...

Սերբական Կրաինա․ լավ մոռացված սցենարը

Սերբական Կրաինա․ լավ մոռացված սցենարը

Ի՞նչ փուլում ենք գտնվում այսօր, ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի և Արցախի ապագան, արդյո՞ք պատերազմն ավարտվել է, թե՞ հիմնական իրադարձությունները դեռ առջևում են։ Այս հարցերի պատասխանները գտնելու փոխարեն պարզապես կներկայացնենք Սերբական Կրաինայի պատմությունը՝ առանց մեկնաբանությունների։ Բոլոր համընկնումները պատահական են։

Եվ այսպես։ Սերբերը ժամանակակից Խորվաթիայի տարածքում բնակվել են դեռևս վաղ միջնադարից սկսած, մինչդեռ խորվաթների մասին առաջին հիշատակումները վերաբերում են շատ ավելի ուշ ժամանակաշրջանին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին խորվաթական ջոկատները Ավստրո-Հունգարիայի իշխանությունների հրահրմամբ ակտիվորեն մասնակցել են սերբական ջարդերին, իսկ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցող Խորվաթիայի իշխանություններն իրականացրել են սերբերի ցեղասպանություն, որին զոհ են գնացել, տարբեր գնահատականներով, 200-800 հազար սերբեր։ Եվս 400 հազարը տեղահանվել են, 250 հազարը՝ ասիմիլացվել։

Հարավսլավիայի փլուզումից հետո Խորվաթիայի իշխանությունները սկսել են քայլ առ քայլ դուրս մղել սերբերին, ինչի արդյունքում 1990-ին Սերբական Կրաինան հանրաքվեով (99,7 տոկոս կողմ) անկախություն է հռչակել։ Սերբերի և խորվաթների միջև սկսված լայնամասշտաբ պատերազմն ընդմիջումներով շարունակվել է մինչև 1994-ը, թեև ՄԱԿ-ն արդեն միջամտել ու խաղաղարարներ էր տեղաբաշխել։ Այդ «սողացող պատերազմի» ընթացքում խորվաթները Սերբական Կրաինայի բազմաթիվ բնակավայրեր են գրավել։ Միջազգային կազմակերպությունները հանդես են եկել կոշտ հայտարարություններով և երկու կողմերին մեղադրել ռազմական հանցագործությունների մեջ, բայց դրանից այն կողմ չեն անցել։

1994-ին իրավիճակը կայունացել է։ Կողմերի միջև հրադադարի համաձայնագիր է ստորագրվել, կողմերը պայմանավորվել են տնտեսական կապերի վերականգնման մասին, նույնիսկ համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պիտի զբաղվեր երկաթուղային հաղորդակցման վերականգնման հարցով, Խորվաթիան համաձայնվել է ինքնավարություն տրամադրել Սերբական Կրաինայի մի հատվածին, բայց հետագա բանակցությունները ձախողվել են։ 

Սերբական Կրաինան ուներ մոտ 300 հազար սերբ բնակչություն և 30-35 հազարանոց բավականին մարտունակ բանակ՝ մոտ 600 միավոր զրահատեխնիկայով։ 1995-ի օգոստոսին խորվաթական 150 հազարանոց բանակը, բոսնիացի մահմեդականների 25 հազարանոց բանակի և ամերիկյան ռազմական հրահանգիչների աջակցությամբ, սկսել է «Փոթորիկ» օպերացիան և 4 օրում գրավել համարյա ամբողջ Սերբական Կրաինան։ Սերբական ստորաբաժանումները 35 հազար խաղաղ բնակիչների հետ միասին հայտնվել են շրջապատման մեջ և ստիպված եղել վայր դնել զենքը՝ շրջապատումից անվնաս դուրս գալու և Սերբիա հասնելու դիմաց։ Սերբիան, թեև Սերբական Կրաինայի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր ուներ, գործնականում չի միջամտել պատերազմին։ Չմիջամտելու դիմաց Սերբիային խոստացել էին տնտեսական աջակցություն։ Ռուսաստանի Պետդուման որոշում է ընդունել սերբերի ցեղասպանությունը կանխարգելելու միջոցառումների մասին, սակայն նախագահ Ելցինը վետո է դրել այդ որոշման վրա։ ԱՄՆ-ը պատերազմի մեղքը բարդել է սերբական կողմի վրա, իսկ Գերմանիան շնորհավորել է Խորվաթիային ռազմական հաջողության համար։ Արդյունքում Սերբական Կրաինան ամբողջովին դատարկվել և որպես ինքնուրույն միավոր վերացել է (ներկայումս այդ տարածքում բնակվում է առավելագույնը 5 հազար սերբ)։ Մի քանի տարի անց տնտեսական աջակցության փոխարեն Արևմուտքի աջակցությամբ Սերբիայից առանձնացել է նաև Կոսովոն, իսկ Սերբիայի նախագահ Միլոշևիչը մեղադրվել է ռազմական հանցագործությունների մեջ և մահացել Հաագայի բանտում։ Հաագայի դատարանի առջև են կանգնել նաև Սերբական Կրաինայի բանակի գրեթե բոլոր գեներալները։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2607 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ