...

Պարտության պատճառները 1․ աշխարհաքաղաքական

Պարտության պատճառները 1․ աշխարհաքաղաքական

Եվ այնուամենայնիվ ինչո՞ւ պարտվեցինք արցախյան պատերազմում։ Ոչ թե «արցախյան երկրորդ պատերազմում», ինչպես շատերն են ասում, այլ հենց արցախյան պատերազմում, որովհետև «առաջին» ու «երկրորդ» չկա, դա նույն պատերազմն էր, որը տարբեր փուլերով ձգվեց 30 տարի և, ի դեպ, արդեն ավարտվել է, որովհետև եթե նոր պատերազմ սկսվի՝ դա արդեն արցախյան պատերազմ չի լինելու, դա լինելու է տոտալ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Պարտության պատճառները բազմաթիվ են՝ պայմանավորված և՛ արտաքին-քաղաքական, և՛ ներքաղաքական, և՛ տնտեսական, և՛ ժողովրդագրական, և՛ բուն ռազմական ոլորտներում թույլ տրված արմատական սխալներով, որոնց էլ կանդրադառնանք առանձին-առանձին և հնարավորինս հանգամանորեն՝ ամբողջական պատկերը ստանալու նպատակով։

Սկսենք արտաքին-քաղաքական կամ աշխարհաքաղաքական իրողություններն օբյեկտիվորեն գնահատելու մեր անկարողությունից։ 

Արցախյան պատերազմի առաջին փուլն ավարտվեց 1994-ի մայիսին՝ հայկական կողմի մեծ առավելությամբ, բայց այդ առավելությունը մեզ համար նաև բացասական դեր խաղաց՝ հաջողությունից գլխապտույտի մեջ ընկանք ու «մոռացանք, թե ինչի համար ենք հավաքվել»։ Մենք այդ պատերազմի մեջ մտել էինք ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապ ապահովելու համար, և 1994-ի հրադադարով հասանք մեր նպատակին՝ միջազգային հանրությունը ոչ միայն ճանաչեց մեր այդ իրավունքը, այլև պատրաստ էր միջազգային երաշխիքներ տրամադրել դա գործնականում ապահովելու համար։ Բայց մենք համարեցինք, որ դա քիչ է, մեզ «առնվազն 8 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Արցախ է պետք», ու այդ պահից սկսած՝ միջազգային հանրությունը (բառացիորեն ամբողջ աշխարհը) մեր դեմ էր։ Մենք գործնականում դեմ դուրս եկանք ամբողջ աշխարհին, որն ընդունում էր ԼՂԻՄ ինքնորոշման իրավունքը, ըմբռնումով էր մոտենում Լաչինով շրջափակումը ճեղքելուն ու Հայաստանի հետ կապվելուն, բայց ոչ մի կերպ չէր հասկանում, թե ինչու է Աղդամը կամ Ջեբրայիլը «մեր հայրենիքը»։ Այլ կերպ ասած, Հայաստանը՝ որպես պետություն, և հայ ժողովուրդը՝ որպես միասնական հանրություն, իրենց առջև դրեցին մի նպատակ, որին հասնելը գործնականում անհնար էր, և անընդունելի համարեցին ցանկացած շեղում այդ նպատակից։

Սա կոպտագույն սխալ էր, որը թույլ տալուց հետո վերջնական պարտությունն ընդամենը ժամանակի հարց էր։ Ընդ որում՝ այնպես չէ, որ այդ սխալը միայն իշխանությունները թույլ տվեցին։ Սխալը թույլ տրվեց համարյա «ազգովի»․ այդ «ճանապարհն» ընտրեցին գրեթե բոլոր քաղաքական ուժերը, Սփյուռքը՝ համարյա ամբողջությամբ, մտավորականությունը, հասարակ ժողովուրդը․․․ Եվ եթե ինչ-որ բանում էլ մեղադրում էին իշխանություններին, ապա «մեղմ դիրքորոշման» կամ «հայրենասիրության պակասի» մեջ՝ իբր «ի՞նչ բանակցություններ, մենք դեռ Բաքու պիտի հասնենք», «Կուր գետն է մեր բնական սահմանը» և այլն։ 

Ընդ որում՝ միջազգային հանրությունը երկար տարիներ մեզ համբերատար կերպով փորձում էր բացատրել, որ այդ ճանապարհով մենք ոչնչի չենք հասնի, որ գրավյալ տարածքների վերադարձն անխուսափելի է, աշխարհը երբեք չի ճանաչի այդ օկուպացիան, որ ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է, և եթե բանակցություններն արդյունք չտան՝ Ադրբեջանին թույլ է տրվելու այդ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, Թուրքիան բաց տեքստով ասում էր, որ օգնելու է, Ռուսաստանը բաց տեքստով ասում էր, որ չի միջամտելու․․․ 

Բայց մենք այդ ամենը լուրջ չէինք ընկալում, և պատերազմի երկրորդ փուլ մտանք՝ առնվազն աշխարհաքաղաքական առումով նախապես պարտված։

Մարկ Նշանյան

Շարունակելի։

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1840 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ