...

Փշոտ ճանապարհ՝ թրիքից մինչև կաթ

Փշոտ ճանապարհ՝ թրիքից մինչև կաթ

Անասնապահները նեղսրտած են 

«Տեղական կաթը որակի չափանիշներին չի համապատասխանում, իսկ թրքոտ կաթով հնարավոր չէ բարեկեցություն ստանալ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թրքոտ կաթի վերաբերյալ վարչապետի այս արտահայտությունը սոցցանցերում բուռն քննարկումների և քննադատությունների թեմա դարձավ:

Այս խոսքից ոչ միայն սպառողներն են վրդովվել, այլև հենց կաթ արտադրողները: Նրանք նեղսրտում են, որ Փաշինյանն իրենց աշխատանքը հողին է հավասարեցրել, կաթի որակն էլ՝ անտեղի փնովել: Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի բնակիչ Արտյոմ Սանամյանը «ՉԻ»-ի հետ զրույցում պնդեց՝ կովերն ալպիական գոտիների խոտաբույսերն են արածում և բարձր յուղայնությամբ կաթ տալիս:

«Ծնից հետո կաթի յուղայնությունը կազմում է 3,6 տոկոս, իսկ երբ ծնած չեն, յուղայնությունը մինչև 4,7 տոկոսի է հասնում: Մենք էլ կաթն ըստ յուղայնության ենք հանձնում գործարաններին: Մեր կաթը որակյալ է, մնացածը զրպարտություն է, ուզում են ներկրողներին հարստացնել և կաթի փոշի բերել»,- զայրացավ ֆերմերը:

Հոյակապ կաթ

Վարչապետի ասածում ճշմարտություն կա՝ նկատում է Կաթ արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը: Նրա խոսքով՝ կովի կրծքի մեջ կաթը նույն որակն ունի ինչ-որ աշխարհի մնացած կովերի մոտ, այստեղ այլ հարց է, որ մշակման ընթացքում կարող է որակը կորցնել:

«Եթե կթի տեխնոլոգիայի բոլոր ձևերով կիթը կատարվի, մեր կաթի որակի պես կաթ չի կարող լինել: Ամռանն արածում են ալպիական գոտիներում, հոյակապ կաթ է լինում: Սովետական միության ժամանակ մեր կաթով շվեյցարական պանիր ենք արտադրել և արտահանել»,- հիշում է մասնագետը:

Կաթը որակի չափանիշներին չի համապատասխանում, քանի որ գյուղացիները մաքրություն չեն ապահովում՝ բացատրում է Փաշինյանը: Կով կթելու դասեր մի անգամ էլ անասնապահներին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է տվել: Կաթնատվությունը բարձրացնելու համար խոշոր եղջերավորներին պետք է տաք վայրում չպահել: Կթելուց առաջ պետք է կովի կուրծը լվանալ տաք ջրով, փափուկ սրբիչով չորացնել, կթողն էլ պետք է կթից առաջ ձեռքերը լավանա: Դույլի վրա մառլյա գցել, կաթի առաջին շիթերն էլ թափել:

Ի դեպ, կիթ կատարելու տեխնոլոգիայի մասին սեմինարներ անցկացնող պաշտոնյաները գուցե տեղյակ չեն, որ մեր օրերում շատ ֆերմաներում կիթը մեքենայացված տարբերակով է կատարվում:

Անկախ ձեռքով կթելու, թե մեքենայացված տարբերակի, ըստ Կաթ արտադրողների միության նախագահի, պետք է մաքրություն ապահովել, հակառակ դեպքում կաթի մեջ կարող են բակտերիաներ առաջանալ:

«Կաթը որակյալ չի դառնում, եթե այն ճիշտ չի մշակվում: Ապարատով կթելու դեպքում էլ պետք է հիգիենայի կանոնները պահպանել: Ամեն կով կթելուց հետո ապարատը պետք է լվանալ: Մաքրություն ապահովելու համար գումար պետք չէ»,- նշեց Պողոսյանը: 

Գործարանների 70 տոկոսը չորացված կաթ է օգտագործում

Հակադարձում է՝ ճիշտ չէ, որ տեղական կաթի որակը չի համապաստասխանում չափանիշներին, դրա համար են կաթնամթերք պատրաստելիս կաթի փոշի օգտագործում: Հատկապես ձմռան սեզոնին, երբ կաթի արտադրության ծավալները քիչ են, գործարանները նախապատվություն տալիս են կաթի փոշուն: 

Մասնագետն ուղղում է՝ գործարանները ոչ թե կաթի փոշի են օգտագործում, այլ անարատ չորացրած կաթ: Այն ներկրվում է Ուկրաինայից և Բելառուսից: Իսկ այսօր կաթնամթերք արտադրող գործարանների 70 տոկոսը   չորացված կաթ է օգտագործում:

«Չոր անարատ կաթով են աշխատում, որովհետև սպառման կաթը քիչ է: Սարսափելի ոչ մի բան չկա: Դա չորացված անարատ կաթ է, որը հատուկ տեխնոլոգիայով մշակվում է և հետո խառնում են ջրի հետ»,- բացատրում է նա: 

«Խելացի» անասնաֆերման դուխ է պահանջում

Էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ՝ 2019 թվականի արդյունքներով տարեկան արտադրում ենք 700 հազար տոննա կաթ: Կաթ արտադրողների միության նախագահը պաշտոնական որևէ վիճակագրության չի հավատում: Իր հաշվարկներով՝ կաթի ծավալը գրեթե նույնն է մնացել, արտադրության աճ չկա: Չի կարծում, թե «խելացի» անասնաֆերմաների միջոցով հնարավոր է կաթնարտադրության ծավալներն ավելացնել:

«Լավ բան է, կաթի որակը կբարձրանա, բայց «խելացի» անասնաֆերման խնդրի լուծում չէ: Պետք է հստակ ռազմավարություն իրականացվի»,- նշեց նա:

Ժամանակակից հարմարություններով ստեղծված անասնագոմերը մեր երկրում իրենց չեն արդարացնում՝ ասում է անասնապահը:

«Մենք խոտի հակը գնում ենք 1000-1500 դրամով, խելացի անասուններն էլ գոմից դուրս չեն գալիս, արոտավայր չեն գնում, կաթի գինն արժեք չունի, ես դուխ անեմ, վարկի տակ մտնեմ՝ ի՞նչ անեմ»,- ասաց նա:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1711 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ