...

Պետականության փլատակները

Պետականության փլատակները

Հայաստանում հերթական անգամ «օնլայն ռեժիմով» արձանագրվեց պետականության բացակայությունը։ Խնդիրը «Սուրմալուի» հրդեհը չէ, նման բան կարող է տեղի ունենալ աշխարհի ցանկացած երկրում։ Խնդիրը նույնիսկ աղետի ֆոնին քանոն նվագելն ու դրա շուրջ բարձրացած աղմուկը չէ՝ ի վերջո եթե արտակարգ իրավիճակների նախարարը որոշում է ինքնափիառվել ու «անձամբ ծխահարվել և տեղում առաջին բուժօգնություն ստանալ», ինչո՞ւ մի ուրիշն էլ չի կարող նույն աղետը ծառայեցնել ի՛ր շահերին։ Խնդիրն այն է, որ նույն օրը տասնյակ շենքերում ռումբերի մասին ահազանգեր են ստացվում, քաղաքը բառիս բուն իմաստով պարալիզացվում է, ու մարդկանց մնում է միայն արձանագրել, որ փաստորեն՝ ցանկացած մեկը, ով հեռախոս ունի և շատից-քչից տիրապետում է թվային տեխնոլոգիաներին, կարող է մեն-մենակ պարալիզացնել մի ամբողջ երկիր ու մնալ անպատիժ։ Ընդ որում՝ դա կարող է անել ամեն օր, նույնիսկ օրը մի քանի անգամ։

Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում։ Տեղի է ունենում այն, որ Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ ավարտին է հասցնում պետական ինստիտուտները կազմաքանդելու գործը, և արդյունքում, ինչպես և պետք էր սպասել, երկրում հաստատվում է կատարյալ քաոս։ Թող պաշտոնյաների նոմինալ գոյությունը որևէ մեկին թյուրիմացության մեջ չգցի, քաոսը հենց այն է, երբ պատահաբար տարբեր պաշտոններում հայտնված մարդիկ անկապ շարժումներ են անում՝ մեկը որոշում է կանխիկ շրջանառությունը վերացնել, մյուսն արգելում է բացօթյա սրճարաններում ծխել, երրորդը որոշում է տեխնիկական կանեփի բիզնես սկսել, չորրորդն ասում է՝ «էն ինչ սիրուն կամուրջ ա, բերեք ծառերը կտրենք, ուրիշ տեղ տնկենք», և այլն։ Սա չի նշանակում, որ Հայաստանում կա իշխանություն, որը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, սա նշանակում է, որ չորս տարի առաջ նրան հաջողվել է վերացնել նախկին իշխանությունը, բայց նորը ստեղծել չի կարողացել, և արդյունքում՝ տարբեր խելապակասներ տրտինգ են տալիս նախկինների կաբինետներում ու զարմանում իրենց բախտից։

Իսկ Հայաստանն արդեն ոչ թե պետություն է, այլ ընդամենը տարածք, որտեղ որոշակի թվով բնակչություն կա։ Ընդ որում՝ այդ տարածքի իրական կարգավիճակը հստակ չէ։ Իներցիայով կարծես թե դեռ անկախ պետություն է, բայց իրականում ոչ անկախ է, ոչ պետություն։ Ոչ էլ որևէ այլ պետության կազմում է կամ ազդեցության գոտում՝ ֆորպոստի կամ դոմինյոնի կարգավիճակով, որովհետև այդ հարցում դեռ վերջնական հստակեցում չկա։ Թղթի վրա սահմաններ կարծես թե ունի, բայց ով, երբ և որ ուղղությամբ ուզի՝ կմտնի ու տարածքի որևէ հատված «դժգույն-դժբախտ» կհռչակի կամ «ռումբերի մասին ահազանգեր» կկազմակերպի։ Ինքնիշխանություն կարծես թե ունի, բայց այլ երկրի ուժայիններն են որոշում՝ իրավունք ունե՞ն քաղաքացիները սեփական երկրում ազատ տեղաշարժվել, թե ոչ։ Սեփական դրամ կարծես թե ունի, բայց դրա փոխարժեքը պայմանական գռզոներն ու լֆիկներն են որոշում՝ քյաբաբի սեղանի շուրջ։ Դատաիրավական համակարգ կարծես թե ունի, բայց ցանկացած պահի ցանկացած մեկին կարող են կալանավորել կամ «ուղարկել եռամսյա հավաքների»։

Բնականաբար, հստակ կարգավիճակ չունեցող (պարզ ասած՝ անտերության մատնված) տարածքից ով ինչ կարողանա՝ պոկելու է, և այսօր բոլորը հենց դրանով են զբաղված։ «Բարեկիրթ հարևանները», «ռազմավարական դաշնակիցները», սեփական իշխանությունները, ընդդիմությունը, քաղաքական արկածախնդիրները, օլիգարխները, բիզնես-շրջանակները, շարքային քաղաքացիները․․․

Ընդ որում՝ ակնհայտ է, որ այսպես երկար շարունակվել չի կարող։ Երկրագնդի որևէ տարածքում տևական ժամանակ քաոս և պետականության վակուում գոյություն ունենալ չի կարող, այդ վակուումն ինչ-որ բանով պիտի լցվի։ Կամ մենք պիտի լցնենք՝ ձևավորելով նորմալ իշխանություններ և փորձելով այս պատուհասների բերած փլատակների վրա վերականգնել պետականությունը, կամ այդ վակուումը կլցնեն ուրիշները։ Հավակնորդներ, ի դեպ, կան, ու համագործակցում են միայն մի հարցում՝ չի կարելի թույլ տալ, որ մենք ոտքի կանգնենք սեփական ուժերով։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1110 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ