...

Սահմանազատման կանոնակարգի չպայթած ականները

Սահմանազատման կանոնակարգի չպայթած ականները

Այնպես ստացվեց, որ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգ» կոչվող փաստաթուղթը հրապարակվեց սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ Անկախության օրը։ Բայց քանի որ Հայաստանի «հասարակական-քաղաքական էլիտան» այդ օրը զբաղված էր բացառապես հոգեցունց ու պաթոսախեղդ ուղերձներով՝ փաստաթուղթն առանձնապես ուշադրության չարժանացավ։ Դե իհարկե, շատ ավելի կարևոր ու սեփական փիառի տեսանկյունից շահեկան էր սոցկայքերում արցախյան որևէ բնապատկերի ֆոնին արված սելֆիները հրապարակելն ու «Արցախը միշտ եղել է, կա ու կմնա հայկական» կարգի լոզունգներ տարածելը։

Մինչդեռ չափազանց կարևոր այդ փաստաթուղթը բավականին մտահոգիչ է և իր մեջ, այսպես ասենք, բազմաթիվ չպայթած ականներ է պարունակում։

Ներկայացնենք դրանցից մի քանիսը։

1․ Փաստաթղթում նշվում է, որ Ալմա-Աթայի 1991 թ․ հռչակագիրը «սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք է», բայց «եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով նախատեսված սկզբունքներին»։

Պարզ ասած՝ Ալմա-Աթայի հռչակագիրն այնքան էլ «հիմնարար սկզբունք» չէ և խաղաղության համաձայնագրով կարող է պարզապես «ջրվել»։ 

2․ Փաստաթղթում հիշատակված չէ որևէ կոնկրետ քարտեզ (օրինակ՝ 1975 թվականինը)։ Փոխարենը՝ 2-րդ հոդվածի 1-ին կետում գրված է, որ «սահմանազատման գործընթացում հանձնաժողովներն օգտագործում են բոլոր վերաբերելի քարտեզագրական փաստաթղթերը․․․»։

Իսկ տեղյա՞կ եք, թե ո՛ր քարտեզներն է Ադրբեջանը համարում «վերաբերելի»։ Ճիշտ է․ այդ երկիրն իրեն ոչ թե Խորհրդային Ադրբեջանի, այլ 1918-20 թթ․ Ադրբեջանական հանրապետության իրավահաջորդ է հռչակել ու նույնիսկ պաշտոնապես հրապարակել «վերաբերելի» քարտեզները, որոնց համաձայն՝ այսօրվա Հայաստանի տարածքի մեծ մասը «Արևմտյան Ադրբեջան» է։

3․ Փաստաթղթի 4-րդ հոդվածում արձանագրված է, որ «սահմանազատման աշխատանքներն իրականացնելիս հանձնաժողովները կարող են դիտարկել սահմանագծի անցման օպտիմալացման հնարավորություններ», օրինակ, հետևյալ նպատակներով՝ բնակավայրերի անվտանգություն, բնակիչների ավանդական տնտեսական գործունեության համար պայմանների ստեղծում, ենթակառուցվածքների գործունեության ապահովում, բնապահպանական գործունեության պահպանում, ջրային ռեսուրսների օգտագործում, պաշտամունքային նշանակության օբյեկտների, գերեզմանատների, մշակութային և պատմական ժառանգության պահպանություն, և այլն։

Պարզ ասած՝ մեր 29743 քկմ տարածքն իրականում այնքան էլ «կարմիր գիծ» չէ։ Ճիշտ է, տեսականորեն վերոհիշյալ փաստարկներից կարող է օգտվել նաև Հայաստանը, բայց հասկանալի է, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ մի դեպքում դա չի անի։ Իսկ ահա Ադրբեջանը, վստահաբար, դիվանագիտական խողովակներով Նիկոլ Փաշինյանին կասի «չոխ սաղօլ» ու կօգտվի «համատեղ փաստաթղթի» այդ հոդվածի բոլոր կետերից։ Օրինակ՝ «այսինչ բարձունքը Հայաստանի տարածքում է, բայց սպառնում է Ադրբեջանի այս-այս-այս բնակավայրերի անվտանգությանը», «ադրբեջանական էքսկլավները պիտի ուղիղ հաղորդակցություն ունենան բուն Ադրբեջանի հետ», «ադրբեջանցիների ավանդական տնտեսական գործունեությունը ենթադրում է Հայաստանի այս-այս-այս արոտավայրերի օգտագործում», «Ադրբեջանն օգտագործում է ջրային ռեսուրսներ, որոնց ակունքները, սակայն, գտնվում են ՀՀ տարածքում», «ՀՀ սահմանամերձ հատվածների այս-այս-այս հանքերն Ադրբեջանի համար բնապահպանական խնդիրներ են առաջացնում» և այլն, հետևաբար՝ Հայաստանը պարտավոր է, ըստ ստորագրված համատեղ փաստաթղթի, այդ տրամաբանությամբ էլ «օպտիմալացնել» սահմանագիծը և վերոհիշյալ բոլոր «խնդրահարույց տարածքները» տալ Ադրբեջանին։ Եվ թող որևէ մեկը պնդի, թե նրանց այդ պահանջն անօրինական է․ անմիջապես դեմ կտան այդ փաստաթուղթն ու կասեն «էս ձեր կոտրած ձեռքով չե՞ք ստորագրել»։

Իսկ Նիկոլ Փաշինյանին ի՞նչ կա․ էլի ամեն ինչ զիջելուց հետո իր համար հեծանիվ կքշի ու կասի «ես ի՞նչ գործ ունեմ, Մհեր Գրիգորյանն ա ստորագրել, ԱԺ-ն էլ հաստատել ա»։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1867 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ