...

«Վարի տվողների» ու «փրկիչների» անխախտ դաշինքը

«Վարի տվողների» ու «փրկիչների» անխախտ դաշինքը

Ապրիլի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 18․30-ին (Գրինվիչի ժամանակով՝ 15․30), Երևանի Ազատության հրապարակում ընդդիմությունը փրկելու է Արցախը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանրահավաք են հրավիրել, որտեղ, հասկանալի է, պահանջելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և հընթացս ներկայացնելու են, թե ինչպես են իրենք պատկերացնում խաղաղությունը․ այն է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները պիտի կարգավորվեն ու Արցախն էլ չպիտի լինի Ադրբեջանի կազմում, հայ-թուրքական հարաբերությունները պիտի կարգավորվեն ու պահանջատիրությունն էլ պիտի մնա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Իսկապես փայլուն ծրագիր է, միայն թե՝ հնարավոր չէ իրականացնել Նիկոլ Փաշինյանի օրոք, հետևաբար՝ թիվ մեկ խնդիրը նրան իշխանությունից ռադ անելն է։ 

Նախ՝ Նիկոլ Փաշինյանին «ռադ անելու» մասին։ Դեռ մի կողմ թողնենք, որ դա բավականին բարդ է առաջին հերթին հենց այն պատճառով, որ դրա նախաձեռնողը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն են, իսկ ավելի կոնկրետ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Նախաձեռնողն ով ուզում է լինի՝ փաստն այն է, որ այս իշխանությունն օր առաջ պիտի հեռանա։ Այլ հարց է, թե որքանո՞վ դա կապ ունի Արցախը փրկելու հետ։

Խնդիրն այն չէ, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ խաղաղության։ Իրականում այս իշխանությունները ոչ պատերազմի են պատրաստվում, ոչ խաղաղության։ Մեծ հաշվով՝ նրանց այդ հարցը չի էլ հետաքրքրում։ Նիկոլ Փաշինյանին ոչ Արցախի ճակատագիրն է հետաքրքրում, ոչ Սյունիքի, նրան միայն մի հարց է հուզում՝ ո՞նց անի, որ դրանք «վարի տալուց» հետո կարողանա մեղքը բարդել ուրիշների վրա ու պահպանի իշխանությունը։ Դրա համար շատ կարևոր է թիկունքն ամրացնելը, այսինքն՝ ՏԻՄ կառույցները հարյուր տոկոսով վերահսկելը։ Ու սա է պատճառը, որ անվտանգության հարցերը թողած՝ պաշտպանության նախարարով, Երևանի ոստիկանապետով-բանով Վեդիում էին։ Իսկ խաղաղության կպատրաստվեն, թե պատերազմի՝ առավելապես կախված է նրանից, թե որ դեպքում հնարավոր կլինի ավելի շատ փող քերել․ ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու «ատկատների՞ց», թե՞ երկաթուղի-բան վերանորոգելու համար դուրս գրվելիք գումարներից։

Բայց ցավն այն է, որ «տիտղոսակիր ընդդիմությանը» նույնպես ոչ Արցախն է հետաքրքրում, ոչ ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Նրանց հետաքրքրում է միայն մի հարց՝ որ այդ ամենը «վարի տալուց» հետո Նիկոլ Փաշինյանը չկարողանա տակից դուրս գալ, ու իրենք վերցնեն իշխանությունը։ «Արցախը փրկելու» օրն էլ է շատ ճիշտ ընտրված՝ բրյուսելյան հանդիպման նախօրեին։ Որպեսզի եթե հանկարծ Նիկոլը «հերթական առաջընթացն արձանագրի» (այսինքն՝ էլի ինչ-որ բաներ զիջի), իրենք փորձեն դրա հիման վրա հզորացնել դժգոհության ալիքը, իսկ եթե ոչ մի նոր համաձայնություն չլինի՝ պարծենան, թե «տեսա՞ք ոնց կանխեցինք, ուրեմն հաջորդ հանրահավաքը պիտի ավելի հուժկու լինի»։ Համ էլ՝ Մոսկվային հաստատ դուր չի գա, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը «վարի է տալիս» ոչ թե իր հովանու ներքո (ինչպես եղել է սովորաբար), այլ Արևմուտքի, իսկ ընդդիմությունը չի կարող չօգտվել այդ առիթից։ 

Այնպես որ՝ ընդդիմության հիմնական նպատակը ոչ թե Արցախը փրկելն է, այլ այդ պատրվակով իշխանությունը վերցնելը։ Ընդ որում՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նման փորձ ունեն․ 1998-ին մի անգամ արդեն արել են դա։ Դրանից ուղիղ 20 տարի անց էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե գալիս է իշխանության, որպեսզի Հայաստանը փրկի «ադրբեջանացումից», որից հետո Արցախի մեծ մասը դարձավ Ադրբեջան, ինքն էլ Հայաստանում նույնպիսի ավտորիտար ռեժիմ հաստատեց, ինչպիսին Ադրբեջանում է։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3878 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ