...

Փորձագետները նոր տնտեսական ճգնաժամ են կանխատեսում

Փորձագետները նոր տնտեսական ճգնաժամ են կանխատեսում

Եկող տարվա համար Հայաստանում կանխատեսվող նվազագույն գնաճը կլինի 2.5 տոկոսի սահմանում, առավելագույնը` 4 +/-1.5 տոկոս։ Այս մասին ԱԺ-ում, 2020թ.-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի համար ԿԲ-ի գնաճի կանխատեսման վերաբերյալ սանդղակը ծանոթ է: Նրա խոսքով՝ ԿԲ-ն միշտ զգուշավոր է այս հարցում և կանխատեսման սանդղակն էլ գրեթե միշտ նույն թվերի սահմաններում է լինում: Տնտեսագետը «ՉԻ»-ի հետ զրույցում նկատում է՝ գալիք տարում գնաճի վրա ազդող հանգմանքներից է լինելու ԵԱՏՄ-ից ներկրվող ապրանքների մաքսատուրքերի փոփոխությունը: Տնտեսագետը, սակայն, միևնույն ժամանակ մատնանշում է, որ ԵԱՏՄ-ի շրջանակում ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը էականորեն տնտեսության վրա չեն զգացվել:

Այնուամենայնիվ, սպասվող փոփոխությունները գնաճի վրա ազդող գործոններից է համարում:

Նա գնաճի ձևավորման վրա ազդող երկրորդ հանգամանքն է թվում: Այն կարող է լինել գազի սակագնի հնարավոր բարձրացման ռիսկը:

«Արդեն կես տարի առաջ բարձրացրած արժեքը «Գազպրոմը» իր ներքին ռեսուրսների հաշվին է փորձում կոմպենսացնել, բայց կարող է այդ կոմպենսացիայի մեխանիզմը չկարողանա պահպանել, որովհետև դա իրենից բավականին եկամուտ է խլում: Այսինքն՝ գազը կարող է նորից չթանկանալ, բայց այդ թանկացումը, որն ինքը կոմպենսացնում էր, չկատարի, և այդ 15 դոլարի տարբերությունը մենք զգանք»,- բացատրում է մասնագետը:

Հաջորդ տարվանից մի շարք ոլորտներում սպասվող աշխատավարձի, հավելավճարների և նվազագույն աշխատավարձի բարձրացումներն իրենց հերթին կարող են մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենալ տնտեսության վրա:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ մի կողմից այն խթանում է տնտեսությունը, մյուս կողմից՝ գնողունակությունն է աճում, որի հետևանքով էլ գնաճն անխուսափելի է: Մեկ պատճառ ևս կարող է լինել. համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ևս ազդեցություն ունենալ գնաճի վրա:

«Եթե վերցնենք ամենաթանկ ապրանքը, օրինակ՝ կարագը, որն արժե 5000 դրամ: 5000 դրամի 10 տոկոսը կլինի 500 դրամ, 2,5 տոկոսով հաշվելու դեպքում կկազմի 125 դրամ: 5000-ի մեջ 100-120 դրամ կարող է գինն ավելանալ կամ չավելանալ: Որպես փոքր տատանումներ քաղաքացին կարող է չնկատել, կամ կարող է տեղի չունենալ, եթե շահութաբերության մեջ ընկերությունները տեղավորվեն»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Իսկ գնաճն առավելագույնը 4 տոկոսի հասնելու դեպքում, տնտեսագետի կարծիքով, վտանգավոր որևէ բան չի լինի:

«4 տոկոսը որոշ ապրանքների դեպքում մի քիչ բարձր կլինի: 4 տոկոսը շատ փոքր թիվ կկազմի՝ հաշվի առնելով այն, որ գնողունակության հետ կապված միջին և միջինից ցածր ապրող մարդիկ այդ թանկ ապրանքներից չեն օգտվում: Ավելի շատ միջինից բարձր ապրող խավը կզգա»,- նշեց նա:

Գագիկ Մակարյանի կանխատեսմամբ եկող տարի գնաճը մինչև 3 տոկոս կկազմի, եթե ֆորս մաժորային իրավիճակներ՝ դոլարի և եվրոյի արժույթի հետ կապված տատանումներ չլինեն:

Ըստ նրա՝ արժույթի կտրուկ տատանումներ լինում են պատերազմների և տնտեսական ճգնաժամերի դեպքում:

Տնտեսագետը հայտնեց, որ Եվրոպայում արդեն խոսում են, որ նոր տնտեսական ճգնաժամ է սպասվում: Մի մասն ասում է, որ 2020 թվականին է այն սպասում, մյուսները՝ 2023-ին: Հնարավոր տնտեսական ճգնաժամի ենթադրություններ են անում նաև ռուս փորձագետները:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1185 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ