Ապրիլի 5-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մի տարօրինակ հանրահավաք էին կազմակերպել։ Տարօրինակ, որովհետև ամեն ինչ կար (մասնակիցների լուրջ թիվ, տեխնիկա, ցուցապաստառներ, լրատվական աջակցություն և այլն), բացի ասելիքից։ Ընդ որում՝ առաջինը, որ աչքի էր զարնում, հենց հանրահավաքի 10-15 հազար մասնակիցների և հարթակի միջև ակնհայտ կոնտրաստն էր։ Հրապարակում հիմնականում լուրջ մարդիկ էին՝ լարված, մտահոգված, կենտրոնացած դեմքերով, որ եկել էին այս ծանր վիճակից ինչ-որ ելք տեսնելու հույսով, իսկ հարթակից ընդամենը դատարկ-անիմաստ ճղճղոցներ էին հնչում՝ գավառական դերասանների կեղծ պաթոսով ու ֆալցետով։ Այնպես, ինչպես փոսն ընկածն է աչքերը հառում վերև՝ հույս ունենալով, որ ինչ-որ մեկը կօգնի դուրս գալ փոսից կամ գոնե մի խելացի խորհուրդ կտա, իսկ դրա փոխարեն փոսի եզրին հարմարավետ բազկաթոռներում տեղավորվածները խստորեն դատապարտում են փոսն ու անընդունելի համարում այնտեղ մնալը։
Ինչ վերաբերում է բուն ելույթներին․․․ Միստր Բինի դեմքով մեկն, օրինակ, ասում էր, որ 1992-ին էլ էինք ծանր վիճակում, բայց ազատագրեցինք Շուշին ու հաղթեցինք պատերազմում (տեսնես ո՞ւմ օրոք էր), հետո՝ 1998-ին, իշխանությունները փորձում էին ժողովրդին համոզել, որ եթե զիջումների չգնանք՝ պատերազմ է լինելու (ոչի՞նչ, որ իրականում հենց այդպես էլ եղավ), բայց իրենք մերժեցին զիջումները և 20 տարի խաղաղություն էր, իսկ հետո Նիկոլը հայտարարեց զիջումների մասին, ու ստացանք պատերազմ (ոչի՞նչ, որ Նիկոլը ոչ թե զիջումների մասին էր խոսում, այլ ճիշտ հակառակը՝ ասում էր «Արցախը Հայաստան է, և վերջ», «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», ու հենց դա մոտեցրեց պատերազմը, իսկ Ադրբեջանը մի քանի միլիարդ դոլարի ժամանակակից սպառազինությունը ոչ թե պատերազմի նախօրեին էր գնել մոտակա սուպերմարկետից, այլ ձեռք էր բերել տարիներ շարունակ՝ հիմնականում հենց այդ «20 տարվա խաղաղության» ընթացքում)։ Բայց կարևորը դա չէ։ Ելույթի հեղինակն, ի վերջո, դաշնակ է, և ավելին սպասել պետք չէր։
Հանրահավաքի երկրորդ տարօրինակությունը ՀՀԿ-ի և անձամբ Սերժ Սարգսյանի մասնակցությունն էր այդ խեղկատակությանը։ Մարդը, որ իր նախագահության տարիներին բանակցություններ էր վարում Արցախի խնդիրը փոխզիջումային տարբերակով կարգավորելու ուղղությամբ, որ ասում էր «եթե փոխզիջումների չգնանք՝ վաղն էլ Կարս-Կարսի փոխարեն Ստեփանակերտ-Ստեփանակերտ ենք երգելու», որ իշխանությունը կորցնելուց հետո ասաց, թե իրականում ուզում էր վարչապետի կարգավիճակով իշխանությունը պահպանել, որպեսզի փոխզիջումների հիման վրա խնդիրը կարգավորի, եկել-կանգնել էր Ազատության հրապարակում ու լսում էր, թե ինչպես են պատերազմի հիմնական պատճառ համարում որևէ բան զիջելու մտադրությունը։ Լավ է գոնե, որ «ֆայմեց» ու ելույթ չունեցավ, բայց ամեն դեպքում՝ այդ անիմաստ թամաշային մասնակցելը ՀՀԿ-ին չէր սազում։ Ի վերջո շատից-քչից լուրջ կուսակցություն է, կառույցներ ունի, ռեսուրսներ ունի, մտավոր պոտենցիալ ունի․․․
Մի խոսքով՝ հանրահավաքն այն մասին էր, թե ինչ աղետալի վիճակում են Հայաստանն ու Արցախը, և հնչած ելույթների որակը հաստատեց դա։ Ավելին՝ դրանք ցույց տվեցին, որ մենք մինչև կոկորդներս խրված ենք ոչ միայն անվտանգային, այլև քաղաքակրթական աղետի մեջ։ Որովհետև մինչև հիմա անգամ անվտանգային համակարգի փլուզման պատճառները չենք հասկացել։
Հ․Գ․ Նիկոլ Փաշինյանի ձեռքը ճար լիներ՝ բոլոր ելույթ ունեցողներին պարգևավճարներ կբաժաներ։ Որովհետև ավելի լավ նվեր, քան ասելիքի բացակայության նման հրապարակային ցուցադրությունը, հազիվ թե երազեր։
Մարկ Նշանյան