...

Պարտություն, որը պլանավորվել էր 2018-ի մայիսին - 2

Պարտություն, որը պլանավորվել էր 2018-ի մայիսին - 2

Հոդվածի առաջին մասում հիմնավորել էինք, որ Նիկոլ Փաշինյանի՝ 2018-ի մայիսից 2020-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացրած քայլերը վկայում են պարտությունը նախապես պլանավորելու մասին։ Թե ինչ է տեղի ունեցել պատերազմի 44 օրերի ընթացքում՝ դժվար է ասել, որովհետև տեղեկությունները, բնականաբար, չափազանց կցկտուր են և հակասական, բայց փոխարենը՝ 2020 թ․ նոյեմբերի 10-ից առ այսօր տեղի ունեցողը բոլորիս աչքի առաջ է և վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի ձգտել և ձգտում է ավարտին հասցնել նախապես պլանավորված պարտությունը։

Փորձենք հիմնավորել։ Ի՞նչ պիտի աներ պետության ղեկավարը, եթե ձախողել է իր հիմնական գործը, կործանել է մի ամբողջ սերնդի ձեռք բերածը, փլուզել է անվտանգության համակարգն ու հազարավոր զոհերի պատճառ դարձել։ Եթե անգամ իրեն ոչ թե հիմնական մեղավոր է համարում, այլ ընդամենը հիմնական պատասխանատու՝ միևնույն է, պիտի հրաժարական տար։ Եթե այդպես չի վարվել, նշանակում է՝ ինքն իր գործունեությունը ոչ թե ձախողում է համարել, այլ նախապես մշակված պլանի առաջին փուլի իրականացում, որը դեռ պետք է շարունակել ու ավարտին հասցնել։ Նա, ի դեպ, հենց այդպես էլ ասում էր՝ որ հպարտանում է մեր պարտությամբ, իսկ հրաժարական չի տալիս, որովհետև իրեն պատասխանատու է համարում նաև պարտությունից հետո տեղի ունենալիքի (այսինքն՝ պարտությունը «փաստաթղթավորելու» և անշրջելի դարձնելու) համար։

Բայց հայտարարությունները մի կողմ թողնենք և անդրադառնանք նոյեմբերի 9-ից հետո իրականացվող քաղաքականությանն ու կոնկրետ քայլերին։ Ի՞նչ պիտի աներ պետության ղեկավարը, եթե իր առջև խնդիր դրած լիներ մեղմել պարտության հետևանքները և իրավիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով։ Պիտի դասեր քաղեր պարտությունից, արմատապես վերանայեր արտաքին քաղաքականությունը, փորձեր «խելքի բերել» բանակն ու վերականգնել մարտական ոգին, համախմբեր հասարակությանը, և այլն։ Իսկ Նիկոլ Փաշինյանն արեց ճիշտ հակառակը։ Ավելի կոնկրետ՝ արեց ամեն ինչ, որպեսզի հասարակության մեջ արմատավորի այն համոզմունքը, որ ոչ դաշնակիցներ ունենալու վրա կարող ենք հույս դնել, ոչ ներքին ռեսուրսներ ունենք, ոչ բանակ, հետևաբար՝ պետք է հանձնվենք ու սուսուփուս ընդունենք թշնամու բոլոր պահանջները։ Դրա համար պետք էր շարունակել փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (օրինակ՝ ծաղրելով «10 տոկոսով պայթած Իսկանդերները»), բանակում դեռևս մնացած մարտունակ հրամանատարների նկատմամբ քրեական գործեր հարուցել, պետական լրատվամիջոցներով երկարաշունչ ռեպորտաժներ պատրաստել այն մասին, որ բանակը հեղեղված է «300 դոլարանոց լրտեսներով», խոսել 11 հազար դասալիքների և 500-600 հազար պոտենցիալ դասալիքների մասին, ադրբեջանական ցանկացած ագրեսիա արդարացնել «միջազգային նորմերով» և «վրեժի տրամաբանությամբ» (իբր՝ ժամանակին մենք ենք արել, հիմա էլ իրենք են անում), հրաժարվել Արցախից ու փաստացի ընդունել Արցախի հայաթափման ծրագիրը՝ իբր ՀՀ տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի պահելու հնարավորության դիմաց, և այլն։

Հնարավո՞ր է արդյոք կանխել այս ամենը։ Երևի դեռ հնարավոր է։ Բայց Նիկոլ Փաշինյանն իր առջև խնդիր է դրել ցույց տալ, որ հնարավոր չէ (և գործնականում ամեն ինչ անել դրա համար), որովհետև եթե հասարակությունը հասկանա, որ այդպիսի հնարավորություն կա, բայց ինքը չի ուզում անել, անմիջապես իշխանափոխության հարց կբարձրացնի։ Ու քանի որ իր իշխանության հիմքում «ով էլ գա՝ ոչինչ չի կարողանալու անել» թեզն է, պատերազմին հաջորդած երկուսուկես տարիների ընթացքում նա հետևողականորեն ոչնչացրել է դիմադրության ցանկացած հնարավորություն, որպեսզի իսկապես էլ «ով էլ գա՝ չկարողանա ոչինչ անել»։ 

Ու ինքը պահպանի իշխանությունը։ Թեև հենց ինքն էլ խոստովանում է, որ հնարավոր է՝ պետականությունը կորցնենք։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1013 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ