...

Ճիշտն ու սուտը Երևանի փողոցներում

Ճիշտն ու սուտը Երևանի փողոցներում

Արդեն համարյա մի ամիս է՝ հարյուր հազարավոր մարդիկ հետևում են ընդդիմության ակցիաներին, լսում են ամենօրյա հանրահավաքներում հնչող ելույթներն ու այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ի վերջո ո՞վ է ճիշտ և ով՝ սխալ։ Դրան նպաստում է նաև օբյեկտիվ լրատվության պակասը։ Առաջին հայացքից, իհարկե, կարող է թվալ, թե ինչ-ինչ, բայց լրատվության պակաս հաստատ չկա՝ ամեն ինչ օնլայն ռեժիմով հեռարձակվում է, բայց համաձայնվեք՝ եթե լրագրողն ուղիղ եթերում ասում է «կենդանիները հարձակվեցին ցուցարարների վրա» կամ «հենց նոր կատաղած շները բերման ենթարկեցին խաղաղ ակցիայի մասնակիցներին» (ի դեպ՝ մեջբերումները բառացի են), դա արդեն լրատվություն չէ։ Ինչևէ։ 

Բողոքի ակցիաների ժամանակ և հանրահավաքներում հնչող առավել տարածված պնդումներից որո՞նք են ճիշտ, և որո՞նք՝ սխալ։ Փորձենք հասկանալ՝ մի կողմ դնելով էմոցիաներն ու քաղաքական կողմնորոշումները։

1․ «Նիկոլը պիտի հեռանա ու պատասխանատվության ենթարկվի, որովհետև ինքն է Արցախի 75 տոկոսի կորստյան, հազարավոր զոհերի ու Հայաստանի այս նվաստացած վիճակի մեղավորը»։ Սա հարյուր տոկոսանոց ճշմարտություն է, այստեղ քննարկելու բան չկա։ Առավել ևս, որ Նիկոլն ինքն է խոստովանել դա։

2․ «Եթե Նիկոլն օր առաջ չհեռանա, կործանարար ընթացքը շարունակվելու է, և վտանգվելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ Սա նույնպես ճշմարտություն է։ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն պատրաստ է հանուն «խաղաղության դարաշրջանի» զիջել ինչքան ասես՝ առանց այդ խաղաղությանը հասնելու որևէ իրական երաշխիքի։

3․ «2018-ին Նիկոլն իշխանության եկավ ժողովրդին խաբելով։ Նրա նպատակը ոչ թե «նախկինների հանցավոր համակարգը» ոչնչացնելն էր, այլ գլխավորելը»։ Դատելով նրա կադրային քաղաքականությունից ու կոռուպցիոն սկանդալներից՝ սա համարյա հարյուր տոկոսանոց ճշմարտություն է։

4․ «Նիկոլը կառչած է իր աթոռից և ոչ մի դեպքում ինքնակամ չի հեռանալու»։ Հարյուր տոկոսանոց ճշմարտություն է։ 

5․ «Ընդդիմության պայքարը հանուն իշխանության չէ, սա պայքար է հանուն Հայրենիքի փրկության»։ Սուտ է, սա պայքար է հանուն իշխանության։ Գուցե հանրահավաքների շարքային մասնակիցներն իսկապես հավատում են, որ ընդդիմության լիդերները գալիս են փրկելու երկիրը, բայց վերջիններիս անցած ճանապարհը ցույց է տալիս, որ իրենց իշխանության տարիներին նրանք Հայաստանին ավելի շատ վնաս են տվել, քան օգուտ, ու հազիվ թե անցած չորս տարիների ընթացքում իրենց արժեհամակարգը փոխեին։

6․ «Նիկոլահպատակ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ»։ Սա միայն մասամբ է ճիշտ։ Ոչ բոլոր ոստիկաններն են բիրտ, և ոչ բոլոր ցուցարարներն են խաղաղ։ Ավելին՝ եթե նկատել եք, բերման ենթարկվողների մեջ շատ մեծ տոկոս են կազմում բարձրահասակ, լավ մարզված երիտասարդները, որոնք նույնիսկ հեռվից կտրուկ տարբերվում են շարքային քաղաքացիներից։

7․ «Թրքաբարո ոստիկանների բոլոր բռնությունները ֆիքսվում են, իշխանափոխությունից հետո նրանք բոլորը պատժվելու են»։ Սուտ է։ Իշխանափոխությունից հետո նրանցից որևէ մեկը չի պատժվելու։ Որովհետև ցանկացած իշխանության, առավել ևս՝ մեր տիպի երկրներում, անհրաժեշտ են լինելու իշխանությունների ցանկացած հրահանգ կատարելու պատրաստ ոստիկաններ, հետևաբար՝ այս օրերին «աչքի ընկած» ուժայինները, հատուկենտ բացառություններով, հաջորդ իշխանությունների օրոք դեռ մի բան էլ խրախուսվելու են։

Ինչևէ, ցանկն, իհարկե, կարելի է շարունակել, բայց մեր նպատակն այլ է՝ օգնել մարդկանց կողմնորոշվել քարոզչական այս ժխորի մեջ։ Իսկ դրա համար պետք է ընդամենը հալած յուղի տեղ ընդունելու փոխարեն փորձել հասկանալ և վերլուծել ընդդիմության կամ իշխանությունների հնչեցրած ցանկացած միտք ու կարգախոս։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3626 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ