...

Վարչապետի ընտանիքը քաղաքական ապաստանի հա՞րցն է լուծում

Վարչապետի ընտանիքը քաղաքական ապաստանի հա՞րցն է լուծում

Եվ այնուամենայնիվ ի՞նչն է վարչապետի տիկնոջն ու աներձագին ստիպում ժամանակ առ ժամանակ ակտիվանալ սոցկայքերում ու հանդես գալ «մտքերով», որոնք միանգամայն կանխատեսելիորեն խիստ բացասական հանրային արձագանքի են արժանանալու և իրենց դեմ հայհոյանքի ու անգամ ֆիզիկական բռնության սպառնալիքների նոր ալիք են բարձրացնելու։ Այս ամենին կարելի էր չանդրադառնալ, համարել, որ «դե եթե էդքանը չեն հասկանում ու ավել-պակաս խոսում են՝ ուրեմն իրենց հասնում ա», ձեռքը թափ տալ ու անցնել առաջ, բայց խնդիրն էլ հենց այն է, որ վարչապետի ընտանիքի այդ բացահայտ տարօրինակ պահվածքը կարող է քաղաքական լուրջ պատճառներ ունենալ և անգամ քաղաքական զարգացումների նախանշան լինել։ Պարզ ասած՝ եթե ինչ-ինչ պատճառներով Նիկոլ Փաշինյանը դեմ չէ, որ իր ընտանիքի և ազգականների նկատմամբ հանրային ատելություն գեներացվի, ուրեմն դա պիտի կոնկրետ բացատրություն ունենա։

Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումները, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու ռուսական կողմի կրավորական կեցվածքը վկայում են, որ իրավիճակը ցանկացած պահի կարող է անվերահսկելի դառնալ, իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն «ընտանյոք հանդերձ» ինչ-որ պահի ծլկելու է Հայաստանից, և այդ պահը մոտենում է։ Բայց երկիրը կործանելուց հետո որևէ երկրում առոք-փառոք կյանք վայելելու համար միայն նախօրոք պատրաստված վիլլաներն ու բանկային անանուն հաշիվները քիչ են, քաղաքական ապաստան ստանալու հիմքեր էլ են պետք։ Իսկ այդպիսի հիմք կարող է լինել, օրինակ, «ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխաների նկատմամբ հանրային համընդհանուր ատելությունն ու նրանց նկատմամբ ֆիզիկական բռնությունների սպառնալիքը»։ Ու երևի պատահական չէ, որ այդ ատելության միտումնավոր գեներացմանն ուղղված քայլերում համարյա մշտապես առկա է նաև «երեխաների թեման»։ Եթե ավելի պարզ՝ ապա Նիկոլ Փաշինյանի «գաղտնի չվերթի» փոքրաթիվ ուղևորները (մի քանի մոտիկներն՝ իրենց ընտանիքներով) այսօրվանից նախապատրաստում են քաղաքական ապաստան ստանալու իրենց հայցը։ 

Ի դեպ, շարքային հայաստանցիներից շատերն էլ են այդպես վարվում։ Մեկը «թռնելուց» առաջ նախապես փաստաթղթավորում է իր, ասենք, սեռական փոքրամասնության ներկայացուցիչ լինելը, մի ուրիշը հատուկ մասնակցում է քաղաքական ակցիաների ու ձգտում անպայման հայտնվել կադրերում, իսկ եթե հաջողվի՝ անգամ ոստիկանների կողմից մի թեթև բռնության ենթարկվել, երրորդը երազում է, որ «թռնելու» հաջորդ օրը Հայաստանում իր նկատմամբ հետախուզում հայտարարվի (ժամանակին անգամ 500 դոլարով այդպիսի տեղեկանքներ էին վաճառվում, որոնք «դրսերում» լավ էլ օգնում էին), և այլն։ Բայց իշխանական ընտանիքներին երկրից փախչելու համար ավելի ծանրակշիռ փաստարկներ են պետք, ընդ որում՝ քաղաքակիրթ աշխարհի համար հասկանալի փաստարկներ։ Օրինակ՝ խաղաղության քարոզ (ի հակադրություն «ռազմատենչ-ազգայնական» ագրեսիվ մեծամասնության), երեխաների իրավունքներ (ի հակադրություն երեխաներին քաղաքական նպատակներով օգտագործելու «բարբարոսական ավանդույթների»), և այլն։ Ու եթե նկատել եք՝ առավելապես հենց այդ թեմաներն էլ շահարկվում են, իսկ հանրային «ատելության խոսքը»՝ մանրամասն փաստաթղթավորվում։ Դրա համար էլ, ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ամենաբուռնը արձագանքում է իր և Չաուշեսկուի միջև անցկացվող զուգահեռներին։ Ոչ թե այն պատճառով, որ ամենաշատը դրանից է բարկանում, այլ որովհետև «ընտանիքի անդամներին սպառնացող վտանգների» թեմային ամենաշատը դա է համապատասխանում, հետևաբար՝ «փաստաթղթավորման» տեսանկյունից ամենաշահեկանը դա է։

Այնպես որ՝ «ատելության խոսքի միտումնավոր գեներացումը» կարող է լավ մտածված ծրագրի մաս լինել։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5871 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ