...

Պողպատյա մանդատով՝ նամակ ռուսաց թագավորին

Պողպատյա մանդատով՝ նամակ ռուսաց թագավորին

Վերջապես հայ «ազգային-ազատագրական քաղաքական միտքը» հոգեբանական կոմֆորտում հայտնվեց։ Թշնամին տեռորի է ենթարկում հայկական խաղաղ բնակավայրերը, «տեղի հայ պատասխանատուները» դիմում են խաղաղապահներին՝ խնդրելով պաշտպանել իրենց ու պատժել թշնամուն, Եվրոպան էլ խստորեն դատապարտում է Ադրբեջանում պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությունը։ Հիրավի հարյուրամյակներով ծանոթ իրավիճակ է, որտեղ ամեն մեկս մեր անելիքը գիտենք։ Թե չէ էն ի՞նչ խայտառակ վիճակ էր՝ ինքներս էինք ստիպված ապահովել մեր անվտանգությունը, ինքներս էինք ստիպված բանակցել թշնամու հետ, Արևմուտքն էլ մե՛զ էր ագրեսոր անվանում։

Հիմա Ադրբեջանը քանի օր է ռմբակոծում է Ղարաբաղի գյուղերը, գազամուղն է պայթեցնում, մի խոսքով՝ մտադիր է հայաթափել Ղարաբաղը, իսկ Հայաստանում դա առավելապես գնահատվում է որպես «ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրում»։ Դե եթե Խրամորթը կամ Խանապատը հրետակոծելը ռուս-ադրբեջանական հարաբերությունների հարց է, Հայաստանի վարչապետն էլ պիտի «առայժմ գնահատականներ չտա և ընդամենը արձանագրի վիճակը», բա ուրիշ ի՞նչ պիտի անի։ Նախագահն էլ պիտի ասի՝ թույլ չենք տա, որ Ադրբեջանն իր պահվածքով մեզ շեղի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ճանապարհից, դե հիմա ոչինչ, էսօր չեն ընդունում խաղաղությունը՝ վաղը կընդունեն։ Կարծես մենք ոչ թե Ադրբեջանի հետ ենք ուզում խաղաղություն հաստատել, այլ Կորեայի, Ադրբեջանն էլ մեզ շեղում է։

Հասկանալի է, որ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից ու մի կողմ քաշվել, բայց այդ մասին բարձրաձայն ասել չեն կարող։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը հոգեխանգարմունքի մեջ է ընկնում, երբ իրեն ասում են «հող հանձնող»։ Ընդ որում՝ այնքան անկեղծ է վրդովվում, որ շատերը մտածում են՝ «ա դե մարդը ճիշտ ա ասում, էլի, հո ինքը չի՞ հանձնել, գրավե՛լ են»։ Իրականում պատկերն այսպիսին է։ Ադրբեջանը մոտ 3-3,5 հազար քառակուսի կիլոմետր իսկապես գրավել է, մնացածը Նիկոլ Փաշինյանը հանձնել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով ու իր ստորագրությամբ, ընդ որում՝ մոտ 5 հազար քառակուսի կիլոմետրը (Քելբաջարի, Լաչինի ու Աղդամի շրջանները և Սյունիքի մարզի սահմանամերձ հատվածները) հանձնել է Ադրբեջանին, մոտ 3,2 հազար քառակուսի կիլոմետրը (այսօրվա հայաբնակ Արցախը)՝ Ռուսաստանին։ Կարող էր չհանձնել, թե ոչ՝ այլ հարց է, բայց փաստն այն է, որ ինքն է հանձնել իր ստորագրությամբ, հիմա ինչո՞ւ է վրդովվում, երբ իրեն հիշեցնում են այդ մասին։ Կարող էր ասել՝ այո, հանձնել եմ, բայց ուրիշ ճար չունեի, նախկիններն են մեղավոր, և այլն, բայց ասում է՝ չէ որ չէ, չեմ հանձնել։ 

Ամենաահավորն այն է, որ այս իշխանություններին թվում է, թե Արցախից հրաժարվեցին՝ վերջ, խաղաղության դարաշրջանը բացվելու է։ Սրանք կարծում են, թե թշնամին հայկական Արցախը պատանդ է վերցրել ու Հայաստանին ստիպում է ենթարկվել իր պահանջներին, բայց եթե Հայաստանը խաչ քաշի պատանդների կյանքի վրա (ինչպես Բաքվում պահվող գերիների վրա են խաչ քաշել՝ հայտարարելով, թե մեզ համար նրանք գոյություն չունեն), ուրեմն կարող է լիարժեք ինքնիշխան լինել ու ավելի ազատ գործել։ Սրանք դեռ չեն հասկացել, որ իրականում ամբողջ Հայաստանն է պատանդ (դրա համար էլ թշնամին նաև Սյունիքն ու Երասխն է գնդակոծում)։ Սրանք նույնսկ չեն հասկացել, որ Ադրբեջանը, եթե անգամ ցանկանա (չնայած՝ ինչո՞ւ պիտի ցանկանա), չի կարող ինքնագլուխ խաղաղության դարաշրջան բացել, որովհետև շատերին է պարտական իր հաղթանակների համար ու չի կարող նրանց վրայից «թռնել»։ Կամ էլ՝ հասկացել են, բայց ուրիշ ճար չունեն ու ստիպված են գնալ նույն ճանապարհով։ Բա հո չե՞ն խոստովանելու սեփական սխալները։ Համ էլ՝ ո՞վ է տեսել, որ պողպատյա մանդատ ստացածը սխալվի։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3719 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ