...

Քանի՞ ծրագիր է թերակատարվել

Քանի՞ ծրագիր է թերակատարվել

Պետական բյուջեով պլանավորված կապիտալ ծախսերն այս տարի զգալի թերակատարվում են։ Դրանք այն գումարներն են, որոնք ուղղվում են ճանապարհների բարելավմանը, կրթական ու առողջապահական հաստատությունների վերանորոգմանը, կառուցմանը և այլ ենթակառուցվածքների կառուցմանն ու բարելավմանը: Այդ գումարների մեծ մասի աղբյուրը արտաքին վարկերն են, որոնք Հայաստանը ստանում է միջազգային կառույցներից։ 

Այս տարվա համար նախատեսված է եղել կատարել 248.8 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, ինն ամիսներին այդ ծախսերը պետք է կազմեին 184 մլրդ դրամ։ Բայց Ֆինանսների նախարարության պետական բյուջի հաշվետվության մեջ նշվում է, որ պլանավորվածի համեմատ 112.4 մլրդ դրամով պակաս ծախս է կատարվել, կամ կապիտալ ծախսերը թերակատարվել են 61.1 %-ով։ Չկատարված ծախսերը կազմել են 225 մլրդ դրամ:

Թե ինչու են կապիտալ ծախսերը թերակատարվում, բազմաթիվ պատճառներ են մատնանշվում՝ սկսած ծրագրերն իրականացնող մասնագետների պակասից, որակի ստանդարտներից և այլն: 

Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների որակից գոհ չէ վարչապետ Փաշինյանը: Նա կարևորում է, որ շինարարությունների ստանդարտները և որակները անհրաժեշտ է բարձրացնել: Կապիտալ ծախսերի թերակատարման հարցը, վաչապետը կապում է նաև կոռուպցիոն ռիսկերի հետ: Ըստ նրա, եթե նախկինում, այսպես կոչված, «ատկատները» համընդհանուր ընդունված իրողություն էին, այսօր դա իրողություն չի կարելի համարել: 

Լավ կատարված աշխատանքն ու բարձր որակն իր տեղում, բայց տնտեսագետները կապիտալ ծախսերի թերակատարման հետևանքները մտահոգիչ են համարում: Մի շարք տնտեսագետներ կապիտալ ծախսերի թերակատարումը լուրջ խնդիր են համարում տնտեսության համար: Այն դանդաղեցնում է տնտեսական աճի տեմպերը, բերելու է գործազրկության աճի, նվազեցնելու է  արտադրողականությունը: 

«ՉԻ»-ին փորձեց պարզել, թե որակի ստանդարտներին չհամապատասխանելու պատճառով, քանի ծրագիր է թերակատարվել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ներկայումս որակին առնչվող պատճառներով դադարեցված են Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով իրականացվող Երևանի թիվ 135 դպրոցի շինաշխատանքները, քանի որ կապալառուի կողմից դպրոցի շենքի հիմնակմախքի սյուները չեն ապահովում նախագծով նախատեսված ամրությունը։ Այս առումով, կապալառուն պետք է քանդի սյուները և նորից բետոնապատի: 

Շինաշխատանքները դադարեցված են նաև Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով իրականացվող 2 ենթածրագրերում՝ Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 դպրոցի կառուցման ենթածրագրում՝ երկրաբանական հետազոտության ճշտման պատճառով, Վանաձորի թիվ 7 դպրոցի ծրագրում՝ «Վեոլիա Ջուր» կազմակերպության կողմից կոյուղագծի միացման կետի տեղափոխման պատճառով:

Ծրագրերից ամենամեծ արժեքն ունի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով իրականացվող Երևանի թիվ 135 դպրոցի ենթածրագիրը՝ 1,995,143,888 դրամ: 

Չի իրականացվել Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր‚ Տրանշ-2 ծրագիրը։ «Կորսան-Կորվիամ Կոնստրուկսիոն» իսպանական ընկերությունը ծանուցվել է այն մասին, որ պատվիրատուն լուծում է կապալի պայմանագիրը՝ կապալառուի կողմից պայմանագրի դրույթների բազմաթիվ խախտումների, ինչպես նաև վերջինիս անվճարունակ լինելու պատճառով:

Ամենամեծ արժողությամբ ծրագիրը «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր‚ Տրանշ-3 ծրագիրն է՝ 5‚564‚068.7 հազար դրամ ընդհանուր արժեքով:
Իսկ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 483 սուբվենցիոն ծրագիր է հավանության արժեցել, որոնց ընդհանուր գումարը կազմում է 23,76 մլրդ դրամ:

Նշենք, որ սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքների որակի և ծավալի նկատմամբ իրականացվում է խիստ հսկողություն։ 

Պետական բյուջեով ամենաշատ գումարը նախատեսվել է Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրացված կառավարում ծրագրի համար՝ շուրջ 8.8 մլրդ դրամ:

Տեղեկացնենք նաև, որ պետական բյուջեի միջոցներով իրականացվել են «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտներ» ճանապարհաշինական ծրագրերը:

Ամենամեծ արժողությամբ ծրագիրը «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագիրն է՝ 17 435 075.5 հազար արժեքով: 

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2365 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ