...

Ռուսաստանի ու Ադրբեջանի «բազարը» ժամկետների շուրջ է

Ռուսաստանի ու Ադրբեջանի «բազարը» ժամկետների շուրջ է

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ օդում ճոճեց «թղթե շերեփը»՝ վկայակոչելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու ռուս խաղաղապահներին մեղադրելով իրենց պարտականությունները չկատարելու մեջ։ Զուգահեռաբար՝ Հայաստանում և Արցախում «զորիբալայանիզմի» հերթական շքահանդեսն է․ ադրբեջանցիները Լաչինի միջանցքը փակել են նաև ռուս խաղաղապահների շարասյան առաջ, ու դա առիթ է դարձել, որ հերթական անգամ ռուսներին բացատրենք իրենց շահն ու ցույց տանք, որ Ադրբեջանն առաջին հերթին հենց Ռուսաստանի թշնամին է, մենք ենք ռուսների միակ դաշնակիցը, և այլն։ 

Ռուսական շարասյան առաջ ճանապարհը փակելը, իհարկե, հազիվ թե բեմականացված էր, որովհետև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև իսկապես էլ բազմաթիվ տարաձայնություններ կան։ Բայց մեր առաջնահերթ խնդիրը պիտի լինի ոչ թե այդ տարաձայնություններով հրճվելը, այլ հասկանալը, թե կոնկրետ ինչի՞ շուրջ են այդ տարաձայնությունները, որո՞նք են կողմերի նպատակները, և ըստ այդմ՝ ի՞նչ դիրքորոշում պիտի որդեգրի հայկական կողմը։

Սկսենք հայկական կողմի «կարմիր գծերից»։ Դրանք երկուսն են։ Առաջին՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում (սա քմահաճույք չէ, որովհետև եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում՝ շատ կարճ ժամանակում կդադարի լինել Արցախ ու կդառնա «Ղարաբաղի տնտեսական շրջան»), և երկրորդ՝ ՀՀ տարածքում չի կարող լինել մեր ինքնիշխանությունը սահմանափակող «արտատարածքային միջանցք»։ Ուշադրություն դարձրեք՝ Հայաստանի իշխանություններն առաջին «կարմիր գծից» արդեն հրաժարվել են և «իջեցրել նշաձողը», բայց երկրորդ «կարմիր գիծը» դեռ պահում են։ Իսկ Ռուսաստանը, մեծ հաշվով, այդ երկու «կարմիր գծերին» էլ դեմ է։ Նրանք պաշտոնապես ընդունել են, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և համարում են, որ Սյունիքով անցնող հաղորդակցության ուղիներն էլ իրենք պիտի վերահսկեն։ Այս իրավիճակից օգտվելով՝ Ադրբեջանն իբր այլընտրանք է առաջարկում Հայաստանին․ կամ Հայաստանի տարածքային ամբողջականության «կարմրի գիծը» պահեք (ու այդ դեպքում Լաչինի միջանցքն է՛լ մոռացեք, Ղարաբաղն է՛լ), կամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը մոռացեք, սուսուփուս միջանցքը տվեք, հետո արդեն կքննարկենք՝ Ղարաբաղում հայեր ապրելո՞ւ են, թե՞ ոչ։ Հասկանալի է, որ սա կեղծ այլընտրանք է, որովհետև Ադրբեջանը և՛ միջանցք է ուզում, և՛ Արցախի հայաթափում։ Իսկ դա գործնականում նշանակում է, որ իրականում նրանք մեզ ընդամենը «հերթականությունը որոշելու» հնարավորություն են տալիս։ Կամ մենք սկզբում միջանցքն ենք տալիս, և այդ դեպքում Արցախի հայաթափումը երեք կամ ութ տարով հետաձգվում է, կամ մենք միջանցքը չենք տալիս, նրանք շրջափակման ու սադրանքների միջոցով հայաթափում են Արցախը, իսկ միջանցքի հարցը լուծում են հետագայում՝ որևէ պատրվակով նոր պատերազմ սկսելով։

Ակնհայտորեն՝ Ադրբեջանն այս «ընտրության» առջև է կանգնեցրել նաև ռուսներին, ու նրանք, այս պահին լրացուցիչ գլխացավանքի մեջ ընկնելու ռեսուրսներ կամ ցանկություն չունենալով, նախապատվությունը տվել են երկրորդ տարբերակին։ Այն է՝ հայկական կողմը տալիս է միջանցքը և դրա դիմաց պահպանում հայաբնակ Արցախը՝ երեք կամ ութ տարվա երաշխիքով։ Իսկ սա մեծ հաշվով նշանակում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններն ընդամենը ժամկետների շուրջ են։ Ադրբեջանը շտապում է, ռուսները հորդորում են չշտապել, բայց քանի որ «հավելյալ ժամանակի» դիմաց Ադրբեջանը միջանցք է պահանջում՝ ռուսները հընթացս Հայաստանի իշխանություններին հորդորում են երկրորդ «կարմիր գծի» դեպքում նույնպես «մի փոքր իջեցնել նշաձողը» ու այդպիսով ժամանակ շահել՝ «մինչև տեսնենք գլխներիս ինչ է գալիս»։

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ Վերջը չիմացանք՝ ինչո՞ւ «Հայկական  ժամանակի» «Հավաստի Աղբյուրն» այդպես էլ չգրեց, թե իրականում ինչ է ուզում Արևմուտքը։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3462 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ