Հայաստանում մեկնարկում է գյուղատնտեսական ապահովագրության գործընթացը: Ամեն տարի ցրտահարության, կարկտահարության, քամու հետևանքով գյուղացիական տնտեսությունները հսկայական վնասներ են կրում: Գյուղացու բերքը փրկելու համար ապահովագրական համակարգն է ներդրվում: Ապահովագրվելու են ծիրանի և խաղողի այգիները՝ որպես մեկնարկ։ Ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն և հրդեհ: Ծրագիրը կներդրվի 6 մարզերում:
«ՉԻ»-ին այս թեմայի շուրջ զրուցել է Գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչ, ապահովագրության փորձագետ Արտակ Մարտիրոսյանի հետ:
- Պարոն Մարտիրոսյան, երկար խոսակցություններից հետո ի վերջո ներդրվում է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը: Կառավարության առաջարկած տարբերակն ինչպե՞ս եք գնահատում:
- Իսկ կառավարության առաջարկած տարբերակին ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ: Եթե տեղեկատվության պաշտոնական աղբյուրը միայն պարոն Փաշինյանի կողմից սեպտեմբերի 30-ին տարածված տեղեկատվական բնույթի տեսանյութն է, ապա այդ տեղեկատվությունը դեռևս բավարար չէ խորքային և պրոֆեսիոնալ գնահատականներ տալու համար ներդրվող ծրագրին:
Սակայն, եթե հետհայացք նետենք ամիսներ առաջ պարոն Փաշինյանի հանձնարարականով Էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված միջնաժամկետ բյուջետային ծրագրերի վերաբերյալ հանրային քննարկմանը, ապա կարող եմ փաստել, որ դեռևս այդ ժամանակ էլ բյուջեին հայտ էր ներկայացվում գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի ֆինանսավորման համար, սակայն դա միակ տողն էր, որի տակ չկար ծրագիրը, թե ինչի համար են խնդրում գումարը: Հայաստանի գյուղատնտեսական դաշինքին հանրային քննարկման հրավիրած պատասխանատու պաշտոնյաները խոստացան, որ անպայման ծրագիրն իրենց հասանելի լինելու դեպքում շահագրգիռ քննարկում կկազմակերպեն: Խոստացված հանդիպմանը պետք է նաև քննարկվեր Դաշինքի կողմից արդեն իսկ մշակված, վերհանված խնդիրների լուծումներով հանդերձ ծրագիրը, որը ենթադրում էր 1,2 մլրդ ՀՀ դրամի խնայողություն ապագա 5 տարվա ներկայացված ներդրման ենթակա ծրագրի համեմատությամբ:
Իհարկե, Դաշինքի համար և ծրագրի շահառու այլ սուբյեկտների համար ենթադրում եմ նույնպես, մեծ անակնալ էր առանց շահագրգիռ քննարկման հայտարարել ծրագրի մեկնարկի մասին: Փաստորեն, միջնաժամկետ բոյւջետային ծրագրի քննարկումը ընդամենը քննարկում էր վարչապետի հերթական հանձնարարականը կատարված համարելու համար՝ չպահպանելով ձեռք բերված պայմանավորվածությունը: Նշված մոտեցումն, իհարկե, անհանգստացնող է ոչ միայն գյուղատնտեսության ապահովագրության համար, այլ ընդհանրապես:
- Գյուղատնտեսության ապահովագրության նախնական տարբերակով 3 ռիսկի դեպքում ապահովագրություն կլինի՝ կարկուտ, գարնանային ցրտահարություն և հրդեհ: Ըստ Ձեզ, ճիշտ են ընտրված ռիսկերը և արդյոք հրդեհների վտանգն այդքան մեծ է, որ դա պետք է ներդնել որպես ռիսկ:
- Կարկուտ և ցրտահարություն ռիսկը ամենատարածված և ամենավնասաբեր ռիսկերն են մեր երկրի գյուղատնտեսության համար: Իսկ հրեհ ռիսկը, որպես կանոն, միջազգային պրակտիկայում չեն տարանջատում և կարկուտ ռիսկի հետ համատեղ են ապահովագրում:
- Առայժմ միայն պտուղն է ապահովագրվում՝ ծիրանն ու խաղողը: Իսկ մշակաբույսերը դուրս են մնում, անհրաժեշտ չէ՞ր ներառել նաև մշակաբույսերի ապահովագրությունը, օրինակ ցորենը կամ կարտոֆիլը, որոնք միշտ բնական աղետներից տուժում են:
- Հաշվի առնելով նաև պարենային անվտանգության խնդիրը, միանշանակ համակարծիք եմ, որ խիստ անհրաժեշտ էր նաև ցորենի ապահովագրությունը: Բայց ունենք էական խնդիրներ ոլորտում՝ կապված վիճակագրության, վնասների պատմության հետ: Բայց միայն խոսել պտղատեսակի կամ մշակաբույսի ապահովագրությունից և ռիսկերից առնվազն անթույլատրելի է, քանի որ ներկայացված ծրագրով, ինձ հասանելի տեղեկատվության համաձայն փոխհատուցվելու են միայն կատարված ծախսերը և ոչ թե կորցրած բերքը: Իսկ գյուղացին գյուղատնտեսության ապահովագրություն ասելով հասկանում է կորցրած բերքի փոխհատուցում և պատրաստ է վճարել դրա համար: Այս տեղեկատվությունն էլ պետք է առավելագույնս մատչելի ներկայացնել գյուղացուն, այլապես հատուցում ստանալուց առավել ծանր կլինի հիասթափությունը:
- Պարոն Մարտիրոսյան, արդյոք գյուղապահովագրությունը փրկօղակ կլինի՞:
- Միայն ապահովագրություն ներդնելով, այն էլ բացառապես ծախսերի փոխհատուցում ենթադրող, իհարկե, փրկօղակ բառը չափազանցված է: Պետք է զարգացնել և ներդնել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, գյուղատնտեսական ռիսկերը մեղմելու համար, հակակարկտային կայաններ, կարկտապաշտպան ցանցեր, անհրաժեշտ խորհրդատվություն և ռիսկերի մեղմմանը կամ կանխարգելմանն ուղղված այլ արդյունավետ միջոցառումներ նույնպես: Գյուղացին կրում է վնասներ նաև ոչ միայն կարկուտից ու ցրտահարությունից: Օրինակ՝ սխտորի գինը նախորդ տարի էական բարձր էր, այս տարի դրա հիման վրա ավելի շատ սխտոր ցանողներ եղան, շատ բերք ստացվեց և շուկայի օրենքների համաձայն գինը իջավ՝ դառնալով միջին շուկայականը 1 կգ համար 400 դրամ: Շուկայական ռիսկերը չհաշվարկած սխտոր ցանողների համար հաստատ կարկուտի կամ ցրտահարության ապահովագրության ամենալավ ծածկույթները նույնիսկ փրկօղակ չեն կարող համարվել: Ոլորտին համալիր և համակարգված մոտեցում է պետք, արժեշղթան արդյունավետ և ճիշտ կառավարելու համար:
- Պետության մասնակցությունն այս հարցում ինչպե՞ս պետք է լինի, առաջարկված տարբերակով պետությունը սուբսիդավորում է կատարում:
- Պետությունը ինձ հասանելի տեղեկատվության համաձայն վճարելու է ապահովագրավճարի 50 տոկոսը:
- Այսօր ապահովագրական ընկերությունները պատրաստ ե՞ն նման քայլի դիմել:
- Ապահովագրական ընկերությունները 20 տարի հնարավորություն ունեցել են առաջարկելու գյուղատնտեսության ապահովագրության պրոդուկտներ և չեն առաջարկել, չնայած պահանջարկի առկայությանը, փաստորեն պատրաստ չեն եղել:
Անհրաժեշտ է փաստել, որ ի տարբերություն ԱՊՊԱ համակարգի ներդրմանը, երբ տարիներ շարունակ մասնավոր ապահովագրական ընկերություններն էին լոբբինգ անում այդ համակարգի ներդրման համար, գյուղատնտեսության ապահովագրության դեպքում ուղիղ հակադարձ համեմատական պատկերն ունենք, ապահովագրողները հնարավորինս խուսափում են նույնիսկ խոսել ներդրվող ծրագրի մասին: Ասելիքս փաստում է նաև այն հանգամանքը, որ 6 ապահովագրական ընկերություններից ընդամենը 3-ն են համաձայնել մասնակցել ծրագրին, այն էլ՝ դեռ պարզ չէ, թե ի վերջո ինչ պայմաններով են համաձայնել այսքան ռիսկային և չհաշվարկված ոլորտ մտնելու համար: Ապահովագրական ընկերությունները շահույթ հետապնդող կազմակերպություններ են, իսկ տվյալ ծրագրի դեպքում, երբ նույնիսկ պարտադիր բաղադրիչը առկա չէ, այսինքն՝ պոտենցիալ շուկայի հաշվարկը նույնիսկ հասանելի չէ, ի տարբերություն ԱՊՊԱ-ի, ապա չափազանց մշուշոտ է կանխատեսումներ անելը:
- Ապահովագրող ընկերությունները մասնավոր են՝ ճի՞շտ է այս դեպքում ապահովագրությունը հանձնել մասնավորին:
- Իհարկե, ցանկացած պարտադրված համակարգ ի վերջո ձախողվում է: Հուսով եմ տվյալ դեպքում մասնակից ապահովագրական ընկերությունները չեն ձախողի: Սակայն, եթե ոչ բոլոր ապահովագրականներն են համաձայնվել մասնակցել ծրագրին, իսկ մասնակից ընկերություններն էլ երբեք չեն ունեցել գյուղատնտեսության ապահովագրության պրոդուկտներ, ուրեմն առնվազն անհրաժեշտ էր ենթակառուցվածքները ներդնել, զարգացնել, կատարելագործել, այսինքն՝ գրավիչ դարձնել մասնավոր ընկերությունների համար, որտեղ կունենայինք առողջ մրցակցություն: Մտահոգություններից ամենակարևորն էլ այն է, որ այս դեպքում կունենանք մրցակցություն, սակայն գործակալների կողմից առաջարկվող զեղչերի տեսքով միայն, ինչի ծանր հետևանքները ոլորտը կրել է դեռևս բյուջետային աշխատակիցների առողջության ապահովագրության ներդրման սկզբնական տարիներին:
Իսկ Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի կողմից առաջարկվող մոդելի դեպքում, որն ապահովում է 1,2 մլրդ ՀՀ դրամ խնայողություն, նաև հաշվի ենք առել այն բոլոր խնդիրները, որոնք ուղեկցել են ապահովագրական համակարգին թե բյուջետային աշխատակիցների առողջության ապահովագրության ժամանակ, թե ԱՊՊԱ համակարգի ներդրման ընթացքում: Ընդամենը անհրաժեշտ է համակարգը ներդնել պետական ապահովագրական ընկերության միջոցով, 3 տարի ծախսերի ապահովագրության միջոցով հավաքել անհրաժեշտ վիճակագրություն, խնայված միջոցների հաշվին զարգացնել ենթակառուցվածքները և 3 տարի հետո արդեն բերքի ապահովագրությունը սուբսիդավորել և, իհարկե, նշվածն իրականացնել բացառապես արդեն մասնավոր ապահովագրականների միջոցով, որոնք արդեն առկա վիճակագրության հիման վրա կկարողանան առողջ մրցակցել ոլորտում:
- Իսկ գյուղացին այսօր որքանո՞վ է պատրաստ:
- Գյուղացու պատրաստ լինելը պարզ կդառնա ապահովագրական պայմանագրերի վաճառքի ցուցանիշներն ուսումնասիրելիս: Իսկ որպես ծրագրի ազդեցության և արդյունավետության գնահատման ցուցիչ, ինձ ավելի հետաքրքրում է կարկուտի կամ ցրտահարության հետևանքով վնաս կրած և ապահովագրության պայմանագիր ունեցող գյուղացին, որքանով պատրաստ կլինի հաջորդ տարի վճարելու ապահովագրության համար: Ցավոք սրտի հարևան Վրաստանի տարիներ առաջվա փորձը ինձ այլ բան է հուշում: Իսկ ընդհանուր առմամբ, իմ հարցումներն ու վերլուծությունները ցույց են տվել, որ գյուղացին հատկապես կարկուտից կամ ցրտահարությունից վնաս կրելուց հետո, միշտ էլ պատրաստ է եղել իր միջոցների հաշվին վճարել ակնկալվող բերքի 10 տոկոսը, կարկուտ և ցրտահարություն ռիսկերից ապահովագրվելու համար:
Մանյա Պողոսյան