2002-ի հունվարի 14-ին «ժողովրդով» առիթ ունեցանք զմայլվելու գենետիկ հակաԼևոնական, բայց արդեն մաշված, խունացած Վազգեն Մանուկյանի էքսկլյուզիվ տրամաբանությամբ: Եվ քանի որ խոստացել էինք մեր ընթերցողներին ներկայացնել 1994-ի՝ նախընտրական և «նախասահմանադրական» տարվա մթնոլորտը, հիմա կանդրադառնանք դրա գլխավոր ձևավորողին՝ ԱԺՄ նախագահին ու նրա գաղափարախոսությանը: Ինչպես նաև կփորձենք ցույց տալ, որ սույն գործչի «մենթալիտետը» որևէ էական փոփոխություն չի կրել:
Ուրեմն ԱԺՄ-ն 90-ականների սկզբից դարձավ հիմնական անհաշտ ընդդիմադիրը: 1991-ի նախագահական ընտրությունների ժամանակ արդեն բացահայտ էր Վազգեն Մանուկյանի միակ անիրականանալի երազանքը՝ Վազ-գեն-նա-խա-գահ: Սակայն այդ պահին նա խոհեմաբար դուրս թռավ ընտրարշավի գնացքից՝ վախենալով ձայների սպասվելիք չնչին քանակից: Հետագայում Հայաստանին բաժին ընկած պատերազմն ու շրջափակումը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով վատացող սոցիալ-տնտեսական վիճակը բարենպաստ պայմաններ ստեղծեցին ԱԺՄ-ի պոպուլիստական գործունեության համար: Ու մեր հավերժ նախագահացուի թիմն ակտիվացավ: Ամեն շաբաթ հանրահավաքներ էին կազմակերպում, ասուլիսներ տալիս, խիստ հավաստի դեմքերով հաճախ ապատեղեկատվություն տարածում ու ստեղծում էին «ազգի» թշնամու՝ իրենց ձեռնտու կերպարը: Բնականաբար, չարյաց սկիզբն ու խորհրդանիշը ամբոխի համար պետք է դառնար Վազգեն Մանուկյանին ցմահ բարդույթավորած Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ եթե չեք տառապում հիշողության ծանր կորուստներով, ապա կմտաբերեք, որ յուրաքանչյուր հանրահավաքի լեյտմոտիվը ՀՀ առաջին նախագահին հեռացնելն էր: Նախագահական ընտրություններից՝ 1996թ. սեպտեմբերից, շա~տ առաջ էին ԱԺՄ-ականները յուրաքանչյուր ամբիոնից ճչում սիրելի լոզունգը՝ Լևո՛ն, հեռացի՛ր: Ու նրանց դամ էին պահում զանազան սիմեր ու աիմ-ք-եր, դաշնակներ ու խռովածներ: Իսկ սահմանադրական վեցյակ այն ժամանակ էլ կար, ու այն ժամանակ էլ պայքարում էին այսպես կոչված պառլամենտական կարգի համար՝ ըստ էության նախագահ դառնալու հույսերը կորցրած: Իսկ 2002-ին Վ. Մ.-ն պնդում է. «Մենք չենք տառապել ատելությամբ իշխանությունների նկատմամբ», ավելին, «Ես ընտրությունների կողմնակիցն են, ինչպես 1996-ին», քիչ հետո ավելացնում է, որ 1996-ի սեպտեմբերի 25-ը «անպարկեշտություն է» 1999-ի հոկտեմբերի 27-ի հետ համեմատելը: Որովհետև... Որովհետև, ըստ ԱԺՄ-ի նախագահի իրենք կարողացան առանց ոչ մի զոհի դա անցնել: Ինչպես տեսնում եք, Վ. Մանուկյանի պարկեշտությունն անեզր է, անսահման:
Վերադառնանք մինչև 1996-ն ընկած ժամանակահատվածը: 1994-ից բուռն քննարկվում էր Սահմանադրության ընդունման խնդիրը: Պարզ է, ընդդիմությունը պետք է ձգտեր իր տարբերակը դարձնել ավելի շահեկան: Սակայն ջանքերը զուր անցան, և նախօրոք, կրկնում եմ՝ նախօրոք Անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունը «հռչակեցին» ոչ լեգիտիմ:
Եվ ըստ «այդպիսի» Սահմանադրության էլ որոշեցին, որ Վ. Մ.-ն պիտի նախագահ դառնա, երևի հետագայում ողջ իշխանությունը «տալու էր» ԱԺ-ին: Խորը կասկած ունենք, քանի որ մեր ձախողված լիդերի ֆյուրերական հակումները թաքցնել հնարավոր չէ: 1991-ին, երբ դեռ վարչապետ էր, ԳԽ-ից պահանջեց ու ստացավ գրեթե անսահմանափակ լիազորություններ: Եվ հենց այդ ժամանակ էլ երկնեց «համաշխարհային ազգի» տխրահռչակ գաղափարը: Իշխանությունից հեռանալուց հետո դարձավ բազում «քցողական» խարդավանքների հեղինակ: Նրա՛ առաջնորդությամբ ու սադրանքով էին ՀՀ իշխանությունները հորջորջվում ապազգային, դավաճան, նա՛ էր թև տալիս նաև Հայաստանում ինքնահաստատվող, պահանջատեր ու ահաբեկչական նկրտումներ ունեցող ՀՅԴ-ականներին, նրա՛ կուսակցական ընկերներն են ցայսօր կատարում «լափած մազութի» արիան, նրա՛նք էին առանց դատ ու դատաստանի պատժելու կոչեր անում «ժողովրդի արյունը ծծողներին»: Եվ, վերջապես, մի՛ մոռացեք, որ Վազգեն Մանուկյանի հիմնական «լեզվական սայթաքումը» ժողովրդով իշխանությունը վերցնելն է, այսինքն՝ ժողովուրդը, նրա զայրույթն ու դժգոհությունը միայն իշխանության հասնելու միջոց էին: Եվ ընտրությունների գնաց արդեն որպես ընդդիմության միակ թեկնածու, և ձայներ հավաքեց ոչ թե հանուն Վազգեն Մանուկյանի «ազգափրկիչ» ծրագրի, այլ ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի: (Բայց 96-ը առանձին թեմա է, 96-ին կանդրադառնանք հաջորդ հոդվածներում: Ուր «անպարկեշտորեն» կփորձենք ապացուցել, որ սեպտեմբերի 25-ը հոկտեմբերի 27-ի սկիզբն է, չնայած, կարծում ենք, սա աքսիոմա է տրամաբանություն ունեցող յուրաքանչյուր անհատի համար): Այնուհետև ինքը հավատաց (?), որ անփոխարինելի է, անկրկնելի, որ միակ նախագահացուն է, և մասսաներն ամեն վայրկյան պատրաստ են իր հետևից գնալու: Բայց եկավ 1998-ը, ու պարզվեց, որ խարդավանքների «գծով» ավելի խոշոր վարպետներ կան: Վազգեն Մանուկյանը հայտնվեց խաղից դուրս վիճակում ու ստիպված եղավ զբաղվել մանր-մունր հարցերով: Սենտիմենտալիզմից ու դեմոկրատական սեթևեթանքից զուրկ ղարաբաղցիները նրան արագորեն ցույց տվին իր տեղը՝ առանց հաշվի առնելու Լևոնի հրաժարականից հետո առաջացած էյֆորիան: Ընդ որում, Վ. Մ.-ն այսօր էլ է խոստովանում, որ 1998-ի պալատական հեղաշրջումը համարել է դեմոկրատիայի հաղթանակ: «Երբ որ Լ. Տեր-Պետրոսյանը դուրս եկավ, ես դա ողջունեցի»,- անզուգական պարկեշտությամբ ասում է նա: Իսկ մենք ասենք՝ իզուր: Քանի որ առանց Տեր-Պետրոսյանի Դուք անելիք չունեք: Ձեր խաղաքարտը վաղուց խփված է: Գիտենք՝ վերակենդանացման փորձեր կանեք նաև այս նախընտրական տարում, սակայն բնավ չեք ցանկանա նեղացնել ո՛չ Ռ. Քոչարյանին, ո՛չ էլ Ս. Սարգսյանին: Ձեր պարկեշտությունը Ձեզ թույլ կտա խոսել միայն «նախկինների» մեղքերից, ու Դուք կլռեք և՛ «Պապլավոկի», և՛ հոկտեմբերի 27-ի, և նույնիսկ Արցախյան թնջուկի մասին: Քանի որ ըստ Ձեզ, սրանք փոքր հարցեր են: Այդ է ապացուցում Ձեր արտահայտած կարծիքը Հայաստանի այսօրվա մասին. «Շատ է չափազանցված այն դժվարությունները, որոնց առաջ մենք կանգնած ենք»: Ու պարզվում է, որ հիմա շատ բարենպաստ ժամանակ է: «Մանր-մունր խնդիրներով մենք կորցնում ենք մեր աստեղնային ժամը»:
Իսկ 94-ը աստեղային չէր դեռ: 94-ին մենք հաղթել էինք պատերազմում, փորձում էինք Սահմանադրություն ունենալ, նոր էին սկսվում Արցախի հարցը կարգավորելու լուրջ բանակցությունները, տնտեսական վիճակը դժվարին էր, բայց աստիճանաբար կարգավորման միտում ուներ, Հայաստանի նախագահը գիտնական էր, սին խոստումներ չէր տալիս, պիոներական զեկույցներով չէր խաբում, իսկ մեր երկրի Ազգային ժողովի շենքում դեռ չէին սպանել ընտրյալներին՝ վարչապետին ու ԱԺ նախագահին...
Լևոն Ասատրյան
«Չորրորդ իշխանություն», No 324, հունվարի 17, 2002 թ.