Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս պատգամավորները հպատակվել են Նիկոլ Փաշինյանի կամքին և կողմ են քվեարկել սահմանադրական հեղաշրջմանը, բայց անգամ դա չի փրկել նրանց վարակվելուց։ Սահմանադրական հեղաշրջումը չի բարելավելու քաղաքացիների կյանքը, ինչպես պատգամավորներ էին խոստանում, այն վերջնականապես Հայաստանին զրկելու է ժողովրդավարական հակակշիռների մեխանիզմներից և ավելի է խորացնելու քաղաքական և տնտեսական ճգնաժամը։ Քաղաքացիների կյանքը եթե ոչ կտրուկ, ապա աստիճանաբար կվատանա»:
«ՉԻ». ՍԱՏՄ-ն պետք է լայնածավալ ուսումնասիրություններ անցկացնի նախկին ռեժիմի քաղաքագետների շրջանակում, հասկանա, թե ի՞նչ են նրանց տալիս սնվելու, այդ ի՞նչ քիմիական հավելումներ են հրամցնում այս մարդկանց, որ այսպիսի մտքեր են երկնում:
Չի կարող բանական մարդը, իրեն քաղաքագետ անվանողը օրենքի նախագծին կողմ քվեարկելը կապել կորոնավիրուսով վարակվելու հետ: Պարզապես չի կարող:
Անորակ սնունդ օգտագործող քաղաքագետներն ունեն մի ընդհանրություն: Սկզբում իշխանությանը վերագրում են մի միտք՝ օրինակ, թե իբր ասվել է՝ կհեռացնենք Թովմասյանին ու կսկսենք լավ ապրել, իսկ հետո սկսում են օր ու գիշեր հերքել ու հեգնել այդ թեզը:
Թովմասյանին ու մնացածին հեռացնելը ուղիղ կապ չունի մարդկանց կյանքի որակի հետ: Բայց նրանց չհեռացնելու դեպքում կարող են վերադառնալ նախկինները, և ապրենք այնպես, ինչպես ապրել ենք վերջին 20 տարվա ընթացքում: Իհարկե, Աղասի Ենոքյանը հենց դա է ուզում, բայց ժողովուրդը 2018 թվականին շատ մատչելի բացատրեց, թե ինչ կարծիքի էր այդ 20 տարիների մասին:
Ենոքյանին թվում է, թե մարդիկ միայն «Մեդիա Պաշտպան» ՀԿ-ի ռելիզներն են կարդում և չգիտեն, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ աշխարհում տնտեսական ճգնաժամ է, և Հայաստանը չէր կարող բացառություն լինել: Հակառակ դրան և ենոքյանների ու բագրատյանների կանխատեսումների, հետհեղափոխական 2019 թվականը եղել է ամենաարգասաբերը տնտեսական ցուցանիշների առումով:
Հիմա իսկապես դժվար ժամանակներ են, բայց Հայաստանը սոցիալական երկիր է: ՍԱՏՄ-ն, որպես լիազոր մարմին, պարտավոր է մտահոգվել քաղաքացիներին հրամցվող սնունդի որակով: Այլապես ճգնաժամը կնահանջի, բայց մենք կունենանք լուրջ խնդիրներ ունեցող քաղաքագետների սերունդ: