...

Քաղցր ու համեղ. Տորթ «Տերամանա»

Քաղցր ու համեղ. Տորթ «Տերամանա»

Իտալական այս տորթն անվանում են նաև «քաղցր պիցցա»: Եթե մտածում եք, որ պիցցան անպայման լոլիկներով ու պանրով պատված հացի խմորն է, ապա սխալվում եք: Ընդհանրապես՝ պիցցա բառը լատինական prinsa բառից է, ինչը նշանակում է «տափակ բլիթ»: Դա է պատճառը, որ իտալացիները հաճախ պիցցա անունն են տալիս նրան, ինչը կլոր է, տափակ, ջեռոցում տապակված և պատված է ինչ-որ միջուկով: 

Իսկ «Տերամանա» բառը Տերամո քաղաքից է, որն իտալական Աբրուցիա շրջանի հյուսիսում է գտնվում և հայտնի է իր խոհանոցով:

Բաղադրիչները
8-10 բաժնի համար

  • 2 կլոր բիսկվիթ՝ յուրաքանչյուրը մոտ 400 գ քաշով (տես՝ խորհուրդ 3)
  • 1 լ կաթ
  • 6 ձվի դեղնուց
  • 2 բաժակ շաքարավազ
  • 100 գ ալյուր
  • 90 գ կակաոյի փոշի
  • 300 գ մաքրած նուշ
  • 100 մլ ռոմ
  • 100 մլ լիկյոր «Ալկերմես» կամ համեմունքներով կոնյակ (տես՝ խորհուրդ)
  • կես կիտրոնի կեղև
  • դարչինի փոքր փայտիկ

Ջնարակի (глазурь) համար

  • 2 ձվի սպիտակուց
  • 1/2 բաժակ շաքարի փոշի
  • մի քանի կաթիլ կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

  1. Կաթը կիտրոնի կեղևի ու դարչինի փայտիկի հետ եռացրեք: Թասի մեջ հարեք դեղնուցներն ու 1,5 բաժակ շաքարավազը: Ավելացրեք ալյուրը, լավ խառնեք: Կաթը թողեք հովանա, ապա անընդհատ խառնելով ավելացրեք կրեմին: Կրեմը անընդհատ խառնելով մոտ 10 րոպե եփեք թույլ կրակի վրա մինչև խտանա:
  2. Պատրաստի կրեմը երկու մասի բաժանեք: Դրանցից մեկի մեջ ավելացրեք կակաոյի փոշին ու խառնեք, քանի դեռ կրեմը տաք է: Հետո երկու բաժին կրեմն էլ լրիվ հովացրեք:
  3. 150 մլ ջուր եռացրեք, ավելացրեք շաքարավազի մնացած մասն ու 5 րոպե եփեք: Թողեք մի փոքր հովանա: Նուշը սրճաղացով աղացեք, ապա ավելացրեք օշարակին (սիրոպին) ու խառնեք:
  4. Բիսկվիթները կիսեք, որպեսզի 4 բլիթ լինի: Առաջին բլիթը տեղադրեք մեծ ափսեի մեջ: Ռոմը բացեք 2 ճ.գ. ջրով ու ստացված խառնուրդի կեսով ցողեք բլիթը: Բլիթի վրա քսեք բաց գույնի կրեմը: Վրան տեղադրեք հաջորդ բլիթը, սա էլ ցողեք լիկյորով կամ կոնյակով, ապա քսեք կակաոյով կրեմը: Տեղադրեք երրորդ բլիթը, թրջեք այն մնացած ռոմի խառնուրդով, վրան քսեք նուշի խյուսը: Ծածկեք չորրորդ բլիթով:
  5. Սպիտակուցները հարեք շաքարի փոշու և կիտրոնի հյութի հետ: Ստացված ջնարակով պատեք տորթը՝ վերևից ու կողքերից: Մի փոքր սպասեք ու մատուցեք:

Խորհուրդ 1: «Ալկերմես» լիկյորը կարող եք փոխարինել կոնյակով՝ ավելացնելով 1/3 թ.գ. մշկընկույզի, դարչինի ու մեխակի փոշու խառնուրդ:

Խորհուրդ 2: Ջնարակը պատրաստելուց անմիջապես հետո պետք է օգտագործել, հակառակ դեպքում այն կպնդանա:

Խորհուրդ 3: Բիսկվիթի համար անհրաժեշտ է 4 ձու, 3/4 բաժակ շաքարավազ, 110 գ ալյուր, 1/2 ճ. գ. եգիպտացորենի օսլա, շաքարի փոշի: Ձվի դեղնուցներն առանձնացրեք սպիտակուցներից: Դեղնուցները խառնեք 3/4 բաժակ շաքարավազի, ալյուրի ու օսլայի հետ այնպես, որ գնդիկներ չմնան, միատարր զանգված ստացվի: Սպիտակուցները հարեք, փայտե գդալով ներքևից վերև շարժումով լցրեք խմորի մեջ: Ստացված խմորը լցրեք տապակի մեջ, վրան կալկայով ծածկեք: Տապակը 20 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, հետո հանեք ջեռոցից, թողեք, թող հովանա:

«Չորրորդ իշխանություն», թիվ 39, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ