...

Ռուբլու արժեզրկումն ու արտահանման ծավալները

Ռուբլու արժեզրկումն ու արտահանման ծավալները

Պանրի արտահանման ծավալները կկրճատվեն

Կորոնավիրուսն իր հետքն է թողել նաև պանրի շուկայում: «ՉԻ»-ի հետ զրույցում ասում է պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը:

Նա արձանագրում է, որ արտահանման ծավալներն են նվազել և միաժամանակ հստակեցնում, որ պատճառը միայն վիրուսով պայմանավորված սահմանափակումները չեն:

Պանրագործների միության նախագահի կարծիքով՝ հնարավոր է արտահանման ծավալները հասնեն նախորդ տարվա ցուցանիշների կեսին:

Պանրի արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է, ռուբլու արժեզրկումն է այստեղ դեր խաղացել:

«Հունվար ամսին ռուբլու արժեքը 7,7 էր, հիմա 6,8 է դարձել: Գիտեք՝ դա ինչ սարսափելի տարբերություն է: Հնարավոր չէ նման պայմաններով արտահանում կազմակերպել: Ի դեպ, նշեմ, որ Ռուսաստանում էլ է վիճակը վատ, պահանջարկը նվազել է: Բայց հիմնական խոչընդոտն արժույթն է»,- նկատեց փորձագետը:

Արմեն Գիգոյանի խոսքով՝ Էկոնոմիկայի նախարարության համար առաջին խնդիրներից մեկը պետք է լինի արտահանման ռիսկերի կառավարումը:

Ցնցումները նվազեցրել են

Իսկ ներքին շուկայում, Գիգոյանը նշում է, որ արտադրողները շատ չեն տուժել, քանի որ պետական միջամտությունները կարողացել են հնարավոր ցնցումները նվազեցնել: Պանրագործների զգալի մասը կարողացել է օգտվել այդ ծրագրից:

«Ֆինանսական աջակցության տարբեր ծրագրեր կան՝ ուղղված գյուղատնտեսական մթերքների վերամշակմանը, որն իսկապես իր դրական դերն է ունեցել մեր ոլորտում: Նշեմ, որ շատերն ավելիին էին սպասում, բայց իմ կարծիքով նման օժանդակությունները տեղին են և կարելի է ասել ժամանակին հասցրեցին արտադրողներին: Պետական աջակցության ծրագիր կա, որ նախորդ տարվա շրջանառության 10 տոկոսի չափով արտոնյալ պայմաններով կրեդիտ է տրվում վերամշակողին 36 ամսով: Բայց դա ընդամենը մեկ թերություն ունի, որ ովքեր պարտքեր են ունեցել, ծրագրից օգտվել չեն կարողացել»,- ներկայացրեց նա:

Չնայած այս ամենին՝ տարվա առաջին կիսամյակում նվազել են նաև պանրի արտադրության ծավալները: Այստեղ դեր են խաղացել կաթնարտադրության քիչ ծավալները: Բացասական հաշվեկշիռը մոտ 15 տոկոս է կազմում:
Սա էլ իր հերթին ապրանքի գնանկում է առաջացրել: Սեզոնայնությամբ պայմանավորված՝ կախված պանրի տեսակից, գինը նվազել է մոտ 15-25 տոկոսով:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1821 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ