...

Ճկունության և թեթևամտության նուրբ տարբերությունը

Ճկունության և թեթևամտության նուրբ տարբերությունը

Թունդ արևմտամետները Նիկոլ Փաշինյանին մոսկովյան այցի համար են հայհոյում, թունդ ռուսամետները՝ վաշինգտոնյան ու բրյուսելյան անճոռնի սիրախաղերի համար։ Երկուսն էլ ճիշտ են, որովհետև դա վկայում է ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականության ճկունության կամ «բազմավեկտորության», այլ Նիկոլ Փաշինյանի ուղեղում տիրող լիակատար շիլաշփոթի մասին։

Նման բազմավեկտորություն իրեն կարող է թույլ տալ, ասենք, Թուրքիայի նման երկիրը՝ միաժամանակ «խաղեր տալով» և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ, նման բան կարող է անել անգամ փաստացի թուրքական վիլայեթ Ադրբեջանը՝ միաժամանակ աջակցելով Ուկրաինային և Արևմուտքին ռուսական էներգակիրներ վաճառելով ու վստահ լինելով, որ կշտամբանքի փոխարեն Ռուսաստանը Կրեմլի մակարդակով Հեյդար Ալիևի 100-ամյակն է փառաբանելու։ Բայց Հայաստանի ու Արցախի վիճակն այնպիսին չէ, որ մենք մեզ նման բան թույլ տանք։ Ինչքան ասես կարելի է հումորներ անել այն մասին, որ Պուտինը, օրինակ, Նիկոլին ասել է «լսել եմ՝ Արևմուտքից ես գալիս, արի ձեռներդ ախտահանեմ», կամ «եթե Ղարաբաղից ձեռքերդ լվացել ես՝ արի մի հատ էլ ե՛ս պարզաջրեմ» և այլն, բայց կատակի տալու համար իրավիճակը չափազանց լուրջ է։

Ու այդ իրավիճակում չի կարելի միաժամանակ և՛ աշխարհին ներկայանալ որպես «ժողովրդավարության բաստիոն» ու «համապարփակ խաղաղություն» փնտրել արևմտյան հարթակներում՝ առանց Ռուսաստանի որևէ մասնակցության, և՛ սայթաքած, բերանքսիվայր գետնին փռված ու գրպանի էժանագին օղու վերջին շիշը ջարդած բոմժի վշտաբեկ կեցվածքով գնալ-նստել Պուտինի կողքին․․․ Կամ մեկը, կամ մյուսը, որովհետև հակառակ դեպքում ցավոտ հարվածները հասցվելու են (և հասցվում են) միաժամանակ բոլո՛ր կողմերից։ Որովհետև արտաքին-քաղաքական ճկունությունը և բազմավեկտորությունը հնարավոր են միայն այն դեպքում, երբ հաղթած կամ հաղթելու ունակ ես, երբ քեզ հետ գոնե ինչ-որ չափով հաշվի են նստում, ու կարող ես ակնկալել ոչ թե ինչ-որ բան տալ, այլ ինչ-որ բան ստանալ։ Ճկունությունն 90-ականների սկզբին էր, երբ Ռուսաստանից զենք էինք ստանում, Թուրքիայից՝ ցորեն, ԱՄՆ-ն էլ ոչ թե մեր, այլ Ադրբեջանի նկատմամբ էր սանկցիաներ կիրառում։ Իսկ եթե պարտված ես, հեռանկարը միայն ինչ-որ բան տալն է, ու աջուձախ խոստանում ես այդ բանը բոլորին տալ, դա արդեն ճկունություն չէ, դա ա՛յլ ձևակերպում ունի։

Հասկանո՞ւմ է արդյոք այս ամենը Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե հասկանում է։ Նույնիսկ ամենաբութ մարդը կհասկանար, որովհետև և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում դա նրան բաց տեքստով են ասում։ Բայց նա շարունակում է աջուձախ վազվզել՝ իբր պարզելու համար, թե ո՞վ ավելի բարձր գին կառաջարկի, և սա՝ այն դեպքում, երբ ընդհանրապես որևէ գին առաջարկող չկա, երկուսն էլ ձրի են ուզում։ Ոչ Արևմուտքն է անվտանգության հուսալի երաշխիք առաջարկում, ոչ Ռուսաստանը։ Պահանջում են ընտրություն կատարել, և վերջ։

Նման իրավիճակում պետության ղեկավարը, նույնիսկ՝ սեփական ապաշնորհության արդյունքում երկիրը կործանման եզրին հասցրած ղեկավարը, կփորձեր այնպիսի ընտրություն կատարել, որ գոնե հետագա աղետները երկրի համար պակաս ցավոտ լինեն։ Բայց Նիկոլ Փաշինյանին ակնհայտորեն ավելի շատ իր ապագան է հետաքրքրում, ու ինքնապաշտպանական բնազդը նրան հուշում է, որ քանի դեռ «վերջնականապես չի կողմնորոշվել»՝ իրեն մի կերպ կհանդուրժեն ու ձեռք չեն տա։ Այստեղից էլ՝ Արևմուտք-Ռուսաստան անհասկանալի վոյաժներն ու օրումեջ միմյանց հակասող հայտարարությունները։ «Ջանդամը», թե դրա արդյունքում Հայաստանն ու Արցախը օրումեջ նորանոր հարվածներ չեն ստանում։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   916 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ