...

Սուպերմարկետները հարստանում են փոքր արտադրողների հաշվին

Սուպերմարկետները հարստանում են փոքր արտադրողների հաշվին

Ալկոհոլային խմիչքների արտահանման ծավալներն աճել են: Պաշտոնական թվերով՝ մրգային գինիների արտահանումն աճել է 41 տոկոսով, կոնյակի, ռոմի, օղի, լիկյորի արտահանումը՝ 12.3 տոկոսով:

Գինեգործությունը քաղաքական դաշտից դուրս եկավ 

Վերջին 5 տարիներին գինեգործությունն առաջ է գնում: «ՉԻ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Նրա խոսքով՝ կամաց-կամաց այս ճյուղն ապաքաղաքականացվում է: Ըստ Հարությունյանի՝ զարգացման տեմպերը դեռ շարունակվելու են, քանի որ 2 հանգամանք փոփոխություն բերեց այս ոլորտում: 

«Գինեգործությունը քաղաքական դաշտից դուրս եկավ: Առաջ դաշտը շատ քաղաքական էր՝ սկսած խաղողից մինչև կոնյակ: Արտադրողները քաղաքական նպատակ էին հետապնդում, պատգամավոր էին ընտրվում, ձայներ էին խաղողով, գինով վաճառվում: Հիմա ձայների գնման պրոցես չկա, և դրա համար խաղողն այդ ամենից դուրս բերվեց և ձեռք բերեց որակ»,- մատնանշեց փորձագետը:

Երկրորդ փաստն այն է, որ 2008 թվականի ճգնաժամից հետո, գործարանների առաջ խնդիր դրվեց որակ ապահովել, և արտադրողները սկսեցին այդ քայլին գնալ: Գործընթացի արդյունքում էլ նոր ներդրումներ եղան:

«Հիմա ինվեստիցիաները մի քիչ դանդաղել են, որովհետև կամուկացի մեջ են, բայց կվերականգնվեն»,- նշեց նա:
Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նաև հայտնեց, որ արտադրության ծավալները աճում են:

Չնայած արտահանման աճին՝ ոլորտում դեռ խնդիրներ կան:

Գինեգործների միության նախագահը շեշտում է, որ գինեգործությունն արագ զարգանում է, բայց խաղող չկա:  

Ներքին շուկայում էլ անարդար մրցակցություն է:

«Արդեն երկրորդ տարին է խաղողը գինեգործության համար չի հերիքում: Խաղողը  գինեգործության պահանջներին չի հերիքում»,- ասաց Ավագ Հարությունյանը:

Արտահանման հետ խնդիրներ ունեն հիմնականում փոքր արտադրողները:

«Փոքր ընկերությունները մեծ դիստրիբյուտորներին չեն հետաքրքրում, և նրանք արտահանման հնարավորություն չունեն: Չկան այն կառույցները, որոնք դրսում փոքր ընկերություններին կհավաքեն: Այստեղ քաղաքական խնդիր կա: Մեր առևտրային կազմակերպությունները չեն կարողանում դրսում մեկ միասնական պլատֆորմ ստեղծել, որպեսզի կարողանան այդ պլատֆորմից առաքումներ կատարել»,- նկատեց փորձագետը: 

Բացի արտաքին շուկայից, ներքին շուկայում էլ միջին արտադրողները տուժում են՝ նրանց համար անհավասար մրցակցային պայմաններ են գործում:

«Առևտրի մասին մենք չունենք արդար օրենք, և սուպերմարկետները հարստանում են փոքր արտադրողների հաշվին՝ առևտրում լիքը սև գումարներ կան, որն էլ անհավասար մրցակցություն է ստեղծում ուժեղների և թույլերի միջև»,- ընդգծեց նա:

Որպեսզի ներքին շուկայում փոքր արտադրողները չտուժեն, փորձագետն առաջարկում է փոփոխություններ կատարել Առևտրի և Սուպերմարկետների մասին օրենքերում:

Ծուղակ՝ արտադրողների համար

Իսկ միջին արտադրողները նախ բանկերից են դժգոհ: Գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող գործարանների ղեկավարները փաստում են, որ բանկերն էժան վարկեր չեն տրամադրում: Իսկ էժան վարկավորման դեպքում էլ կարճաժամկետ են տրամադրում, ինչն իրենց օգտին չէ:  Գինու արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրենն, ով չցանկացավ իր անունը հրապարակել, նշեց, որ գործարաններին 3 տոկոսով տրամադրվող վարկերը գինեգործությանը պետք չեն:

«Կարճաժամկետ վարկեր են: Ամիսը մի 40 000-50 000 դոլար պետք է վարկ փակես, մեր կարգի գործարանների համար դա խնդիր է: Դրա համար էլ բոլորը խուսափում են այդ տոկոսադրույքով վարկ ստանալ: Դա մի հատ ծուղուկի նման բան է, որ պետք է եղած-չեղածդ վարի տաս: 3 տարվա փոխարեն պետք է 5 տարի փակելու համար ժամանակ տան»,- եզրափակեց արտադրողը:

Մանյա Պողոսյան
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5637 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ