...

«Փուլային կարգավորման» ադրբեջանական տարբերակը

«Փուլային կարգավորման» ադրբեջանական տարբերակը

Անկախության 32 տարիների ընթացքում Հայաստանը պետական մակարդակով միայն մի անգամ է լրջորեն ցանկացել փոխզիջումների հիման վրա հասնել արցախյան հակամարտության իրական կարգավորման, այն էլ՝ ոչինչ չի ստացվել։ 1997-ին կարգավորման փուլային լուծման երկու տարբերակներից մեկին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել են, ԼՂՀ-ն՝ ոչ, ու կարգավորումը ձախողվել է։ Նախ՝ որովհետև ԼՂՀ-ն բանակցությունների լիարժեք կողմ էր, և երկրորդ՝ ԼՂՀ-ն արդեն ՀՀ իշխանական համակարգում էր «լիարժեք փայատեր»։ Դրանից հետո  «թեման փակվել է», որովհետև 98-ի հեղաշրջումից հետո արցախյան հակամարտությունը ոչ Հայաստանում, ոչ Արցախում չէր ընկալվում որպես շուտափույթ լուծում պահանջող խնդիր, հակառակը՝ գերիշխում էր այն տեսակետը, որ «մենք այդ խնդիրն արդեն լուծել ենք», հետևաբար՝ փոխզիջումների հիման վրա խնդրի վերջնական կարգավորման ցանկացած տարբերակ պետք է գնահատել որպես մեր «լուծումը» մեզանից խլելու փորձ։

Իսկ այսօր Ադրբեջանն այլ «փուլային տարբերակ» է առաջարկում։ Նրանք ցանկանում են «խնդիրը կարգավորել» երկու փուլով։ Առաջին փուլով նախատեսում են ամբողջովին հայաթափել Արցախը, երկրորդ փուլով՝ տարածքներ զավթել ՀՀ-ից (Սյունիքի մարզից, Սևանի ավազանից և այլն)։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, թե «Երևանից ակնկալում է քաղաքական կամք» երեք հարցերում, որոնք վերաբերում են «Ադրբեջանի տարածքում հայ զինվորականների անօրինական ներկայությանը, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն, ղարաբաղյան տարածաշրջանի հայ բնակիչների հետ երկխոսության խոչընդոտմանը»։ Թարգմանաբար սա նշանակում է հետևյալը՝ Ադրբեջանն ակնկալում է, որ «Երևանը քաղաքական կամք կդրսևորի» և կկազմակերպի Արցախի 120 հազար բնակիչների էվակուացիան։ Դրանից հետո իրենք «խաղաղության համաձայնագիր» կստորագրեն, բայց՝ այնպիսի կետերով, որոնց հիման վրա հնարավոր լինի նոր պատերազմ սկսել և տարածքներ զավթել նաև ՀՀ-ից, ու կիրականացնեն երկրորդ փուլը։ 

Ուշադրություն դարձրեք՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն «առաջին փուլի» հետ պրոբլեմ չունի և գործնականում համաձայն է, բայց ձգտում է հարցին «փաթեթային լուծման» տեսք տալ, այսինքն՝ ուզում է հասնել նրան, որ առաջին փուլով գոնե «թղթի վրա» ամեն ինչ վերջանա։ Մարդը մինչև հիմա չի հասկացել, որ հակամարտությունն «արցախյան» էր մինչև 44-օրյա պատերազմը, իսկ պարտությունից և իր՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ադրբեջանի տարածքից ՀՀ զինված ուժերը դուրս բերելու պարտավորության ստանձնումից հետո հակամարտությունը դարձել է հայ-ադրբեջանական, որտեղ Արցախն ընդամենը հանգույցներից մեկն է, գուցե նույնիսկ՝ ոչ ամենակարևորը։ 

Իսկ ինչո՞վ է զբաղված հայրենի «քաղաքական դաշտը»։ Ճիշտ և ճիշտ նրանով, ինչով զբաղված էր 1998-ից հետո։ «Արցախյանից» «հայ-ադրբեջանականի» վերածված հակամարտությունն ընկալում է ոչ թե որպես խնդիր, որն անպայմանորեն պետք է կարգավորել, այլ որպես հրաշալի առիթ՝ սեփական ինքնափիառի, հայրենասիրության, ինքնադրսևորման ու իշխանության հասնելու համար։ Պարզապես 98-ի հեղաշրջումից հետո դա հնչում էր այսպես՝ «մենք հո լափելու համա՞ր չենք եկել, մենք եկել ենք, որովհետև էն դավաճաններն ուզում էին հանձնել Արցախը», իսկ հիմա հնչում է այսպես՝ «մենք հո լափելու համա՞ր չենք ուզում վերադառնալ, մենք ուզում ենք վերադառնալ, որովհետև էս դավաճանը հանձնել է Արցախը»։ 

Ուշադրություն դարձրեք՝ մի դեպքում խոսքն Արցախն իսկապես ազատագրած իշխանությունների մասին էր, մյուս դեպքում՝ Արցախն իսկապես հանձնածների։ Բայց բառապաշարն ու պահվածքը նույնն են, որովհետև երկու դեպքում էլ իրական մտահոգությունը ոչ թե Արցախն է, այլ լափելու ցանկությունը։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5706 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ