության համար պատասխանն ակնհայտ է։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը որոշվելու է ոչ թե ըստ ՀՀ քաղաքական ուժերի ու հասարակության պահվածքի, այլ ըստ իրենց քաղաքական նպատակահարմարության։ Ռուսաստանին պետք եղավ՝ Հայաստանը կհռչակի դաշնակից, պետք եղավ՝ «ոչ բարեկամական երկիր»։ Տեսեք՝ Ադրբեջանը հայտարարում է, թե իր տարածքները երկար ժամանակ օկուպացված էին, հիմա նույն վիճակն Ուկրաինայում է, այսինքն՝ Ռուսաստանին օկուպանտ է անվանում, իսկ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում 30 կետանոց «պրոռուսական» թուղթ է ստորագրում։ Եվ ի՞նչ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, թե Ուկրաինայի հարցում Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները հավասարակշռված են։ Այսինքն՝ ոչ մի տարբերություն, նրանց համար մենք նույն հարթությունում ենք։ Բա իհարկե, չէ՞ որ թուրքերը «գլխանց» են վճարել, ընդ որում՝ երկու դրվագներով։ Թույլ չեն տալիս ՆԱՏՕ-ի ռազմանավերի մուտքը Սև ծով, արտգործնախարարն էլ, հուրախություն ռուսների, «Գորշ գայլերի» ժեստով փակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման, այսինքն՝ Արևմուտքին հասկացնում է, թե թույլ չի տալու իր հաշվին «անվճար» ռուսներին դուրս մղել Հարավային Կովկասից։ Մի խոսքով՝ լավ էլ «պասերով» են խաղում։

Համարյա Նիկոլի ու ընդդիմության նման։ Անհասկանալի մնաց միայն, թե ինչո՞ւ էին սրանք առանձին-առանձին բարձրանում Ծիծեռնակաբերդ։ Լավ էլ կնայվեին իրար հետ՝ Քոչարյանը, Սերժն ու Նիկոլը, Վանեցյանն էլ՝ մի երկու քայլ հետ, բայց խրոխտ։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4737 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ