Սա հագեցնող, կալորիական, քաղցր ու շատ համեղ կարկանդակ է: Աղանդերի բաղադրիչներից դատելով՝ ժամանակին սա աղքատների տոնական ուտեստն է եղել՝ եգիպտացորենի ալյուր, կենդանական ճարպ և պնդուկ ցորենի ալյուրի, կարագի ու նուշի փոխարեն: Բայց ինչպես հաճախ է տեղի ունեցել նման ուտեստների հետ, այն փոփոխվել է և մեր ժամանակները հասել ներկա ձևով: Բաղադրատոմսի մեջ փոփոխությունները տեղի են ունեցել ամենայն հավանականությամբ արդեն 17-րդ դարում, իսկ հիմա «Սբրիզոլոնան» ընդգրկվել է նույնիսկ ամենալուրջ ռեստորանների ճաշացանկում:
Բաղադրիչները
6-8 բաժնի համար
- 300 գ ալյուր
- 100 գ կարագ, մի փոքր էլ տապակին քսելու համար
- 1/2 բաժակ շաքարավազ
- 2 ձու
- 100 գ մաքրած նուշ
- մի փոքր աղ
- մանր չորահաց՝ տապակին ցանելու համար
Պատրաստման եղանակը
- Կարագը հալեցրեք: Նուշը ոչ շատ մանր փշուրների վերածեք:
- Ալյուրը մաղեք, այն խառնեք կարագի հետ, ավելացրեք շաքարավազը, ձվերն ու աղը: Խմորի մեջ վերջինն ավելացրեք նուշը:
- Տապակի վրա կարագ քսեք, վրան չորահաց ցանեք:
- Տապակի մեջ լցրեք խմորը և 35 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ:
- Հովանալուց հետո մատուցեք:
Խորհուրդ: «Սբրիզոլոնան» պետք չէ դանակով կտրել: Ավանդույթի համաձայն՝ այն ձեռքով են մասնատում: Հաճախ այս կարկանդակը մատուցում են կարմիր քաղցր գինու հետ: Կարկանդակի կտորները կարող եք մտցնել գինու մեջ, հետո՝ ուտել: Ասում են՝ այդպես ավելի համեղ է:
«Չորրորդ իշխանություն», թիվ 40, 2020