«Իսկ ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահին, ապա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և ձգձգվող դատավարության հետ կապված մեր հստակ դիրքորոշումն ու մտահոգությունները վաղուց ենք հայտնել։ Աշխարհը պատուհասած այս համավարակի պայմաններում այսօր առավել ևս անընդունելի ենք համարում առողջական խնդիրներ ունեցող և վտանգված տարիքային խմբում գտնվող ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ ազատազրկման ծայրահեղ միջոցներ կիրառելը։ Արդարադատության իրականացումը չի կարող ընտրովի լինել և չպետք է հակասի իրավունքի գերակայության սկզբունքներին»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
«ՉԻ». Առաջին դաշնակցականն է, որ քիչ թե շատ ազնիվ է: Այո, այդ կուսակցությունը Քոչարյանի համար իր «մտահոգությունը» արտահայտել է դեռ այն ժամանակ, երբ Քոչարյանը որևէ առողջական խնդիր չուներ, հպարտանում էր իր սպորտային կազմածքով, աշխարհում չկար կորոնավիրուս, և նա էլ չէր հասել խոցելի խմբի տարիքին: Բայց դաշնակներն ամեն ինչ գիտեին և այն գլխից պահանջում էին Քոչարյանի ազատ արձակումը:
Զավեշտալի է նաև տեսակետը արդարադատության ընտրովի լինելու մասին: Այդ կուսակցության որոշ ներկայացուցիչներ առ այսօր վայելում են հենց արդարադատության ընտրովի լինելու պտուղները: Օրինակ՝ կուսակցությունն իր ներսում ստեղծում է ահաբեկչական միավորներ, ծավալում գործունեություն, սակայն հայտնաբերվում և վնասազերծվում է: Խոսքը 30+1 և Դրո միավորների մասին է:
Արդյունքում՝ կան դաշնակցականներ, որ առ այսօր կրում են իրենց պատիժը, և կան այլ դաշնակցականներ, որ Քոչարյանի հեղաշրջումից անմիջապես հետո հայտնվեցին ազատության մեջ՝ արդարադատության ընտրովի լինելու լավագույն վերնագրով՝ իրավիճակի փոփոխվելու պատճառով:
Եվ հիմա այդ դաշնակները նման հայտարարություններով վերադարձնում են 22 տարի առաջ կուտակած պարտքը: Ուրիշ բան, որ Քոչարյանն այնքան էլ գոհ չէ դաշնակների «պայքարից» և հարմար առիթի դեպքում ամեն ինչ հիշեցնելու է, իսկ պարտքի փակումը պահանջելու է տոկոսների հետ միասին: