...

Փնթիության մոդերատորը

Փնթիության մոդերատորը

Եվ այսպես, Շուշիի հանձնման «պաշտոնական մեղավորը» որոշվեց։ Օգոստոսի 30-ին Արցախից Հայաստան գալիս ձերբակալվել է ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար և ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու» համար։ Միքայել Արզումանյանն, ի դեպ, ՊԲ հրամանատար էր նշանակվել 2020 թ հոկտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից ընդամենը 13 օր առաջ, իսկ ձերբակալման պահին Արցախի հանրապետության նախագահի գլխավոր խորհրդականն էր, Ստեփանակերտում էլ ձերբակալության մասին տեղյակ չեն եղել ու տարակուսած են։ 

Ինչևէ։ Թեև ՀՀ Քննչական կոմիտեն տարօրինակ մանրակրկիտությամբ «թուփ առ թուփ» ներկայացրել է գեներալին վերագրվող «անփութությունները», մենք դրանց չենք անդրադառնա ու այդ քննարկումները կթողնենք մասնագետներին։ Միայն մի դիտարկում։ Պատերազմի օրերին չէր կարող ՊԲ հրամանատար նշանակվել առանց Նիկոլ Փաշինյանի որոշման, հետևաբար՝ մեղադրանքի տեքստը պիտի սկսվեր մոտավորապես այսպես․ «ՀՀ վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանի անփույթ որոշմամբ ՊԲ հրամանատար է նշանակվել գեներալ Միքայել Արզումանյանը, որի հետագա գործունեության արդյունքում․․․» (մնացածը՝ ինչպես տեքստում)։

Հիմա անդրադառնանք խնդրի քաղաքական կողմին։ Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանին կոնկրետ մեղավորներ են պետք, և ինչքան բարձրաստիճան՝ այնքան լավ։ Նրան պետք են «անփույթ գեներալներ», որոնք ոչ միայն վատ են ղեկավարել ռազմական գործողությունները, այլև իբր խաբել են իրեն՝ զեկուցելով, որ ամեն ինչ վերահսկվում է (բա ուրիշ ինչպե՞ս արդարանա, որ արդեն նոյեմբերի 7-ին ադրբեջանցիները լիովին վերահսկում էին Շուշին, իսկ ինքը նոյեմբերի 9-ին հայտարարում էր, թե մարտերը Շուշիի համար շարունակվում են)։ Հասկանալի է նաև, որ նա միայն այս կալանքով չի բավարարվելու, և համարյա բոլոր գեներալները հերթով «հանցավոր անփույթ» են հռչակվելու, որպեսզի ինքը նրանց ֆոնին հասարակությանը ներկայանա խաբված ու դավաճանված հերոս-առաջնորդի հուզիչ կերպարով։

Բայց շատ ավելի կարևոր է հարցի արտաքին-քաղաքական կողմը։ Իսկ հնարավո՞ր է, որ ՊԲ նախկին հրամանատարի կալանավորումը հայ-ադրբեջանական «երկխոսության» հերթական բաղադրիչն է կամ ադրբեջանական կողմի պահանջը։

Բանն այն է, որ պաշտոնապես 44-օրյա պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև չէր, Հայաստանի իշխանություններն օգտագործում են «Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմ» ձևակերպումը, ՀՀ զինված ուժերն էլ, ըստ ԱԽ քարտուղարի, ընդամենը «օգնության են հասել», պատերազմից հետո աստիճանաբար դուրս բերվել, ու հիմա Արցախում ՀՀ զինված ուժեր չկան։ Իսկ ահա ադրբեջանական կողմի հիմնական պահանջն այս փուլում Արցախի ՊԲ լուծարումն է, որին հակադրվելու միակ տարբերակը հետևյալն է՝ հայտարարել, որ Հայաստանը դրա հետ կապ չունի, իսկ մյուս հարցերը (Արցախի իշխանություններ, բանակ և այլն) պիտի քննարկվեն Արցախի կարգավիճակի և անվտանգության միջազգային հուսալի երաշխիքների ապահովման շրջանակներում։ Ու հանկարծ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը ճիշտ հակառակն է անում՝ կալանավորում է ՊԲ նախկին հրամանատարին ու դրանով իսկ ամբողջ աշխարհին պաշտոնապես տեղեկացնում, որ ՊԲ-ն ՀՀ զինված ուժերի մի մասն է։ Այսինքն՝ պաշտոնապես ընդունում է, որ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև է եղել, Արցախի ինքնուրույն ՊԲ գոյություն չունի, հետևաբար՝ ՀՀ զինված ուժերը դուրս բերելու պահանջը կարող է տարածվել նաև ՊԲ-ի վրա), և ընդհանրապես՝ Արցախի իշխանություններն էլ են ֆիկցիա (հակառակ դեպքում Արցախի նախագահի գլխավոր խորհրդականին առանց նրան տեղյակ պահելու չէին ձերբակալի)։

Հիմա գլխավոր հարցը հետևյալն է՝ Նիկոլն Ալիևի պահա՞նջն է կատարում, թե՞ պարզապես սեփական դեմքը փրկելու համար հերթական անգամ ոտնահարում է պետական շահերը՝ առանց հետևանքների մասին մտածելու կամ թքած ունենալով դրանց վրա։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1089 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ